Որքան էլ տարօրինակ է, Հայաստանում՝ ձախերի ու աջերի, հների ու նորերի պայքար չկա։ ՀՅԴ-իշխանություններ հակասությունը շատ այլ երկրների քաղաքացիների կարող է անհասկանալի, նույնիսկ էկզոտիկ թվալ։ Այս հակասությունը դեռ երկար կտեւի, քանի որ այն պայմանավորված է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայության մենթալության հիմնարար սկզբունքներով, իսկ այս ոլորտում փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Որքան էլ զարմանալի է՝ պարզվեց, որ Հայաստանի անկախացումից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը պատրաստ չեն երկխոսության։ Երկու հատվածների առջեւ տարբեր խնդիրներ են դրված, որոնք, որոշ դեպքերում, նույնիսկ միմյանց հակասում են։ Այս պայմաններում փոխադարձ օտարումն անխուսափելի է։ Այսօր շատերն են փորձում առկա հակասությունը բացատրել անհատական կամ խմբակային՝ միայն սուբյեկտիվ գործոններով։ Սա ընդամենը փախուստ է իրական խնդիրներից։ Միգուցե սուբյեկտիվ գործոնը՝ խմբերն ու անհատները, չափից ավելի ջանադիր էին առկա հակասության խորացման գործում, բայց այս հանգամանքը չպետք է շեղի մեր ուշադրությունը իրական խնդիրներից։
Այսօր ՀՅԴ-ն կանգնած է ջրբաժանի առջեւ՝ մնալ միայն Սփյուռքի կուսակցություն, թե դառնալ միայն հայաստանյան։ Միգուցե կա նաեւ երրորդ ճանապարհը՝ այս երկու դերերի ներդաշնակումը։ Այս ճանապարհն ամենաբարդն է եւ պահանջում է լարախաղացի հմտություն։ Կկարողանա՞ այսօր ՀՅԴ-ն գտնել այս երրորդ ուղին, լուծել այս բարդ խնդիրը։
Սակայն ՀՅԴ-ի փակուղին միայն նեղ կուսակցական խնդիր չէ։ Դա ողջ հայ ժողովրդի խնդիրն է, եւ հայ քաղաքական մտքի ճգնաժամի ոսկրացած դրսեւորումն է միայն։ Հայ քաղաքական միտքն այսօր չի կարողանում գտնել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների երկու կողմերի համար ընդունելի մոդել, չի կարողանում ձեւակերպել հայ֊ ժողովրդի բոլոր հատվածների համար ընդհանուր նպատակ ու ստրատեգիա։ Արդյունքում՝ հատվածական շահերն ու հոգեբանությունը սկսում են բացառել միմյանց, եւ հատվածները, օգնելու փոխարեն, խանգարում են միմյանց զարգացմանը։
Անկեղծ լինենք՝ հայ քաղաքական միտքն այսօր անգամ որոնման մեջ չէ։ Կան միայն փոխադարձ մեղադրանքներ եւ կուսակցական, մոլեռանդ փոխադարձ ատելություն։
Կարդացեք նաև
ՀՅԴ Ընդհանուր ժողովի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ մենք դեռեւս կանգ ենք առել խնդիրների ձեւակերպման մակարդակի վրա:
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ