Արդեն հաստատված ավանդույթ է՝ գների հերթական բարձրացումը վազանցում է աշխատավարձերի բարձրացմանը։ Շուկայական տնտեսաձեւը ներդնողները ծանոթ դիմախաղով կբացատրեն, որ մի անմեղ ամսվա համար չարժե աղմկել, որովհետեւ շուկան ողջ աշխարհին է տիրել, մենք ոչ մեկից առավել չենք։ Երաժշտական դպրոցների վարձաչափը ընդհանուր ծախսերի 20 տոկոսից 50 դարձնելը եւս կմեկնաբանվեր նույն օրենքների տրամաբանությամբ։ 20 տոկոսանոց դպրոցները կդասվեին պետության վզին ծանրացած բեռների շարքը։ Վարձի երկուսուկես անգամ ավելացումը գոնե հնարավորություն կընձեռի, որպեսզի տաղանդավոր երեխաները մասնագիտական կրթություն ստանան եւ երաշխավորեն ազգի երաժշտական ապագան։ Իսկ եթե կրթավճարը մնա նախկինը, մշակութային մյուս մակաբույծների նման կհայտնվեն փակվողների ցանկում։ Սիլոգիզմից գաղափար ունեցող յուրաքանչյուր ոք անմիջապես կհասկանա, որ միակ տրամաբանական պատասխանը սա է՝ այո, 50 տոկոսին, այսինքն՝ երաժշտական դպրոցի գոյությանը։ Ի դեպ, իրենց երեխաներին այդ դպրոցներն ուղարկող ծնողները պատահական մարդիկ չեն, համեմատաբար գիտակից խավ են։ Դա էլ է հեշտացնում շուկա ներդնողների գործը։ Առավել բարդ է հանրակրթական դպրոցի վիճակը, որովհետեւ այնտեղ սովորելու համար տաղանդը պարտադիր չէ, բավական է նաեւ շարքայինի կարգավիճակը։ Բարդությունը ոչ միայն այս դպրոցների մեծաքանակությունն է, այլեւ Սահմանադրությամբ հաստատված օրենքը, որը բարբառում է, թե ՀՀ-ում միջնակարգ կրթությունն անվճար է։ Այսուհանդերձ, դժվար թե գտնվեն այդ դրույթը անվերապահորեն հաստատող ծնողներ։ Նրանք մատնացույց կանեն այսպես կոչված նախասիրական կրթության պարտադրանքը: Նախասիրականն իր անեղծ ձեւով վավերացված է դպրոցական ուսումնական ծրագրում, որը հաստատել է Կրթության նախարարությունը։ Հիմքերում խորանալիս դեմ կառնենք նաեւ հեռահար նպատակին՝ դպրոցը վճարովի դարձնելու նախափուլին, բայց այդ քննարկումը այժմ թողնենք, հիմնականը համարելով հիշյալ կրթաձեւի ներդրումը։
Այն պետք է կիրառվի իբրեւ լրացուցիչ գիտելիքի աղբյուր։ Դա է պայմանը, իսկ հիմնական գիտելիքն աշակերտը պետք է ստանա բուն դասաժամին՝ անվճար։ Այսպես, ուրեմն, դպրոցին թույլատրված է նախասիրական խմբեր կազմել եւ նրանց անդամներից որոշակի գումար հավաքել։ Վարձի չափը սահմանված չէ, բայց գուցե ներքին պայմանավորվածությամբ՝ հոլովվում է 1500 դրամը։ Ուսուցիչների եռանդուն քարոզարշավի շնորհիվ երեխաները ընտրություն են կատարում, որից հետո կնքվում է տնօրեն-ծնող պայմանագիրը։ Օժտված երեխաները հատուկ գրոհի թիրախ են դառնում, բոլոր մասնագետները ձգտում են նրանց իրենց խմբում ներգրավել։ Հաջողության չհասնելով (այդքան փող քչերը կարող են վճարել) ուսուցիչները սկսում են համոզել նաեւ «թույլերին»։ Իվերջո, կազմերը հստակվում են, եւ սկսվում են նախասիրական պարապմունքները։ Եթե կազմակերպչական գործընթացը գրեթե բոլոր դպրոցներում համանման էր, գործնականը տարամետ բեւեռներ է գոյացնում: Ուսուցիչ-աշակերտ-ծնող եռանկյունին նոր փոթորիկների տարածք է դառնում՝ սկսվում է հանրակրթական գիտելիքը լրացուցիչից զատելու բուռն փուլը։ Աշակերտը ե՞րբ է անվճար գիտելիք ստանում եւ ե՞րբ՝ վճարովի։ Հարցումիս պատասխանող ծնողները տրամագծորեն հակառակ ծայրերում են։ Առաջինում նրանք են, ում երեխաները գոհ են թե՛ դասաժամից, թե՛ պարապմունքներից։ Հատկապես վերջիններին նրանք հաճույքով են մասնակցում։ Մյուս ծնողները համոզված են, որ իրենց խաբել են։ Ուսուցիչը դասին ոչինչ չի բացատրում, կարծես ներկաներին պատժելով, որ հրաժարվել են իր խմբից։ Իսկ խմբում էլ պարապում է դասի չպարապածը։ Այսինքն՝ հանրակրթական ձրի գիտելիքը վաճառում է աշակերտին, լրացուցիչի մասին գաղափար էլ չունենալով։ Նենգափոխման այս երեւույթը ծնողները համարում են Սահմանադրության ժխտում եւ պահանջում են հեղինակներին պատժել կամ, ուղղակի՝ դպրոցներում բացառել ցանկացած կրթավճար։ Այս վեճերն ու տրամադրությունները, երեւի, շուտափույթ վախճան չունենան, որովհետեւ դպրոցին վերաբերող օրենսդրական փաստաթղթերը շարունակում են ԱԺ-ում ննջել։ Կամ՝ վերադարձվել կառավարություն։ Հետեւանքը նույնն է՝ օրենքի դատարկ տեղը լցվում է ինքնագործունեության խառնաշփոթով, որից գիտելիք պեղելը դժվար է գլխավոր անձի՝ աշակերտի համար։
Հ. ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ