Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայերը Հայաստանում» քանդակը

Դեկտեմբեր 07,1995 20:39

19-ամյա Սամվելը եւ 73-ամյա Գերհարդ Մայերն այսօր արդեն բարեկամներ են։ Իսկ նրանց բարեկամությունը ծնվեց պատահական, անսպասելի։ Երբ

կործանարար երկրաշարժի լուրը հասավ Արեւմտյան Գերմանիա՝ անմիջապես Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ԳՖՀ-ի կառավարությունը, երկրի խոշորագույն կոնցեռնները, բազմաթիվ քաղաքացիներ։ Անմասն չմնաց նաեւ արեւմտագերմանական Շվեբիշ Գմունդ քաղաքի հասարակությունը։ Անմիջապես ստեղծվեց աղետներից տուժածների օգնության քաղաքային խորհուրդ, որը գերմանա-խորհրդային բարեկամության ընկերության աջակցությամբ տեղի մանկավարժական

բարձրագույն դպրոցին պատկանող երկու համակարգիչ նվիրեց ԵրՊԻ-ի Գյումրիի մասնաճյուղին։ Եվ ահա այդ նվիրատվությունը հասցեատիրոջը

հանձնելու համար Հայաստան ուղեւորվեց խորհրդի անդամ Գերհարդ Մայերը։

– Երբ հայրիկս ծանոթացրեց ինձ Մայերի հետ՝ առաջինը ինձ գրավեց նրա բարի ժպիտը,- ասաց Սամվելը,- նա արդեն հասցրել էր լինել Գյումրիում, քայլել ավերված փողոցներով, մոտիկից ծանոթանալ քաղաքի վերականգնման աշխատանքներին։

– Մայերը շրջագայել էր նաեւ ԵրՊԻ-ի Գյումրիի մասնաճյուղի երեկոյան ուսուցման վրանային թաղամասում,- ավելացնում է Սամվելի հայրը՝ Մանվել Մարգարյանը,- հանդիպում էր ունեցել Կուրղինյանի անվան դպրոցի աշակերտների հետ, որոնք նույնպես անօթեւան էին մնացել եւ պարապմունքներն անցկացնում էին վրաններում։

Եվ հենց Գյումրիում էլ որոշել էր բարեկամություն հաստատել որեւէ հայ ընտանիքի հետ։ Եվ ահա Մարգարյանների ընտանիքը նրան հյուրընկալեց իրենց հարկի տակ։

– Երբ մտավ Սամվելի սենյակը՝ Մայերն առաջինը նկատեց «Ծարա՞վ ես, զինվոր» քանդակը,- շարունակում է հայրը,- մոտեցավ, ուշադիր զննեց, եւ ապա տխրությամբ դիմեց Սամվելին. «Փոքրիկ, իսկ կարո՞ղ ես քանդակել երկրաշարժ»։ Սամվելը սկզբում հանկարծակիի եկած՝ շփոթվել է, հետո, որոշ ժամանակ լռելուց հետո, պատասխանել է. «Չգիտեմ, կփորձեմ»։ Մայերի հավանությանն են արժանացել նաեւ Սամվելի «Կոմիտաս», «Առաջին գիրքը», «Ծաղրածուն», «Իմ շնիկը» քանդակները։

Սամվել Մարգարյանը 6 տարեկան էր ընդամենը, երբ հաճախեց Ղ. Ղուկասյանի անվան քաղաքային պիոներպալատի քանդակագործության խմբակ։ Ղեկավարը՝ Հրաչյա Խաչատրյանը, անմիջապես նկատեց փոքրիկի ունակությունները։ Առաջին քանդակին հաջորդեց երկրորդը, երրորդը, տասներորդը, եւ այսօր արդեն Սամվելի աշխատասենյակում բազմաթիվ քանդակներ կան։ Իսկ թեմատիկան բազմազան է. հայրենի բնություն ու Հայաստան, մանկության բակ ու պատմական հուշարձան։

– Սիրում եմ Երվանդ Քոչարի քանդակները, իսկ Ռոդենը իմ կուռքն է,- անկեղծորեն խոստովանում է Սամվելը։ Գերհարդ Մայերին տված խոստումը օրեր շարունակ հանգիստ չի տվել պատանի քանդակագործին։ Նա ժամերով առանձնացել է իր աշխատասենյակում եւ խոհերին տվել ձեւ ու մարմին, հադորդել շունչ ու կենդանություն։ Եվ ահա՝ եկավ անմոռանալի պահը։ Մայերը հրաժեշտի համար այցելեց Մարգարյանների ընտանիքին։ Սամվելը սեղանին դրեց երկրաշարժին նվիրված իր քանդակը։ Այն պարզապես անվանել էր՝ «Մայերը Հայաստանում»։ Մայերը դիտել էր քանդակն ու հուզմունքից արտասվել։ Չէ՞ որ քանդակում պատկերված էր ինքը՝ գրկում աղետից փրկված հայ երեխան։ Դեմքի արտահայտությունը լարված էր ու մտախոհ։ Ուսերը՝ տառապած ու հոգնած։ Ձեռքերը ջղաձիգ ու մկանոտ, որոնք իրենց ափերում պահում են թանկագին մի գանձ։

– Ես Երեխաներ չունեմ եւ ինչ-որ պետք է անեի կյանքում իմ երեխաների համար՝ այսուհետեւ անելու եմ Հայաստանի երեխաների համար,- խոստովանել էր Մայերը։- Ինձ թվում է՝ ամեն մի բարօրություն ինքնին երեխային փրկել է, նրան օգնության ձեռք մեկնել։ Այնուհետեւ Մայերը Սամվելին խնդրել է քանդակն իրեն նվիրել։ Պատանին համաձայնվել է։ Եվ

քանդակն ուղեւորվել է արեւմտագերմանական Շվեբիշ Գմունդ քաղաք՝ որպես երախտագիտության ու շնորհակալական խոսք՝ ուղղված գերմանական ողջ ժողովրդին, որը այն դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեց աղետյալ Հայաստանին…

 

Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031