Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը դառնում է համադաշնությո՞ւն

Դեկտեմբեր 08,1995 11:54

Եվ այսպես, իշխանության միջանցքներում վերջերս հասունացած կոնֆլիկտը Վարչատարածքային կառավարման օրենքի վերաբերյալ ստանում է, ըստ երեւույթին, միանգամայն ձեւավորված եւ անկեղծորեն արտահայտված տեսք։ Համենայնդեպս, ոստիկանական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությունը, որով նա մերժեց կառավարության ծրագիրը եւ հրաժարվեց դրան մասնակից դառնալ, վերջնականապես բացահայտեց կողմերի դիրքորոշումները։ Եթե դրան ավելացնենք նաեւ նախարարի զգուշացումը, թե այդ ծրագրի ընդունումը կարող է սկիզբ դնել պետության քայքայման, ապա պարզ կդառնա, որ նշված հակասությունն այսուհետ դժվար կլինի թաքցնել։ Մարտահրավերը, կարծես թե, ընդունվեց. նույն օրը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ տարածքային կառավարման գծով նախարար Ռուբեն Բարսեղյանը, որը, հիրավի, տիտանական ջանքեր գործադրեց երկու բան հեռուստադիտողի գիտակցությանը հասցնելու համար։ Նախ, որ նա ոչ մի գերիրավասություններ չի ունենա ծրագրի ընդունման դեպքում, երկրորդ, որ ընդհանրապես կառավարության պարտականությունն է հասարակական կարգի պաշտպանությունը։ Վերջին միտքն ապացուցելու համար նա դիմեց հին սովետական օրենսդրության առատ մեջբերումներին։

Պրն Բարսեղյանը հիշատակեց նաեւ, որ նրա հաշվարկներով       մարզային «ներքին գործերի նախարարությունները» իրենց տրամադրության տակ կունենան «ընդամենը» 3-4 հազար զինված ոստիկաններ՝ ողջ համակարգի 15

հազարից։ Ես արդեն առիթ եմ ունեցել գրելու, թե որքան անհեթեթ է կոչել

մարզպաններին ենթարկվող ոստիկանախմբերը «մունիցիպալ»։ Այդ հասկացությունը ամբողջ աշխարհում կիրառվում է համայնքների (գյուղական կամ քաղաքային) ընտրված մարմինների կողմից ֆինանսավորվող հասարակական կարգի պաշտպանության օրգանները բնութագրելիս եւ ոչ թե կառավարության կողմից նշանակված ոստիկանախմբերի հանդեպ։ Սակայն, հենց այդ, այսպես կոչված, «մունիցիպալ» ոստիկանության վրա է հույսը դնում կառավարությունը։ Նրա կարծիքով, Երեւանում գտնվող նախարարությունը կատարելու է, արեւմտյան օրինակով, ֆեդերալ ոստիկանության դեր։ Սակայն դա տեղի է ունենում դաշնակցային կամ համադաշնային (ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ) սկզբունքով ձեւավորվող պետություններում, որտեղ այս կամ այն նահանգի ղեկավարը (ասենք, նահանգապետը) ընտրվում է համադաշնության սուբյեկտի բնակչության կողմից, իսկ ամեն մի նահանգ ունի իր սեփական օրենսդրությունը։ Հայաստանը, որքան մեզ հայտնի է, ունիտար պետություն է։ Համենայնդեպս, դա է նախատեսում մեր Սահմանադրությունը։

Մի խոսքով, մարզպետներին, որպես տարածքային իշխանների, կառավարությունը ցանկանում է հնարավորություն տալ ձեւավորել սեփական կաբինետները եւ ունենալ սեփական ուժային կառույցները՝ ամենալայն իրավասություններով։ Պետք է ենթադրել, որ դա արվում է ոչ թե մարզպետների նկատմամբ մեծ սիրուց։ Դրդապատճառներն ավելի շահադիտական են՝ հաշվեհարդար տեսնել այն գերատեսչությունների հետ, որոնք իրավական տեսակետից մտնում են կառավարության կառուցվածքի մեջ, սակայն իրականում վաղուց արդեն ձեռք են բերել որոշակի ինքնավարություն։ Պարզ է, որ առաջին հերթին դա վերաբերում է ուժային նախարարություններին։

Որքան   էլ    տարօրինակ լինի,   կառավարության տարբերակը դեռեւս ունի

բազմաթիվ հակառակորդներ՝ նույնիսկ ավանդական դաշնակիցների ճամբարից։ Ուզում եմ հուսալ, որ տվյալ դեպքում որոշիչ դեր է խաղում իրավիճակի սթափ գնահատականը, որի դեպքում սուբյեկտիվ շերտավորումները եւ անձնական ամբիցիաները երկրորդ պլան են նահանջում։ Այդ մարդիկ, բարեբախտաբար, տեսնում են, որ կառավարական ծրագիրը վտանգ է պարունակում մեր երկրի կայունության          համար։ Պետք է ենթադրել, որ խորհրդարանական արձակուրդները հնարավորություն կտան կողմերին առավելագույն չափով մոտեցնել դիրքորոշումները։ Եթե դա տեղի ունենա, ապա Ազգային ժողովը ստիպված չի լինելու ընտրություն կատարել մի քանի տարբերակից։ Եթե ոչ, ապա հանրապետության նախագահը, հաշվի առնելով, որ հակասությունները ծագել են իր անմիջական շրջապատում, ստիպված կլինի որոշում ընդունել բավականին բարդ իրավիճակում:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031