Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակի տարիքը 65 եւ 63

Դեկտեմբեր 07,1995 14:53
toshakaru

2011 թվին մենք լավ կապրենք

1996թ. բյուջեի նախագիծը ուղարկելով բարեփոխման՝ ԱԺ-ն եռօրյայի վերջին աշխատանքային օրը սկսեց միամյա վաղեմության բյուջեի կատարողականի քննարկմամբ։ Ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանը ներկայացրեց 1994 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ 1994-ը ազգային դրամի առաջին տարին էր, եւ նախարարը նաեւ այս գործոնով պայմանավորեց բյուջեի մեծ դեֆիցիտը՝ ծախսերի առաջանցիկ աճով, եկամուտները գերազանցել են ծախսերը 11495497 հազար դրամով։ Հարակից զեկուցող Արմեն Եղիազարյանը կոչ արեց պատգամավորներին անմիջաբար կողմ քվեարկել՝ հաստատելու այս հաշվետվությունը, թեեւ 1994-ին դժվար բացատրելի տնտեսական շեղումներ են արձանագրվել. «Ընդունես-չընդունես որեւէ բան չի փոխվի, տվյալ ակտը իրավական ոչ մի հետեւանք չունի»։ Ուստի բոլոր ջանքերը պետք է ներդնել գեթ հաջորդ տարվա մայիսին բյուջետային համակարգի օրենսդրություն  ընդունելու համար։ Բաբկեն Արարքցյանը փորձեց պարզաբանել, թե իրավական ինչպիսի հետեւանքներ են նախատեսվում բյուջետային շեղումների համար։ Պարզվեց, որ քաղաքակիրթ երկրներում անգամ քրեական պատասխանատվություն է ենթադրվում, ֆինանսների նախարարին կարելի է բանտ նստեցնել որոշակի հոդվածների չարաշահումների պատճառով։ Այնուհանդերձ, չունենալով, այլընտրանքի հնարավորություն, 106 կողմ, 3 դեմ եւ 16 ձեռնպահ ձայներով կատարողականը հաստատվեց։ Հաջորդը «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում ժամկետային փոփոխություններ մտցնելու հարցն էր, որը եւս արագ լուծվեց։

Խորհրդարանը ձեռնամուխ եղավ «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքի քննարկմանը։ Սոցիալական ապահովության եւ զբաղվածության փոխնախարար Ա. Եսայանը այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորեց ազատ շուկայական հարաբերությունների թելադրանքով։ Համաձայն շուկայական հարաբերությունների՝ մարդիկ պետք է աշխատեն որքան հնարավոր է երկար, այսինքն՝ կենսաթոշակային տարիքը անշեղորեն բարձրանալու է. Հայաստանում տղամարդկանց թոշակի տարիքը սահմանվում է 65, իսկ կանանցը՝ 63 տարի։ Մեր ազգաբնակչությանը լավագույն հաճոյախոսություն կատարվեց. ո՞վ է ասել, որ 60 տարեկան հայ տղամարդը, կամ 55 տարեկան կինը պետք է անաշխատունակ լինի։ Նորամուծությունների շնորհիվ 650 հազար կենսաթոշակառուների թիվը կնվազեցվի մինչեւ 57 հազար, իսկ տնտեսված գումարների հաշվին կաճի թոշակների չափը։ Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 69 տարի է, իսկ կանանցը՝ 76, թեեւ այս թվերը պատգամավորներից շատերի մեջ կասկածներ առաջացրեցին։ Այս օրենքի տրամաբանությամբ՝ մարդիկ շահագրգռված են լինելու յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար. տնային տնտեսուհու եւ 40 տարի աշխատողի միջեւ հավասարություն չի լինելու։ Մոտավոր հաշվարկներով բազային թոշակը կազմելու է 2300 դրամ, իսկ յուրաքանչյուր աշխատանքային տարին, անկախ ստացած աշխատավարձի չափից, 40 դրամ, թեեւ հույս կա, որ տարեցտարի կառավարությունը կավելացնի այս գումարները։ Հրանուշ Հակոբյանի լավատեսական գնահատմամբ՝ 2011 թվականին մեր կենսամակարդակը կբարձրանա, կյանքը կբարելավվի, մենք ավելի երկար կապրենք եւ ավելի բարձր թոշակներ կստանանք։

Մեծ ընդմիջումից  հետո  օրենքն  ընդունվեց  առաջին ընթերցմամբ։

Ն. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031