Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սովագետները շատացել են

Դեկտեմբեր 05,1995 15:29

Մարդը բնության ամենափխրուն արարածն է. նրա վախճանը կարող է վրա հասնել ինչպես մաշկի մի աննշան վնասվածքով թափանցած վարակից, այնպես էլ ներաշխարհը ցնցած բոթից։ Այսինքն, բացի կենսաբանական ամբողջություն լինելուց, նա միաժամանակ հոգու ու մտքի բարդագույն միություն է, որով էլ տարբերվում է մեզ հայտնի տիեզերքի կենդանի գոյություններից։ Մարդ-արարածը նաեւ բնության հզորագույն ուժերից է, որը կարող է վեր լինել նույն այդ բնության բոլոր օրենքներից։ Նայած թե՝ տվյալ պահին ինչո՞վ է առաջնորդվում՝ հոռետեսությա՞մբ, թե՞ լավատեսությամբ։ Նայած թե՝ նրա էությունն ինչո՞վ է հագեցած՝ դրակա՞ն, թե՞ բացասական ապրում-լիցքերով։

Խմբագրություն է գալիս գիտական հեղինակավոր օջախի նույնչափ հեղինակավոր աշխատակիցը եւ խնդրում ծանոթանալ իր երկամյա պրպտումների արդյունք-հոդվածին։ Թարմությունը կորցրած տիտղոսաթերթը ակնարկում է նախորդ մերժումների մասին, բայց դա պատճառ չէ, որ քեզ անբարեկիրթ պահես։ Համբերությամբ կարդում եմ ու միայն վերջաբանին հասնելով զգում, որ կրծքահեղձուկը, միգրենն ու արյան ճնշումը վրադ հարձակվել են աննախադեպ համերաշխությամբ։ Ուրիշ ընթերցողներ երեւի ավելի դաժան թշնամիներ ունեն։ Նրանց բանակը պատկերացնելով՝ խնդրարկու-պահանջողին եմ մեկնում իր մենագրությունը ու հորդորում՝ մարդկանց թաքցնել։ «Հո ատոմային ռո՞ւմբ չէ»,- հեգնում է։ «Ավելի վտանգավոր է»,- փորձում եմ չվիրավորել։ Հիմա էլ՝ բանավոր զեկուցում եմ լսում՝ «Հայաստանում ոչ թե սովորական թերսնում է, այլ ամենաիսկական սով, ժողովրդին ոչնչացնելու մեծ ծրագիր է գործում։ Բոլոր փաստերը ճշտված-հաշվարկված են, ահա այս-այս նշանավոր մարդկանց գրախոսությունները»։ Համոզում է միակ փաստարկս՝ իր տվյալները հնացած են։ Բայց, այն, որ չի կարելի ժողովրդին հուսալքության անդունդը գլորել, որ նրան պետք է

լավատեսություն, ոչ թե մահվան սարսափ ներարկել, գիտնականին չի հետաքրքրում։ Իր կարծիքով նա գտել է ճշմարտությունը, որն ամեն ինչից պետք է վեր լինի։ Ինձ «երկչոտի» որակումով զարդարելով, սովագետը գնում է համախոհներ փնտրելու։ Երկար ժամանակ է պետք լինում՝ նրա ստվերից ձերբազատվելու համար։ Զուր ջանքեր. ոչ պակաս թշնամի է դառնում նաեւ մամուլի հերթական հաղորդագրությունը՝ հանրապետությունում սրտանոթային հիվանդությունները աննախադեպ չափերի են հասել։ Չոր թվեր։ Երկար փաստաշար։ Մերկ ենթադրումներ։ Սարսափելի է, բայց այդ բոլորի պատճառը մեր վատթարացող կենսապայմաններն են։ Եթե լրագրողը մի քիչ նրբամիտ լիներ, զրուցակցին կխնդրեր մի քանի սփոփիչ խոսք էլ ասեր, օրինակ՝ մարմնամարզության կամ երաժշտության փրկարար դերի մասին։ Բայց վերջակետն իջնում է զնդանին հարվածող մուրճի անտարբերությամբ։

Հույսի ոչ մի ճառագայթ, տապակվիր, ընթերցող, ցավերիդ ու կենսապայմաններիդ խառնաշփոթում։ Ինքնաներշնչման այդ փուլից հետո ընթերցանությունը շարունակիր:

Այդ ժամանակ քեզ համար հեշտ կլինի որոշ տեսաբանների այսօրինակ մտքերը հասկանալը. «Հայ, դու ոչ ոք ես, խմորի զանգված, ով ինչ ուզենա՝ քեզնից կթխի, չուզենա՝ դեն կշպրտի։ Դու կենսագրություն, պատմություն, արժանիք ու արգասիք չունես։ Դե, ուրեմն, սսկվիր, գլուխդ հակիր հողին, ինչ այնտեղ տեսնես՝ անտրտունջ արածիր։ Վերեւ չնայես, դու վերեւում տեղ չունես»։

Ինքնաներշնչանքի մի նոր չափաքանակ քեզ կհուշի, որ դրանք հեղինակի անհատական զառանցանքներն են, ազգի ու պետության հետ աղերսի կետ չունեն։ Փոքր անց կզգաս, թե տիեզերական կենսահյութն ինչպես է բնության ամենափխրուն արարածիդ իր օրենքների դեմ ծառս լինող հզորագույն ուժ դարձնում։

Այդ ուժը դու ես, քո անունը հոռետեսություն չէ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031