Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը՝ հայերին…»

Դեկտեմբեր 07,1995 20:22
lalalyan

Հունվարի 1-ին լրանում է դարասկզբի հայ ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 110-ամյակը։ Մի մարդ, որ զենքի ու մտքի ներդաշնակությամբ էր փորձում լուծել մեր ազգային խնդիրները… Սակայն ի՞նչ է արվել եւ արվելու այդ մեծ հոբելյանը պատշաճ ձեւով նշելու ուղղությամբ…

– Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում ընկած են Նժդեհի եւ իր զինակիցների կողմից հիմնադրված Ցեղակրոն ու Տարոնական ուսմունքները, այդ ուղղությամբ արդեն իրականացրել է մի շարք միջոցառումներ,- ասում է «Հանրապետական» պաշտոնաթերթի խմբագիր Մուշեղ Լալայանը։

– Նախ՝ հոկտեմբերի 22-ին ուխտագնացություն կատարեցինք դեպի Նժդեհի գերեզմանը՝ Գլաձորի Սպիտակավոր վանքը, ապա հրատարակվեց «Գարեգին Նժդեհ» վերնագրով   մի գիրք, ուր տեղ են գտել նրա կյանքն ու գործունեությունը, Ցեղակրոն ու Տարոնական շարժումների պատմությունն ու գաղափարախոսությունը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության նախարարության արխիվից վերցված արժեքավոր փաստաթղթեր։

– Իսկ ի՞նչ անհրաժեշտություն կա այսօր վերարժեքավորել Նժդեհին։

– 88-ի վերելքի հետ մեկտեղ վերարժեքավորվեցին մի շարք ազգային արժեքներ ու դեմքեր, բայց, ցավոք, Գարեգին Նժդեհը լավագույն դեպքում ճանաչվեց որպես մի զորավար, որի շնորհիվ Լեռնահայաստանը (Զանգեզուր) մնաց Հայաստանի կազմում, այնինչ նա մեզ թողել է նաեւ հսկայական տեսական ժառանգություն։

– Գուցե երկու խոսքով բացատրե՞ք այդ ուսմունքների գաղափարախոսությունը։

– Իհարկե, դրանք շատ ընդգրկուն են… Ցեղակրոնությունը հայ ծնված լինելու գիտակցությունն է եւ այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը, որի նշանաբանն է. «Հայաստանը՝ հայերին», ինչը նշանակում է՝ մեր ցեղի հարատեւումն ու քաղաքական իշխանության հաստատումը Հայկական Բարձրավանդակի վրա։ Իսկ Տարոնականությունը՝ Աստված-ազգ-անհատ օրգանական կապի մեկնաբանությունն է, ինչպես նաեւ պատմականորեն՝ Տարոն աշխարհում ստեղծված արժեքների համահայկականացումը։ Սրանք միտվող ուսմունքներ են, եւ մեր խորին համոզմամբ կարող են հիմք հանդիսանալ հայոց ազգային գաղափարախոսության համար։

– Իսկ կապ կա՞ արդյոք ցեղակրոնության եւ ֆաշիզմի միջեւ։

– Կա այն թյուր կարծիքը, որը ձեւավորվում է միտումնավոր կամ անտեղյակության պատճառով, երբ փորձում են ցեղակրոնությունը նույնացնել ֆաշիզմի կամ նացիզմի հետ։ Նախ եւ առաջ, ինչպես Նժդեհն է ասում. «Որեւէ ազգի վերածնունդը հնարավոր է սեփական, այլ ոչ թե փոխառնված արժեքներով», իսկ երբ Լեռնահայաստանում նա ստեղծեց Դավիթբեկյան ուխտերը, Մուսոլինին նոր էր նախաձեռնում իր սեւ շապիկավորների շարժումը, եւ առավել եւս՝ խոսք չկար հիտլերիզմի մասին…

– Իսկ ինչպիսի՞ ն է այսօր իշխանությունների վերաբերմունքը ձեր գաղափարախոսության նկատմամբ։

– Իհարկե, նրանք փաստացիորեն երբեւիցե հանդես չեն եկել ազգայնականության դիրքերից, բայց դրանից չի հետեւում, որ իրենց գործողություններով պիտի հակառակվեն մեզ։ Եթե այսօր մեր ազգը ամրապնդվում է Քուռի աջ ափին՝ վերագրավելով իր բարձրավանդակի մի մասը, իսկ դա, իմ կարծիքով, նախապայման է Արաքսն անցնելու համար, բնականաբար մենք ոչ թե պիտի աջուձախ դատապարտենք, այլ աջակցենք իշխանություններին,..

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031