Նախկին քաղբանտարկյալ եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին ճանաչում եմ համեմատաբար վաղուց, մոտ 7 տարի: Մարդ, որ կարող է իր տեսակետը պաշտպանել մինչեւ բերանին փրփուր հայտնվելը, մարդ, որի գիտակցական կյանքի 8 տարին անցել է խորհրդային կալանավայրում: Եվ շատ զարմացա, երբ մոտ 9 ամիս առաջ Վարդան Հարությունյանը հայտնվեց բարձր պաշտոնում մի համակարգում, որը նրան միշտ հալածել էր՝ Երեւանի ոստիկանապետի տեղակալ: Վստահ էի, որ կարճ ժամանակ անց նա կթողնի պաշտոնը, բայց…
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա նախօրեին (դեկտեմբերի 10-ը) խիստ հետաքրքիր էր զրուցել հատկապես նրա հետ, քանզի նա այսօր ամենաբարձր պաշտոն ստացած նախկին քաղբանտարկյալն է:
– Վարդան, դու բանտում անցկացրել ես քո գիտակից կյանքի մի հսկայական հատվածը որպես քաղբանտարկյալ, եւ հիմա արդեն տեւական ժամանակ աշխատում ես այն նույն պատժիչ մարմինների իրավահաջորդների հետ, ում բաժին էր վիճակվել քեզ հալածել։ Դառնություն, չարություն չկա՞ մեջդ:
– Եթե լրագրողը ես լինեի, երեւի ավելի ուղիղ դնեի հարցը, այսինքն, ինչպե՞ս կարող էի հայտնվել այդ համակարգում։
Կարդացեք նաև
– Լավ ինչպե՞ս քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի մեջ հոգեբանորեն համատեղվեց այս պաշտոնը։
– Վարդան Հարությունյանը քաղբանտարկյալ էր բանտում, իսկ դրսում պետք է լինի լիարժեք քաղաքացի։ Ես դրան ձգտում եմ հայրենիք վերադառնալու պահից, բայց հասարակության կողմից ինձ, որպես այդպիսին, ընդունելու փորձեր չեմ նկատում։
Երեւի դու կհիշես, այն ժամանակ, երբ բոլորը ազատվեցին, սկսվեց նրանց հետ հարցազրույցների ու հրապարակումների շարան, բայց հետո, երբ ամեն ինչ խաղաղվեց, ընտրվեց խորհրդարան եւ այլն, քաղբանտարկյալները նորից դուրս մնացին կյանքի հունից։ Ընդամենը 3 հոգի հայտնվեցին Գերագույն խորհրդում։ 4-րդը ես պետք է լինեի, բայց իմ դեմ պայքարեց ՀՀՇ-ն, եւ ոչ ես հաղթեցի, ոչ իրենք։ ՀՀՇ ասելով, նկատի ունեմ այն հասարակական շերտը, որ նրանք էին ղեկավարում, եւ մեր «հանճարեղ» Պապայան Ռաֆայելը, որը մարդու իրավունքների հանձնաժողով է գլխավորել եւ իմիջիայլոց, շատ վատ։ Ոչ թե, որ վատ մարդ է, շատ լավ մարդ է, բայց նա միշտ հեռու է եղել այդ պրոբլեմներից։
– Ինչքան հասկացա, մնացել ես նույն չհանդուրժող կերպարը եւ ձեւակերպումների մեջ առանձնապես դիվանագիտություն չես սիրում խաղալ։
– Երեւի։ Վերադառնամ հարցիդ։ Բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում նաեւ ես, սպասողական վիճակում էինք։ Սպասում էինք, որ մեզ մի բան կառաջարկեն, ինչպես մյուս հանրապետությունների դեպքում։ Բայց ոչինչ չառաջարկվեց, բացառությամբ այն երկու-երեք հոգուց, որ բախտի բերմամբ հայտնվեցին Գերագույն խորհրդում եւ մնացին ակտիվ քաղաքականության ոլորտում։
– Գրեթե ճիշտ նույն ձեւակերպմամբ վերջերս նախկին քաղբանտարկյալներից մեկն էլ մեղադրեց հասարակությանը, որ իրենց, կամ ձեզ իրենց մեջ չի ընդունում։ Ինչ է ստացվում. քաղբանտարկյալի համար ինքնադրսեւորման լավագույն տարբերակը անիշխանությո՞ւնն է: Կար համակարգ, որը ձեզ դուրս էր մղում եւ հիմա էլ ստեղծվում է համակարգ եւ նորից դուք ձեզ զգում եք մերժվածի դերում։
– Ոչ, էդ կարգի մարդիկ ծայրահեղ վիճակներում չեն սպասում հրավերների, իրենք են հայտնվում առաջին գծում, ինչպես, ասենք, 1989-91 թվականներին։ Ես բավական համառ եմ, որպեսզի առաջ գնամ, բայց ես էլ սպասում եմ հրավերի։ Նույն Ազատ Արշակյանը, ում հարցազրույցը դուք նկատի ունեք, երբեք չի գնա ու զենքը ձեռքին պահանջի այս կամ այն, բայց հենց ստեղծվի կրիտիկական վիճակ՝ առաջինը առաջ կնետվի։ Հետեւից էլ շատերին կտանի։ Այլ հարց, որ հետո ետեւից գնացողները տրորելով կանցնեն նրա վրայով։ Ինչ արած, երեւի ճակատագիր է, երեւի ոմանք ծնված են առաջ գնալու, մյուսները՝ նրանց վրայով անցնելու համար։
Մեր հասարակությունը չկարողացավ դաոնալ ո՛չ սովետական, եւ բոլոր նրանք, որ անընդունելի էին այն ժամանակ, անընդունելի են նաեւ այսօր։ Եթե անդրադառնանք մեր իշխանության մեջ գտնվող անհատներին, նրանցից ոչ ոք մեզնից որեւէ մեկին չի կանչել պարզելու, պիտանի՞ են արդյոք պետություն կառուցելիս։ Օգնության կարգով դիմել են, աշխատելու համար՝ երբեք։ Երեւի միայն Սիրադեղյան Վանոն է, որ այդ արգելքը ինչ-որ չափով իր մեջ հաղթահարել է։ Երեւի պատճառը նրա գրող լինելն է։ Որքան էլ տարօրինակ լինի, մեզանից ոմանք հենց այս համակարգում են իրենց հնարավորությունները կիրառելու ասպարեզ գտել։ Նա միակ մարդն է, որ հիշել է մեզ եւ հրավիրել։ Դու երեւի գիտես եւ հիշում ես իմ անցյալը, երբ կարիք կար զենք ճարելու, սահման պաշտպանելու եւ այլն, բայց, ասենք, երկրապահների համագումարին ինձ չհրավիրեցին։ Այլ հարց, որ ես չէի գնա, այնտեղ մարդիկ կան, որոնց կողքին ես չեմ կարող նստել, բայց կարելի էր հիշել, կարելի էր հրավիրել։ Նույնը, եթե անդրադառնանք 70-ական, 80-ական թվականներին, մեզ չէին հիշում, չգիտեին։ Մենք ընդհանրապես այս հասարակության համար գոյություն չունենք։
– Խորթ զավակնե՞ր։
– Այս ձեւակերպումը մի անգամ տվել եմ եւ չեմ ուզում կրկնել։ Խորթ զավակին գոնե մեկ-մեկ հիշում են, մեկ-մեկ կերակրում։ Մեզ ընդհանրապես չէին հիշում, բացի մեր հարազատներից։ Իմ հոդվածները բանտից հասնում էին Ֆրանսիա եւ տպագրվում, ինձ ճանաչում էին արտասահմանում, բայց չգիտեին Հայաստանում։ Ես պայքարել եմ այս հայրենիքի համար, բայց եթե ինձ գնդակահարեին, ինչպես Մկրտչյան Իշխանին, ոչ ոք չէր էլ իմանա։ Հիմա գնա փողոցում հարցրու, քանի՞ մարդ գիտի՝ ով է Մկրտչյան Իշխանը։
Ապրածս կյանքի համար ափսոսանք չեմ զգում, բացարձակապես, բայց ինչքան մերժված ես մնում, այնքան ավելի խորանում է ավելորդ լինելու զգացումը։
ՆԳ նախարարի առաջարկությունը ես ընդունեցի, որովհետեւ գիտեի, սա առաջին եւ վերջին առաջարկությունն է, ուրիշը չի լինելու։ Սա միակ հնարավորությունն է, հասկանո՞ւմ ես, որ ես մտնեմ եւ ապրեմ այս հասարակության մեջ որպես լիարժեք անդամ։ Հակառակ դեպքում, ես կարող էի հանգիստ ապրել Լիտվայում կամ թեկուզ Աֆրիկայում, կարոտախտի զգացումը ինձ խորթ է, գոնե դու գիտես։ Ես այստեղ եմ, որովհետեւ սա է ինձ տրվել։
– Ի՞նչն է ավելի շատ այդ կեցվածքում. քո մասին հիշեցնելու ցանկությունը, ինքնահաստատման ձգտումը, թե՞, անկախ հասարակության վերաբերմունքից, այս երկրին ծառայելու ձգտումը։
– Ավելի շատ վերջին երկուսը։ Ես մարդ եմ եւ ուզում եմ լինել քաղաքացի, դա իմ գերագույն երազանքն է։ Ինձ բանտում միշտ զարմացրել է դիմելաձեւը. «քաղաքացի պետ»։ Քաղաքացին ավելի բարձր արժեք է ինձ համար, քան ընկերը։ Ես ուզում եմ ինքնահաստատվել որպես իմ երկրի քաղաքացի։ Իսկ երկրին կարող է ծառայել քաղաքացին, անհատը չի կարող ծառայել։ Քաղաքացին Ալեքսանդր Մակեդոնացին էր, իսկ Դիոգենեսը անհատ էր, բայց քաղաքացի չէր։
Ինձ համար թերեւս ամենագլխավորը իմ կենսագրությունն է։ Ես այն կարող եմ բացել ցանկացած մեկի առջեւ եւ դրանում ամաչելու առիթներ չեմ ունենա, եւ չեմ կարծում, որ այսօրվա պաշտոնը կարող է կենսագրությանս հակասել։
– Իսկ ինչպե՞ս են վերաբերվում քեզ այսօրվա ոստիկանները, որոնց զգալի մասը անցյալում էլ ոստիկան էին՝ քաղբանտարկյալին որպես իրենց վերադաս:
– Ես պարզապես աշխատում եմ որեւէ կերպ չընդգծել իմ անցյալը, ոչ մի թշնամություն չունեմ։ Ինձ, ի վերջո, հալածում էին ոչ թե ոստիկանները, այլ համակարգը։ Այս հարցին երեւի ավելի լավ ինձ հետ աշխատողները կպատասխանեին։
Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ