Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայեք  գոնե մատաղ շիվերը

Դեկտեմբեր 06,1995 15:03

Եռաբլուր… ասում ենք՝ մեր սրբավայրը։ Այստեղ ննջում են անմահությունը գրկած մեր քաջորդիք, ամեն մեկը մի մատաղ շիվ, շատերը չհասցրին ընձյուղվել։

Կրկին ձմեռ է, ու կրկին ծառահատ կացինը հատո՛ւմ է, հատո՛ւմ։ Հասել է սրբազան շիրիմներն օղակող ծառաշերտին։ Ավելի ներքեւ՝ վերջին տարիների անտերությունից այդպես էլ գաճաճ մնացած փշատերեւներին է հասել հերթը։ Ինչ էլ լինի՝ վառելիք է, թեկուզ մեկ-երկու օրվա։ Կոկորդ խեղդող թանձր, դառը ծուխը այրվող կանաչ արյուն, ոչ թե ուրախ կրակ։ Հավատացնում եմ, կտրողները ամենեւին էլ ամենաաղքատ խավի ներկայացուցիչները չեն։ Պարզապես շարունակում են երեկվա անճարությունից սկիզբ առած ավանդույթը։ Տխուր, վայրի ավանդույթ, շրջակա առանձնատների բակերն ու նկուղները դրա վառ ապացույցը՝ դեռ ամառվանից խնամքով դարսված եղեւնաշարքերով։ Հարավ-արեւմտյան թաղամասերի դպրոցական տղեկներն էլ ետ չեն մնում։ Կտրիճավարի ուսերին դրած կացին, սղոց ու պարկ, ավելի հմտացածները՝ ինքնաշեն սայլակներով ելնում են դեպի սրբավայր, ո՛չ, ո՛չ, հարգանքի տուրքի, այլ կտրելու ինչ-որ տեղ իրենց այնպե՛ս նման ջահել ու մատաղ եղեւնիները։

Իսկ ինչ-որ տեղ՝ ըստ պատկանելության, հիմնարկություններում որոշումներ են կայացվում անմխիթար ձմեռների հետեւանքով ոչնչացված ծառաշերտերը վերականգնելու մասին։ Ամերիկաներում հայրենասեր, հայրենաբաղձ սրտեր հանգանակություն են գլուխ բերում ի նպաստ հայոց ոչնչացված անտառները վերածնելու գործի։ Թող չափազանց չհնչի, բայց ես տեսել եմ նաեւ նոր սերնդին պահ տված թզաչափ շիվերը պոկոտող ձեռքեր, ա՛յր մարդու ձեռքեր։

– Երբեւէ  բռնե՞լ եք ծառ կտրող ձեռքեր։

Հարցիս՝ Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի պարեկապահակային վաշտի հրամանատար   Սամվել   Կեսոյանը   պատասխանեց.

– 1995թ. գարնանը Ծիծեռնակաբերդում իրենց հավատացյալ համարող վեց երիտասարդներ «Ֆոլցվագենը» բարձել էին նոր կտրած ծառերով։ Այդ մասին գործ հարուցվեց Արաբկիրի շրջանի դատախազության կողմից։ Մեղավորները, որ ավելի ծանր հանցանքով որոնման մեջ էին՝ արժանի պատիժ ստացան։  Ուրի՞շ։

– Նախարարությունից հրահանգ ունենք հատուկ ուշադրություն դարձնելու ծառահատման դեպքերին։ Շրջիկ ծառայությունը (Սեբաստիա փողոցի երթուղի) հսկում է նաեւ Եռաբլուրը։

– Շրջանի երկրապահ կամավորները 500 ծառ են տնկել Եռաբլուրում,- ասաց Շահումյանի շրջխորհրդի նախագահ Վահան Զատիկյանը։

Բայց ինչո՞ւ ես չհրճվեցի այդ խոսքերից, որովհետեւ… չի՛ լռում, դեռ չի լռում ծառահատ կացինը։

Ասպրամ  ԾԱՌՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031