Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական պետական հոգածություն

Դեկտեմբեր 09,1995 11:35

Այսօր Հայաստանում մշակութային ճգնաժամի շուրջ բազում սրեր են խաչաձեւվում։ Շուկայական հարաբերությունների թելադրանքով մեր կյանքի

թե՛ նյութական, թե՛ հոգեւոր ոլորտները պարտադրված են անցնելու ինքնածախսածածկման։ Այս հարվածը, այսինքն՝ պետական ֆինանսական հոգածության կորուստը, ամենից ցավագին են տանում արվեստագետները։ Կյանք է մտել նոր սկզբունք՝ պատվիրատու-պատվիրակատար, առաջարկ-պահանջարկ։

Սակայն գրական շուկայում հաճախ հայտնվում են միջին, միջինից էլ ցածր որակի արձակի ժողովածուներ, բանաստեղծական գրքույկներ (վերջիններս առավել հաճախակի, հոգով բանաստեղծ ազգ ենք): Արդարացումը մեկն է՝ տպագրված է հեղինակի անձնական միջոցներով։

Գնորդների հարցը, իհարկե, այլ ոլորտից է, ինչպես եւ օգտագործված թղթի եւ տպագրական ծախսերի նպատակահարմարությունը։ Այնուհանդերձ, շտապենք ուրախացնել գրասեր հայորդիներին. պետությունն իր ուսերից դեռեւս լիովին չի թոթափել գրահրատարակչական հոգսը։ 1996 թվականին բյուջեն, ճիշտ է՝ առայժմ չընդունված եւ բարեփոխվող, նախատեսում է պետպատվերով տպագրել 28 անուն գիրք՝ 85 մլն դրամ գումարով։

Այդ գրականության ցուցակը բացվում է Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված ազդեցիկ հրատարակություններով։ Ըստ այդմ՝ 1996 թվականին մեր գրասեղանները կզարդարեն՝5-7-րդ դարերի հայկական վարքերն ու վկայաբանությունները, Նարեկացու «Մատյան ողբերգությունը», 5-17-րդ դարերի միջնադարյան հայ տաղերգությունը, Ս. Գեւորգյանի «Հայկական մանրանկարչությունը» (կենդանազարդեր), Հեթում թագավորի ճաշոցը, Հայ պատմության դրամագիտական ալբոմը եւ երկհատորյա Ոսկեփորիկ հանրագիտարանը։ Պետական հոգածությանն է արժանանում նաեւ մանկական գրականությունը՝ 21 անուն ընտրանիով, մեծահասակներն իրենց գրական ճաշակը կբարձրացնեն սեփական ուժերով։

Ռուսերենով հրատարակվելու է երկու ժողովածու՝ Հայկական ժողովրդական հեքիաթները եւ Հովհ. Թումանյանի հեքիաթները։ Հայալեզու գրականության ցանկում հանրահայտ անուններին՝ Պարույր Սեւակ, Վահան Տերյան, ինչպես եւ թարգմանական հրատարակություններին զուգահեռ՝ տեղ են գտել նաեւ ժամանակակից հայ մանկագիրները։

Նրանց ընտրության սկզբունքները հայտնի չեն, հայտնին միայն արդյունքն է։ Այսպիսով, մեր մանուկներին սպասում են հետեւյալ հանդիպումները՝ Է. Միլիտոնյան «Բանաստեղծություններ», Ա.Մամաջանյան «Զարմանալի նկարներ», Փխրիկ-Սարկիսյան «Չարտուրանգ», Ս.Վարդիկյան «Հայաստանի թիթեռները», Ն.Բաղդասարյան «Կորիզի ճամփորդությունը», Ռ.Պետրոսյան «Իմ առասպելը»…

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031