Նույնիսկ այնպիսի երկիր, որպիսին երկրակեղեփ ցնցումներից հանգիստ չունեցող Ճապոնիան է, Կոբեի սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատել։ Այդ «անմեղ» սխալի հետեւանքով քաղաքը պարզապես սուզվեց հողում։ Խորհրդային կայսրությունում սեյսմիկ վտանգի խնդիր ընդհանրապես չկար, կար միայն երկրաշարժերի ուսումնասիրման գիտական ոլորտ։ Դրա զոհն էլ Հայաստանի տարածքի զգալի մասը դարձավ։ Ուստի եւ, երբ 1991-ին հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ), հանրապետության կառավարությունը նրա գործունեության գերնպատակը սահմանեց սեյսմիկ պաշտպանությունը։ Երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բալասանյանը հանգամանորեն ներկայացրեց իր ղեկավարած համակարգի աշխատանքը եւ տարբեր օղակների պատասխանատուների հետ պատասխանեց լրագրողների հարցերին։
Խոսակցության կենտրոնում «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ազգային ծրագիրն» էր, որի հիմնադրույթները հանձնվել են կառավարության քննարկմանը եւ
որի մի առանձին բաժինը ընդգրկում է Ատոմակայանի ցնցակայունության հիմնախնդիրը։ Ծրագիրը ետերկրաշարժյան 7 տարիներին հավաքված նյութի վերլուծության հանրագումարն է։ Նրա վերջնական ընդունումից հետո ՍՊԱԾ-ը հնարավորություն կստանա բյուջեի հատկացումներից զատ՝ փնտրել նաեւ նյութական այլ աղբյուրներ՝ Հայաստանի սեյսմիկ պաշտպանությունն ամրապնդելու եւ քարոզչական աշխատանք կատարելու համար։ Այդ աղբյուրները կարող են գտնվել միջազգային կազմակերպություններում, որոնք արդեն իսկ բարձր գնահատական են տվել ծառայությունում կյանքի կոչված մտահղացումներին, մասնավորապես շենքերի ամրացման արդյունքներին։ Ամրացման հիմնական իմաստը սեյսմամեկուսիչների տեղադրումն է բնականոն կենցաղը շարունակող շենքերում։ Դրանք մշակվել են հայ մասնագետների ջանքերով, իսկ արտադրությունը սկսվել է «Նաիրիտում»։ Կասեցնելով ցնցման ուժգնությունը այդ առարկաները երաշխավորում են կառույցների ամբողջականության պահպանումը։ Չնայած այս ձեռքբերմանը, գլխավորը համարվում է սեյսմիկ վտանգի գնահատականի եւ շինարարական կանոնների համապատասխանությունը։ Այդ բնագավառում եւս ասելիք կա, այն վերաբերում է ՀՀ սեյսմիկ շրջանցման քարտեզի ստեղծմանը։
Քառամյա պրպտումների այս արժեքավոր արգասիքը հստակորեն նշում է հանրապետության երկրաշարժային գոտիները։
Կարդացեք նաև
Դրանք երեքն են՝ 8. 9 եւ 10 բալանոց։ ՍՊԱԾ-ը մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հրատարակել է քարտեզի պատկերը եւ անվտանգության մի քանի կանոններ բովանդակող օրացույց։ Ծառայությունը, որը կարճ ժամկետում գիտահետազոտական կազմակերպությունից վերաճել է կառավարման մարմնի, այս փուլում մեծ կարեւորություն է տալիս նաեւ բնակչության շրջանում կատարվող քարոզչական աշխատանքին։ Դա հանգելու է հետեւյալին՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք պետք է վերջնականապես եւ հաստատապես գիտակցի, որ այս տարածքը մշտապես ենթակա է երկրակեղեւի ցնցումների, որոնցից ոչ թե պետք է վախենալ, այլ «նրանց հետ լեզու գտնել»։ Այսինքն՝ հմտանալ պաշտպանվելու արվեստում։
Շատերը ՍՊԱԾ-ի գործունեությունը նույնացնում են երկրաշարժի կանխատեսմանը։ Իհարկե, այդ ուղղությունն այստեղ հատուկ ուշադրության կիզակետում է, սակայն պետք է հաշտվել այն մտքի հետ, որ կանխավ կատարվող ճշգրիտ գուշակությունները ոչ միայն անհնար են, այլեւ խուճապահարույց։
Կարեւորն այն է, ասաց գլխավոր տնօրենը, որ մենք երկրակեղեւի ոչ մի ուժգին ցնցում բաց չենք թողնի։
Հայաստանի ամեն մի բնակիչ սիրով կուզենար հավատալ սրան։ Բայց քանի որ այդ հավատն ինքնին փխրուն նյութից է սարքված, լավ կլինի, եթե զրահապատվեր պաշտպանական շերտով՝ անվտանգության կանոնների իմացությամբ։ Սա ՍՊԱԾ-ի առաջին խորհուրդն է՝ կատարված ամբողջ գործից անկախ։
Հ. Փ.