Լրագրողը, թերթի լրագրող-աշխատակիցը, ինչ խոսք, նաեւ լրագրող-խմբագիրը, պարտավոր են լինել… դատավոր։ Արդարության դատավոր ու զինվոր։ Տեսնող, զննող ու վճիռ կայացնող։
Շատ շնորհակալ եմ, որ թերթիդ (թիվ 199) մեջ պաշտպանել էիր 20-ամյա «լրագրային» լրագրող, ճանաչված Նիկոլ Փաշինյանին։ (Մայր բուհ-համալսարանի վերջին կուրսից հեռացվել է գերազանցիկ ուսանողը): Մինչեւ մեր Նիկոլը, պատմությանն է հայտնի, որ ուրիշ նիկոլների էլ են թախտից գցել, բայց որովհետեւ էդ ուրիշ Նիկոլները հայ չեն եղել, բնականաբար, նրանց ոչ մեկը չէր կարող պաշտպանել։ Մեր Նիկոլին մենք ենք մեր թախտից,
ասել է, համալսարանի թախտից գցել, եւ փառք, գոնե քանի տաք է, պարտավոր ենք մենք պաշտպանել։ Առաջիններից մեկը դուք էիք։ Ամեն մարդ այսօր պաշտպանության խիստ կարիք ունի: Մանավանդ՝ լրագրողը։ Մանավանդ ուսանող-լրագրողը: Ջահելների մեջ ես երկու լրագրող եմ ճանաչում. Անուշ Թրվանց եւ Նիկոլ Փաշինյան։ Նրանք մեր աչքերը սովորեցրել են իրենց մարտական եւ քնարական ստորագրություններին։ Նիկոլի ոչ թե տարիքի, այլ հոր ու պապի տարիքի լրագրողներ կան, որոնց ստորագրություններն այդպես էլ չեն հասել ու… արդեն չեն հասնելու ընթերցողին։ Իսկ 20-ամյա ուսանող-լրագրող կամ լրագրող-ուսանող Նիկոլ Փաշինյանը զարմանալի տեսանող ու վերլուծական միտք ունեցող լրագրող է։ Նա վերջին կուրսի ուսանող է, իսկ Անուշն այս տարի է ընդունվել։ Տաղանդներին, թեկուզ ծուռ, թեկուզ… ճշմարտությունն իշխանությունների երեսին ասող, պետք է տեր կանգնեն ոչ թե միայն խմբագրությունները, այլ հենց նույն դավադիր կամ ընդդիմադիր իշխանությունները։
Քո տաղանդն է, տեր կանգնիր։
Շնորհակալություն հայտնելով Ձեզ, պարոն խմբագիր, տուժածին սթափ ու հուսատու խոսք ասելու համար, թույլ տվեք ասել, որ Ձեր հոդվածում թույլ եք տվել ընդամենը երկու սխալ։ Մեկն այն է, որ չեք ասել, թե Հեգելը որ համալսարանում է սովորել, որքան էլ զարմանալի է, նա Հայաստանի մայր բուհում չի սովորել, բայց նրան բնութագրող խոսքը՝ «չափազանց միջակ», շատ է հայկական։
Հարգարժան խմբագիր,
Հաճախ ենք զարմանում, երբ տեսնում ենք, որ մեր թերթերում մոռանում եւ իրար չեն վիրավորում։ Նաեւ՝ առիթը բաց չեն թողնում կրկնավիրավորանք հասցնել։ Արժե՞ր, արդյոք, Նիկոլի առթիվ վիրավորել Սիլվա Կապուտիկյանին։ Անպայման՝ հանիրավի։ Մենք այսպես էլ չենք ուզում տեսնել Սիլվայի խորքը։ Նա հայրենասիրական ամուր շերտ ունի։ Ձեզ ու «Առավոտի» ընթերցողին չփորձեմ ասել, թե ով է Սիլվա Կապուտիկյանը մեր գրականության, մեր ժողովրդի համար, բայց նա երբեք Ձեր ասած «սիլվա-կապուտիկյանական հայրենասիրական-քնարական զեղումների վատագույն ավանդույթների» հետ ոչ մի կապ չունի եւ չենք էլ կարող կապել ու դրանով… երես տալ ուսանողներին, որոնք փորձում են իրենց առաջին քայլերն անել լրագրության ասպարեզում։
Մի խոսքով՝ ձմեռ է գալիս, ժողովուրդը ո՞նց է ապրելու։ (Վարչապետը ձեռքերն ինչու է ծալել): Մի ասեք՝ սա ի՞նչ կապ ունի Նիկոլի հետ։ Իսկ Սիլվան կա՞պ ունի, որ թախտից ընկած Նիկոլին բարձրացնելու պահին փորձում եք քար նետել ու իր թախտից գցել Սիլվա Կապուտիկյանին։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
անհարմար բան ա ստացվել…