Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասություն դպրոց-բուհ ճանապարհին

Դեկտեմբեր 09,1995 17:06

Երեւանի Պետական համալսարանում ուսումնասիրվող արեւելյան լեզուների ցանկում պարսկերենը «հնաբնակներից» է: Դիմորդները ռոմանագերմանական որեւէ լեզվից քննություն են հանձնում եւ ընդունվելով բուհ, հինգ տարում դառնում պարսկերենի մասնագետ։ Տասնամյակներով ձգված այս անհամապատասխանությունը որոշ չափով շտկվեց միայն մի քանի տարի առաջ, երբ որոշվեց մայրաքաղաքի թիվ 59 եւ Աշտարակի շրջանի Կարբիի դպրոցներում որպես օտար լեզու՝ պարսկերեն ուսուցանել։

Նախասիրական մի խումբ էլ այժմ գործում է Երեւանի թիվ 78 դպրոցում։ Այս տեղեկությունները ճշտեցի Կրթության եւ գիտության փոխնախարար Ռոբերտ Փոլադյանի միջոցով։ Իսկ որն է հակասությունը։ Եթե պետությանն անհրաժեշտ են որեւէ լեզվի մասնագետներ, նրանց պատրաստումը պետք է սկսվի դպրոցից: Այդ ժամանակ շրջանավարտը ընդունելության քննություն կհանձնի մեկ եւ ոչ թե տարամետ առարկաներից։ Դա կբացառի նախաբուհական եւ բուհական գիտելիքների հակադրությունը, կնպաստի նախընտրական լեզվի խորիմացությանը։ Ասել, թե վերեւում հիշատակված բարեփոխումներն արդեն պտուղներ են տվել, սխալ կլինի։ Որովհետեւ դիմորդներն առաջվա նման նախընտրում են քննություն հանձնել եվրոպական որեւէ լեզվից։ Այս երեւույթը մեկ անգամ էլ ապացուցում է, որ Հայաստանի դպրոցներում արմատացած եվրոպասիրության մտակաղապարը դեռեւս շատ կարծր է, թեեւ սաստկացող կրքոտությամբ ճամարտակում ենք մեր արեւելյան արմատների ու ընձյուղների մասին։ Բայց սա տարերային մտածողության եզակի դրսեւորում չէ. ռոմանագերմանական լեզուների մեջ կա մեկը, որը հանիրավի անտեսվել է եւ տեղ չի գտել ոչ միայն դպրոցական, այլեւ՝ բուհական ծրագրերում։ Նկատի ունեմ իսպաներենը: Միայն վերջին տարիներին էր, որ Պետհամալսարանի համապատասխան ֆակուլտետում իսպաներենի բաժին բացվեց, իսկ որպես հանրակրթական առարկա՝ այն դասավանդվում է Երեւանի Կամոյի անվան դպրոցում (ոչ հավաստի տվյալներով՝ նաեւ երեւանյան մի վարժարանում):

Համալսարանի իսպաներենի բաժին ընդունվողները եւս քննություն են հանձնում այլ լեզվից՝ անգլերենից, ֆրանսերենից կամ գերմաներենից։ Կրթության եւ գիտություն մեկ այլ փոխնախարար՝ Արամ Շահինյանը, մեր հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ռոմանագերմանական ֆակուլտետում երկու տարի ընդունող հանձնաժողով է կազմվում, սակայն դիմորդներից ոչ ոք այդ լեզվից քննություն հանձնել չի ցանկանում: Հանձնաժողովը դատապարտվում է լուծարման։ Կրկնվում է նույն սխալը՝ իսպաներենի ապագա մասնագետը բուհ է գալիս այլ լեզվի պաշարով՝ դրանով կորցրած լինելով դպրոցական 5-6 տարում նախասիրած լեզուն սովորելու հնարավորությունը։ Շտկումը հանգում է ավելի շատ դպրոցներում իսպաներենի ուսուցում սկսելուն։ Փաստորեն, շարունակում ենք զանց առնել այն ճշմարտությունը, որ իսպաներենն աշխարհի բնակչության մի խոշոր հատվածի լեզուն է, բացի դրանից՝ իսպանախոս է ողջ Հարավային Ամերիկան, ուր հայկական ստվար սփյուռք կա: Պետհամալսարանի ավագ դասախոս Մերի Սուքիասյանի վկայությամբ, հանրապետությունում ոչ միայն իսպաներենի մասնագետներն են քիչ, այլեւ բացակայում է ուսումնական որեւէ ընդունելի ձեռնարկ։ Մինչդեռ հենց հիշյալ ֆակուլտետում դասախոսական միջուկ կա, որը համապատասխան պայմանների դեպքում կնախաձեռնի հայերենով ձեռնարկի ստեղծումը:

Ինչպիսին էլ լինեն խոչընդոտները, դպրոց-բուհ անցումը պետք է համապատասխանի տրամաբանության կանոններին՝ ուզում ես պարսկերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն (այո), հունարեն սովորել, այդ լեզուների իմացությամբ էլ բախիր բուհի դուռը:

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031