Լրահոս
Օրվա լրահոսը

Արքաներն ամեն ինչ կարո՞ղ են

Դեկտեմբեր 09,1995 13:45

Խեղճ, երկարասրունք Դիանա արքայադուստրին՝ ժառանգական արքայազն Չարլզի տիկնոջը այնքան են ճնշել, որ նա ստիպված եղավ հրապարակավ, հեռուստատեսությամբ խոստովանել իր ամուսնական անհավատարմությունը։ Մեկ տարի առաջ նույն անկեղծությամբ իր արկածների մասին պատմեց եւ ինքը՝ արքայազն Չարլզը, որը հրապարակեց Քամիլլա Փարքեր-Բոլզի հետ իր երկարատեւ սիրային կապի փաստը, որը սկսվել էր դեռեւս ամուսնությունից

առաջ։ Բրիտանական բոլոր իրենց հարգող թերթերը, առաջին էջերում ամեն օր, ամենայն մանրամասնությամբ պատմում են անհաջողակ ամուսնական զույգի ամեն մի քայլի մասին։ Հավանաբար, մամուլի կողմից քարկոծված, բամբասանքներից եւ ասեկոսներից հոգնած Չարլզը եւ Դիանան, որոշեցին ինքնակամ տրվել հասարակական կարծիքի դատին, հնարավորություն տալով հետաքրքրասեր բրիտանացիներին լսել այն, ինչ նրանք վաղուց փափագում էին իմանալ։

Տարօրինակ է, որ պահպանողական անգլիացիները, որոնց դավանանքն է «Իմ տունը իմ ամրոցն է», հաճույքով հաշտվում են անձնական կյանքի կոպիտ միջամտությունների հետ, երբ խոսքը գնում է իշխանավորների մասին։ Ճիշտ է, երբ մի քանի տարի առաջ գեղեցիկ սեռին պատկանող մի նախարարի մոտ հայտնաբերեցին արտաամուսնությունից ծնված երեխա, որը լույս աշխարհ էր եկել այն ժամանակ, երբ սույն տիկինը քաղաքականությամբ չէր զբաղվում, որոշ մարդիկ ձայն բարձրացրեցին չափից դուրս զարգացած ժողովրդավարության ստվերոտ կողմերի դեմ։ Եվ նույնիսկ պահանջեցին օրենսդրական մակարդակով պաշտպանել քաղաքական գործիչներին խարդավանքներ սիրող մամուլից, որը ակնհայտորեն խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:

Փառք Աստծո, մենք դրան դեռ չենք հասել, քաղաքական գործիչներին թեեւ անողոքաբար հայհոյում են, կեղտոտ սպիտակեղենի մեջ, այնուամենայնիվ, չեն մտնում։ Ճիշտ է, մենք անչափ հեռու ենք նաեւ զարգացած ժողովրդավարությունից, եւ, հաշվի առնելով այդ հանգամանքը, նման մերկացումների դեպքում մեր իշխանավորներին սպառնում է վատագույնս՝ արքայական ընտանիքի ճակատագիրը։ Չէ՞ որ ոչ Չարլզին, ոչ էլ Դիանային աշխատանքից չեն ազատել։ Ուրեմն, թող խոսեն, որքան ուզում են։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031