Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդենք հինը, սարքենք նորը»

Դեկտեմբեր 08,1995 13:04

Քանդենք հինը, քանդենք նորը

Պատգամավորակարոտախեղդ հայ ժողովրդին վերջերս բախտ է վիճակվել երբեմն-երբեմն հանդիպելու իր սիրելի «միաձայն» ընտրյալներին: Անշուշտ, եթե խավարը չիշխի  հայոց օջախներում, որովհետեւ աստվածահաճո այդ հանդիպումները կայանում են «հեռուստաընտրյալ-հեռուստադիտող» կարգավիճակով:

Դեկտեմբերի 6-ը այդ երջանկահիշատակ օրերից մեկն էր: Եվ երբ ամբիոն բարձրացավ ՆԳ նախարարը, հեռուստադիտող հայ ժողովուրդը մի պահ մոռացավ, որ մեր երկիրը բազմաթիվ մեծ հաջողությունների հետ մեկտեղ, ձեռք է բերել նաեւ «միաձայն» Ազգային ժողով: Եվ քանի որ մոռացավ, համակ ուշադրություն  դառնալով  սպասեց, որ ուր որ է հարցերի  տարափ կտեղա «ամբիոնացավով» չտառապող Վանո Սիրադեղյանին: Եվ չնայած  հայ ժողովուրդը  երբեք չի սխալվում, այս անգամ սխալվեց. «միաձայն»-ի  ծրագրերի մեջ չէր մտնում բազմաթիվ հարցրեի պարզաբանումը հասցնել հանրությանը:

Ընդամենը երկու հարց ուղղվեց ՆԳ նախարարին, որոնցից մեկն էր միայն վերաբերում ՆԳ նախարարության ապագա կարգավիճակին:

Բայց մեր ժողովրդին էլ, դե գիտեք… Մի պատասխանն էլ բավական էր, որ հաջորդ օրը  փողոցներում, տներում, քաղաքային տրանսպորտում իրենց տպավորություններն արտահայտեին.

– Տեսա՞ք էն… էն… (խոսքը «միաձայն» ընտրյալներից մեկի մասին էր.- Լ. Ճ.) ոնց էր կապտել: Իբր քիչ էր կապույտ:

– Հարցեր չտվեցին, որովհետեւ գիտեին, որ շատ բան գիտի, շատ բան կասի:

– Դե, «միաձայնը» վերեւում, մենք՝ ներքեւում, մեր կարծիքը հաշվի առնողն ո՞վ է:

– Բա ո՛նց… Մեր այս հզոր, մեծ, անծայրածիր երկրում ամոթ չի՞, որ մի ՆԳ նախարար լինի: Ամեն փողոց ու մայլա, որ մի ՆԳ նախարարիկ ունենա, էս մի փողոցի նախարարիկը իր զորքով կգնա մյուս փողոցի նախարարիկի ականջը կքաշի, էսպես ուրախ-զվարթ կապրենք:

– Եղած-չեղած մի նախարարություն է աշխատում, այն էլ են ուզում քանդել:

Չշարունակեմ, որովհետեւ  ժողովուրդը, պարզվում է, մեր Ազգային ժողովի պես «միաձայն» է մտածում. գրեթե բոլորը կրկնում էին վերջին նախադասությունը:

Հարկ չկա իրար խառնվելու: Ճիշտ է, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է (օրինակ՝ «միաձայն» ընտրյալների եւ Սահմանադրության հարցում), սակայն  ներքին գործերի նախարարության դեպքում, այնուամենայնիվ, կարող է սխալվել: Ի վերջո, ներքին գործերը ներքին գործեր են, հո արտաքին գործեր չեն, որ հասկանա:

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031