Ինչո՞ւ, այնուամենայնիվ, համալսարանի ղեկավարությունը համարձակվեց Նիկոլ Փաշինյանին զրկել ժուռնալիստիկայի բաժնում «անբավ» գիտելիքներ ստանալու «երկնային պարգեւից»։ Ինչպիսի՜ սրբապղծություն. գրեցի՝ «համարձակվեց»։ Բայց դե փաստ է՝ գրեցի-կարդացիք։ Ըստ տրամաբանության, «Լրագիր» թերթի առաջատար, տաղանդավոր լրագրողի հետ նման հաշվեհարդարը առանց մեծ աղմուկի պիտի որ չանցներ պատմության գիրկը։ Սակայն, քանի որ «ըստ տրամաբանության»-ը մեր օրերում ընդամենը իմաստազուրկ տառակույտ է դարձել, սպասվելիք աղմուկը սպասվելիք էլ մնաց:
Խելացի եւ իմաստուն ԵՊՀ ղեկավարության համար այդ որոշումը կայացնելուց առաջ դժվար չէր հաշվարկել, որ Նիկոլ Փաշինյանը շատ է ջահել ու միամիտ (հիմա ազնիվ մարդկանց «միամիտ» են ասում), որ մտքի ու սրտի թելադրածը գրելիս ինքն էլ հաշվարկեր, որ որեւէ զորեղ ուժի (ընդդիմությունից, թե իշխանական կառույցներից՝ միեւնույն է) անպայման պիտի սիրաշահեր… «սեւ օրվա» համար։
Այնպես որ, հաշվարկը ճշգրիտ էր. պետք չէ ոտքի կանգնել՝ դատարանը չի գալիս։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ