Լրահոս
Օրվա լրահոսը

Առյուծի բաժինն ավելանում է

Դեկտեմբեր 06,1995 12:57

Եթե կառավարությունը պետական տրանսպորտն աշխատեցնելիս առաջնորդվեր ինքնարժեքով, ներքաղաքային փոխադրամիջոցների վարձաչափը պետք է սահմաներ 200 դրամ։ Ժողովրդի բախտից առաջնորդողը եղել է իր նկատմամբ հոգատարությունը եւ ոչ թե ամենուր գերիշխող ազատ շուկան։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդունել, որ նույնիսկ վերջերս բարձրացված ավտոբուսի ուղեւարձը 165-ով պակաս է 200-ից, ընդամենը՝ 35 դրամ։ Երթուղային տաքսին եւս 200-ի չի հասնում, 75-ի սահմանում սսկվել է։ Էլեկտրական տրանսպորտը, նաեւ մետրոպոլիտենը, շատ ավելի ցածր թվերով են արտահայտվում՝ 20 դրամ։ Տարբերությունից առաջացած բեռը լիովին ու միայնակ կրում է տրանսպորտի նախարարությունը։ Նա է ուղեւորների գրեթե կեսին ձրի տեղափոխում, հոգում պահեստամասերի ձեռքբերման ու շարքից դուրս եկող մեքենաների նորոգման ծախսերը, կարգավորում ընթացիկ բարդությունները։ Չի կարող՛ այս ամենը չկատարել, որովհետեւ ինքնաֆինանսավորվող համակարգ է, բացի դրանից՝ գործում է կառավարության համապատասխան որոշումը։ Այսպես, որոշված է, որ Սոցապ նախարարությունը կամ Ազգային անվտանգության պետական վարչությունը մարդկանց հատուկ փաստաթղթեր տան, իսկ տրանսպորտի նախարարությունը՝ դրանց հիման վրա անվճար երթեւեկության վկայականներ։ Հիշյալ գերատեսչությունները որեւէ պարտականություն չունեն, մինչդեռ տրանսպորտի նախարարությունը ստանձնում է արտոնյալ-կարիքավորներին ձրի փոխադրելու ողջ դժվարությունը։ Շաբաթական 200-300 վկայական է տրվում, որից էլ գոյանում է «ուղեւորների կես» հասկացությունը։ Հավանաբար, ճիշտ կլիներ, եթե արտոնությունը սահմանողները իրենք էլ գնեին վկայականները եւ բաշխեին ըստ պատկանելույն։

Իհարկե, ժողովրդի վճարունակության պայմաններում այս ու նման հարցերի քննարկումն ավելորդ կլիներ։ Սակայն առաջացել է տարօրինակ առանցք, որի մի բեւեռում տրանսպորտի բազմաչարչար նախարարությունն է, մյուսում՝ քսակը դատարկ ժողովուրդը։ Միայն աշխատանքի կամ էլ դասի գնալ-գալու համար շարքային քաղաքացին ծախսում է ընտանեկան բյուջեի առյուծի բաժինը (գայլի բաժինը զիջելով հացին): Իսկ նախարարությունն աշխատում է ահագնացող վնասով։ Այս երկվությանը վերջ տալու համար կառավարությունը որոշել է 1996թ. հունվարի 1-ից ազատ արձակել ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ Այս տեղեկությունը հեռուստատեսային «Լրաբեր» ծրագրով հայտնեց լրագրող Լուսյա Մեհրաբյանը։ Քանի որ նա միաժամանակ Տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն է, խնդրեցի նշել լուրի անմիջական աղբյուրը։ Տրվեց փոխնախարար պրն Շահնազարյանի անունը։ Ուղեվարձի ազատականացումը համապարփակ միջոցառում է եւ չի կարող մի նախարարության շրջանակներում իրագործվել, պահանջում է կառավարական համալիր ծրագիր։ Առայժմ ծրագրի մանրամասները հայտնի չեն, նվազագույն վարձաչափը տաք քննարկումների փուլ է անցնում, բայց պետք է հուսալ, որ տարերային վարձաբռնկումներ չեն լինի։ Մանավանդ՝ հարկավոր է զսպել մասնավորի ախորժակը։ Մինչեւ հիմա այս հարցում կատարյալ ամենաթողությունն է իշխում՝ սեփական ավտոբուսի տերը արտոնագիր ստանալու համար 3000 դրամ է մուծում, սակայն ողջ տարվա ընթացքում հարկ չի մուծում։ Իհարկե, նրանք էլ իրենց «թաղային» հարկահավաքներն ունեն, բայց եթե հարկման քաղաքականությունը ճիշտ գործեր՝ դրամը կհոսեր պետության, ոչ թե՝ ոմանց անհատակ գրպանները։ Տարակույս չկա, որ գների այս նոր ազատականացումը նոր հարված կլինի ժողովրդի գրպանին։

Եթե անգամ ուղեվարձը 200-ի չհասնի, այլ կանգնի 100-ի սահմանագծին, շատ ընտանիքներ կհայտնվեն վիհի եզրին։ Գոնե լավ է, որ մինչեւ հունվարի 1-ը բավականին ժամանակ կա եւ իրավասու օղակները հեռատես քննարկումների հնարավորություն ունեն։ Մինչ այդ, դեկտեմբերի 15-ից կբարձրանա էլեկտրական տրանսպորտի ուղեվարձը։ Ըստ երեւույթին՝ թռիչքի համար հող նախապատրաստելու նպատակով։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031