Ադրբեջանը մեծ հույսեր ունի
Դեկտեմբերի 2-ին Բոննում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստն ավարտեց իր աշխատանքը։ Արդյունքում ծնվեց մի հաշվետվություն, որը կներկայացվի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների բուդապեշտյան հանդիպմանը։
Այն, ինչպես հայտնի է, նախատեսվում է անցկացնել վաղվանից։ Նշված հաշվետվության բովանդակությունը դեռեւս հրապարակված չէ, սակայն նրա ուղղվածության մասին կարելի է դատել որոշ քաղաքագետների արտահայտություններից։ Մասնավորապես, «Գերմանական ալիք»
ռադիոկայանին տված հարցազրույցում, Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Լոզինսկին հաստատեց ԵԱՀԿ-ի դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, սակայն նրան, անշուշտ, կտրվի երաշխավորված եւ առավելագույն ինքնավարություն։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջո Փրեսելը, ըստ ամենայնի հակված չէր երկար մեկնաբանություններ տալուն, սակայն նա, ինչպես եւ ամերիկյան այլ դիվանագետներ, բազմիցս նշել է բանակցությունների գործընթացի արագացման անհրաժեշտությունը։ Բուդապեշտյան հանդիպման ժամանակ խաղաղարարներն ու միջնորդները ցանկանում են ստանալ հարցերի որոշակի պատասխաններ։ Առավել չափով դա վերաբերում է Ռուսաստանին, որն, ինչպես հայտնի է, հավակնում է մեր տարածաշրջանում միակ խաղաղարարի կարգավիճակին։
Կարգավորման ջանքերի որոշակի ակտիվացումը դիտորդները կապում
են կասպիական նավթի հարցում աշխարհի ուժեղների շահագրգռվածության
հետ։ Նավթատարի ձգձգվող շինարարության պատճառներից մեկը, պետք է ենթադրել, տարածաշրջանում կայուն խաղաղության բացակայությունն է։ Թե ինչպիսի գնով է հաստատվելու այդ խաղաղությունը, այլ հարց է, սակայն պարզ է, որ շահագրգռված կողմերը կտան ցանկացած գինը։
Մեկնաբանների կարծիքով, Ադրբեջանի դիրքն այդ հարցում ավելի շահեկան է, քանի որ, ի վերջո, նա է կասպիական նավթի տերերից մեկը։ Պատահական չէ, որ խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիեւը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները ցուցմունք են տվել իրենց արտգործնախարարներին՝ իրական առաջընթացի հասնել բուդապեշտյան հանդիպման ժամանակ։ Ամենայն, հավանականությամբ Ադրբեջանը հույսեր ունի, որ խնդրի կարգավորումն ընթանալու է նրա համար շահեկան ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ նրա շահերը պաշտպանող Հայաստանին, ապա նրանց համար դիվանագիտական ճակատում եկել է վճռորոշ ժամանակը։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ