Լրահոս
Օրվա լրահոսը

Պարն ինձ համար անկրկնելի պատկեր է կտավի վրա…

Դեկտեմբեր 08,1995 16:19

Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց Հայաստանի պարարվեստի միության նորընտիր նախագահ Կարեն Գեւորգյանին եւ հարցազրույց ունեցավ նրա հետ։

– ֊Որպես միության նորընտիր նախագահ՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։

– Կուզենայի թվարկել առաջնայիններից մի քանիսը, աջակցել հայկական ժողովրդական եւ ազգագրական պարարվեստի հետագա զարգացման եւ պրոպագանդման գործին, միավորել պարարվեստի գործիչների ուժերը, նպաստել ժողովրդական եւ ազգագրական պարերի լավագույն նմուշների պահպանմանը, մոռացության մատնված հայկական պարերի հայտնաբերմանը, մշակմանն ու մատուցմանը, ինչպես նաեւ Սփյուռքում, հայկական պարարվեստը պահպանելու, զարգացնելու եւ պրոպագանդելու նպատակով, հիմնել միության մասնաճյուղեր։

– Ի՞նչն էր պակասում հայկական ժողովրդական պարարվեստին։

– Պակասում էր պարարվեստի միությունը։

– Հայկական պարարվեստ ասելով ի՞նչ եք հասկանում։

– Հայկական պարարվեստն ինձ համար ազգիս քաղաքակրթությունն է եւ պատմությունը։ Ինչպես կասեր մեծն Կոմիտասը՝ «Պարն է որոշում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»։

– Ժողովրդական մեր պարարվեստն ունի՞ իր դարբնոցը:

– Պետք է ասեմ, որ պետական պարային խմբերի սաների 90 տոկոսը ծնվում են ինքնագործ խմբերում։ Ուստի եւ ժողովրդական պարարվեստի հիմնական դարբնոցը ես համարում եմ ինքնագործ պարային խմբակները։ Ինչու չէ, նաեւ պարարվեստի ուսումնարանը։

– Իսկ որտե՞ղ են ձեւավորվում հայկական պարարվեստի մասնագետները։

– Հիմնականում Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում, որը ղեկավարում է ժողովրդական դերասան, դոցենտ Ֆրունզե Ելանյանը։

– Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը պարարվեստում։

– Իմ միակ ուսուցիչը եւ խորհրդատուն, որին ես պարտական եմ այսօր էլ, իմ հայրն է՝ ՀՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Բորիս Գեւորգյանը։

– Ինչպիսի՞ ստեղծագործական հեռանկարներ, ունեք:

– Կներեք, գաղտնիք է։

– Ինչպե՞ս եք տեսնում Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ ստեղծված պարային կամուրջը:

– Պետք է խոստովանեմ, որ այսօր այդ կամուրջը փաստորեն գոյություն չունի։ Մեր միության խնդիրներից մեկն էլ հենց այդ է լինելու՝ ստեղծել փոխադարձ աջակցություն եւ օգնություն։ Հեռանկարում ցանկանում ենք ստեղծել նաեւ քույր եւ եղբայր խմբեր սփյուռքահայ գաղթօջախներում։

– Իսկ ինչպիսի՞ ն է հայկական պարարվեստը Սփյուռքում։

– Երեկ զրուցում էի սփյուռքահայ իմ բարեկամներից մեկի հետ։ Զրուցում էինք պարարվեստի պրոբլեմներից եւ խնդիրներից։ Նա իրավացիորեն նկատեց, որ հայրենիքից խմբեր են գալիս սփյուռքահայ տարբեր գաղթօջախներ, որոնք ոչ միայն պարային պատշաճ մակարդակ չունեն, այլեւ պարզապես խայտառակում են հայկական հինավուրց պարարվեստի անունն ու պատիվը։ Այդպիսի խմբերին պետք է պետական հսկողություն՝ մեր միության հետ։ Հենց այդպիսիներն են արժեզրկում պրոֆեսիոնալ պարախմբերի հեղինակությունը Սփյուռքում։ Իսկ դա ինչպես ինձ, այնպես էլ մեր բանիմաց եւ անվանի մասնագետների համար իրոք, ցավ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031