Լրահոս
Օրվա լրահոսը

Նենգափոխության սպասում

Դեկտեմբեր 09,1995 18:12

Ընթացիկ շաբաթվա սկզբին ամերիկա-ռուսաստանյան փորձագիտական խմբի կողմից անցկացված հասարակական հարցմանը մասնակցել է մի քանի հազար ռուսաստանցի։ Ըստ հարցախույզի տվյալների, հարցման մասնակիցների շուրջ 52 տոկոսը այն կարծիքին է, որ առաջիկայում կայանալիք ընտրությունների արդյունքները կնենգափոխվեն։ Այս տվյալն իբրեւ հիմք ընդունելով, բարեփոխական թեւի որոշ կուսակցություններ ու նրանց հարող լրագրեր արդեն իսկ սկսել են լրջորեն «կասկածել» հրապարակվելիք արդյունքների իսկությանը։ Ուստի՝ նրանք կոչ են անում, որ ինչքան հնարավոր է շատ ընտրողներ մասնակցեն ընտրություններին, ինչը, իրենց կարծիքով, միայն կամրապնդի դեմոկրատների եւ ռեֆորմների կողմնակիցների ուժը։ Պատահական չէ, որ զանգվածային հաղորդակցման յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է ընտրողներին դեկտեմբերի 17-ին քվեատուփերի մոտ հրավիրելու համար՝ նախազգուշացման հետեւյալ կարգախոսի ուղեկցությամբ՝ «այլապես ձեր քվեաթերթիկից կարող է օգտվել ուրիշը»:

Շաբաթվա սկզբին «Քարնեգի» կենտրոնի կողմից Մոսկվայում հրատարակված քաղաքական նոր ալմանախում բազմաթիվ ապացույցներ են բերված ընտրությունների արդյունքների նենգափոխման վերաբերյալ՝ ընդ որում, դրանց մի մասը տպագրվել է նաեւ անցյալում։ Զեկուցագրի հեղինակները, իսկ նրանց մեջ են ռուսաստանյան մի քանի առաջնակարգ սոցիոլոգներ եւ մեկ ամերիկացի պրոֆեսոր, ինչ-որ տեղ կրկնել են Ստալինի այն հայտարարությունը, թե՝ կարեւոր չէ, թե ով է ընտրում, կարեւորն այն է՝ թե ով է հաշվում ձայները։ Զեկուցագիրների կարծիքով, ոչ մի ընտրություն ապահովագրված չէ արդյունքների նենգափոխությունից։ Սակայն Ռուսաստանը տարբերվում է քվեների կեղծման մասշտաբներով եւ դրա նկատմամբ իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքով։ Զեկուցագրում նշված է, որ ընտրությունների արդյունքների նենգափոխման չգերազանցված

ռեկորդ է սահմանվել 1993 թվականի դեկտեմբերի 12-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։ Ամենազգուշավոր հաշվարկումներով անգամ, բոլոր քվեաթերթիկների շուրջ 20 տոկոսը կեղծվել է։ Մեծ քաղաքներում կեղծիքն այդքան էլ մեծ չի եղել, սակայն գյուղական վայրերում նենգափոխումը տեղ-տեղ գերազանցել է նույնիսկ 50 տոկոսի սահմանագիծը։

Իհարկե, եղել են դեպքեր, երբ բառի ուղիղ իմաստով տեղի ունեցածը պարզ նենգափոխություն չի կարելի համարել։ Երբեմն ընտրողներին պարզապես ստիպել են քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։ Իսկ դա, ինչպես նշում են զեկուցագիր կազմողները, ընտրական գործընթացի ամենակոպիտ խախտումներից է։

Այդպիսի ընտրությունները տարբերակելը այնքան էլ դժվար չէ։ Առաջին հերթին նկատի է առնվում ընտրություններին մասնակցած ընտրողների բարձր թիվը եւ «փչացված» քվեաթերթիկների նվազ քանակը։ Սակայն Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում, ասենք, Յակուտիայում, Չիտայում, Չուվաշիայում անվավեր քվեաթերթիկների քանակը բավականին մեծ է եղել։ Զեկուցագրի հեղինակներն այն կարծիքին են, որ քվեաթերթիկները դիտավորյալ «փչացվել» են պետական անձանց կողմից։

Սակայն զեկուցագիրը կազմողները ընտրական օրենքի նաեւ դրական կողմերն են գնահատում: Ասենք, ընտրական յուրաքանչյուր տեղամաս պարտավոր է հրապարակել ընտրությունների սեփական արդյունքները։ Սակայն, 1993 թվականից ի վեր ընտրական օկրուգների սահմանները փոփոխվել են։ Համաձայն ընտրական ծրագրի, յուրաքանչյուր ընտրական օկրուգում պետք է խառը՝ եւ քաղաքային, եւ գյուղական բնակչություն ընդգրկված լինի։ Զեկուցագրի հեղինակները դա քվեների նենգափոխման ռուսաստանյան տարբերակ են համարում, սակայն, թե այն ինչպես կազդի արդյունքների վրա, առայժմ դժվարանում են ասել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ավելի ակտիվ կգտնվի՝ քաղաքի, թե գյուղի բնակչությունը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031