Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկան հոգեկան հիվանդների ամբոխներ

Դեկտեմբեր 07,1995 18:15
Colak Hakobyan

Ստորեւ հարցազրույց ենք ներկայացնում հանրապետության գլխավոր փսիխոթերապեվտ Ցոլակ Հակոբյանի հետ, որը նաեւ Երեւանին մերձակա Քասախ ավանում գտնվող Նեւրոզների հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկն է։ Հետաքրքիր է լսել մասնագետի կարծիքը, թե երկրաշարժը ինչ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի հոգեկան վիճակի վրա։

– 88-ի կործանարար երկրաշարժը մեծ հետք թողեց մեր ժողովրդի կյանքում եւ նույնիսկ մենք՝ բժիշկներս, ականատես եղանք այնպիսի իրավիճակների, որոնց մասին միայն բժշկական գրականության մեջ էինք կարդացել։ Նման ուժեղ աղետների ժամանակ մարդկանց շրջանում տեղ են գտնում ամենատարբեր նյարդահոգեբանական խանգարումներ։ Ըստ ամերիկյան որակավորման տեղ գտան, այսպես կոչված, հետստրեսային տրավմատիկ փոփոխություններ, որոնք ունենում են դրսեւորման մի շարք էտապներ։ Առաջինը սուր շրջանն էր, որը տարբեր մարդկանց մոտ մի քանի ժամից մինչեւ մի քանի օր է տեւում։ Առաջին իսկ օրվանից Նեւրոզների հանրապետական կլինիկական հիվանդանոցը լուրջ աշխատանք ձեռնարկեց երկրաշարժերի հետեւանքով առաջացած բարդությունները հաղթահարելու ուղղությամբ։ Մեր մասնագետները հերթափոխային սկզբունքով աղետի գոտում սկսեցին գործունեություն ծավալել։ Մեր հիվանդանոցն էր առաջինը, որ գործի կարեւորությունը գիտակցելով, Լենինականում բուժօգնության կետ բացեց։ Նյարդահոգեբանական բարդ վիճակում հայտնված մարդկանց հետ աշխատանքների հիմնական մասը կատարվում էր տեղում, իսկ մի մասին էլ ստիպված էինք տեղափոխել հիվանդանոց։

Տեղի չունեցավ այն, ինչը արտասահմանցի գիտնականներն էին կանխատեսում՝ թե կլինեն էպիդեմիաներ, հոգեկան հիվանդների ամբոխներ կառաջանան եւ այլն։ Այս հարցում էական նշանակություն ունեցավ երկու հանգամանք, որոնք պաշտպանական դեր կատարեցին։ Առաջինը՝ շատ լավ աշխատեցին մեր ժողովրդի պաշտպանական մեխանիզմները եւ մարդիկ ավելի ամուր գտնվեցին, քան ենթադրվում էր։ Սա փոխանցվել է սերնդե-սերունդ եւ մեզ է հասել գեներով։ Սա ոչ թե ասում եմ մեր ազգը գովելու համար, այլ ինչ-որ տեղ նաեւ օտար մասնագետների կարծիքն եմ ներկայացնում, որոնք զարմացել էին հայերիս դիմացկունության վրա։

Երկրորդ էական հանգամանքն այն է, որ շատ լավ աշխատեցին հանրապետության փսիխոթերապեւտիկ, հոգեբանական ծառայությունները։ Թվով շատ քիչ էինք, բայց որակյալ աշխատանք կազմակերպվեց եւ մենք ժամանակին կարողացանք ըմբռնել, թե ինչի հետ գործ ունենք։ Մեզանում այդ հետստրեսային տրավմատիկ փոփոխությունները յուրօրինակ դրսեւորումներ ունեցան։ Առաջին իսկ օրվանից ակտիվացան դեպրեսիվ երեւույթները՝ մարդիկ տրամադրություն չունեին, տխուր էին։ Այ, օրինակ, եղան դեպքեր, երբ հայրը՝ իր դեպրեսիվ վիճակով պայմանավորված՝ շշմած, անգործ կանգնած էր, երբ ուրիշները աշխատում էին նրա երեխաներին փրկել։ Դա գալիս էր նրա հոգեկան վիճակից։ Երկրաշարժը նպաստեց նաեւ այսպես կոչված փսիխոսոմատիկ հիվանդությունների դրսեւորմանը, այսինքն` նյարդահոգեկան փոփոխությունները դրսեւորվում էին մարմնական խանգարումներով։ Մարդիկ գանգատվում էին ոչ թե իրենց հոգեկան վիճակից, վախերից, անքնությունից, անտրամադիր վիճակից, այլ, ասենք, ստամոքսի, ողնաշարի եւ այլ օրգանների ցավերից։ Եվ եթե մենք սխալմամբ սկսեինք այդ օրգանները բուժել, ոչ մի արդյունքի չէինք հասնի։ Ըմբռնելով, որ գործ ունենք ստոմատիկ երեւույթների հետ, ապաքինման գործընթացը կազմակերպեցինք հոգեբանական բուժման միջոցներով եւ արդյունքը ակնառու է։ Մեզանում հոգեկան հիվանդների ամբոխներ չառաջացան։

– Իսկ երկրաշարժի ՝ հոգեբանական ավերածությունները հետագայում զգացնել չտվեցի՞ն։

– Որոշ ժամանակ անց սկսվում է երկրորդ էտապը, որը տեւում է մոտավորապես 1-2 տարի։ Մարդիկ սկսում են նորովի նայել կյանքին, հասկանալ, թե ինչ էր իրենց կորցրածը, առաջանում են նոր մոլուցքներ։ Այ, օրինակ, Գյումրիում 2 եւ ավելի երեխա կորցրած կանայք կոմիտե էին ստեղծել եւ իրենց ամբողջ տառապանքն ուղղել էին դեպի արդարության համար պայքարի հուն։ Հաշվում էին, թե ով է արտահերթ տնակ ստացել, շուկայում սեղաններ էին շուռ տալիս եւ այլն՝ ասելով, որ մենք կորուստ ենք ունեցել, իսկ դուք արտասահման եք գնացել, վայելում եք կյանքը… Երբ սկսեցինք հետազոտել, պարզեցինք, որ տառապանքների, կորուստների, դժվարությունների էներգիան գործունեության դաշտ է ուղղվել։ Իհարկե, այնուհետեւ հաջորդում է վերականգնողական գործընթացը։ Մարդը համակերպվում է եղածի հետ, բայց դեռ երկար ժամանակ զգացնել են տալիս երկրաշարժի հետ կապված երեւույթները։

– Կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ աղետի գոտու բնակիչներն արդեն անցել են այդ վերականգնողական գործընթացը:

– Երկրաշարժի գոտում ապրում էին մոտ 600-700 հազար մարդ, բայց աղետի գոտի ենք համարում ամբողջ Հայաստանի տարածքը։ Աղետի գոտուց դուրս էլի մեր ժողովուրդն է ապրում, տուժածների ընկերներն ու հարազատները եւ, բնական է, որ նեւրոզների, հոգեբանական խանգարումների կտրուկ աճ նկատվեց ամբողջ Հայաստանով մեկ։ Եթե դրան էլ ավելացնենք, որ երկրաշարժից հետո սկսվեցին այլ գործընթացներ՝ պատերազմական գործողություններ սահմանամերձ շրջաններում, հոծ զանգվածների շարժումներ, լարվածություն ազգամիջյան հարաբերություններում, մարդկանց կենսամակարդակի անկում եւ այլն, ապա միանգամայն հասկանալի կդառնա, թե որտեղ են նյարդային խանգարումների կտրուկ աճի ակունքները:

Այսօր էլ մենք երկրաշարժի գոտում ունենք փսիխոթերապեւտիկ ծառայություն, այսօր էլ այնտեղ մեր մասնագետները աշխատում են, սակայն արդեն երկրաշարժի գոտուց մեզ դիմող հիվանդների խանգարումները նույն

պատկերն ունեն, ինչ-որ մյուս շրջանների բնակիչներինը։ Երկրաշարժը դեռեւս զգացնել է տալիս եւ մենք դեռեւս աղետի գոտուց հիվանդներ ունենում ենք։ Մեր հիվանդանոցում լավագույն պայմաններ են ստեղծվել նրանց ապաքինման համար։ Հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, շուրջօրյա էլեկտրականությամբ, բարձր մակարդակի բուժանձնակազմով, օրը 4 անգամ կերակրում ենք հիվանդներին։ Այնպես որ, բոլոր կարիքավորները մեզ մոտ կարող են անհրաժեշտ            բուժօգնություն ստանալ, ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր բուժման պայմաններում։

Զրուցավար՝ Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031