Հին դարերից մինչեւ այս հանճարեղ ներկան ներառյալ, հայերը սիրել են գիր ու գիտություն։ Գիտությունը պահանջել է զրկանքներ եւ դրանք տարաբնույթ էին: Սակայն չանդրադառնանք զրկանքների միջնադարյան եղանակներին, այլ հպանցիկ, առանց բորբոքվելու շոշափենք այսօրվա զրկանքները, որոնց դեմ առ դեմ կանգնում է՝ մեր հայրենակից դիմորդը:
Գիտության ստորոտին ընդհուպ մոտենալու համար նրանք պարտավոր են ավարտել գոնե մեկ բուհ, պետական, կամ ծայրահեղ դեպքում՝ թանկանոց ոչ պետական։ Սա հին ու քննարկված նյութ է: Պարտադիր բարձրագույն կրթության ու քաղքենիության եզրերը վաղուց ու բազմիցս քննարկված են։ Սակայն քաղքենիությունը աճող ու բազմերանգ երեւույթ է, ուրեմն ժամանակի ընթացքում այն անպայման պիտի ձեռք բերի նոր երանգներ ու ձեռքբերումները պիտի ունենան պատճառահետեւանքային կապ:
Հետեւանք. դիմորդները գերադասում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետներին։
Պատճառ. ոչ պրոֆեսիոնալ մասնագետներն ամռանը մասնակցում են ընդունելության քննություններին։ Դիմորդի հետ պարապելուց բացի, երաշխավորում են բուն ընդունելության ակտը։
Կարդացեք նաև
Մասնավոր պարապմունքները Երեւանում սովորաբար սկսվում են նոյեմբերին, երբ աշունը մոտենում է ձմռանը, իսկ ամառային ընդունելության թեժությունը քիչ-քիչ պաղում է, եւ մոտենում է գալիք տարվա մասին մտածելու ժամանակը։ Եվ այսպես նոյեմբերը նշանավորվու մ է մասնավոր պարապմունքների մեկնարկով, հոգատար ծնողները փնտրում են լավագույն դասախոսներին, լավագույն դասախոսները սպասում են դիմորդների։ Մինչ դասախոսներից լավագույնները սպասում են, ստանում են երկուական դիմորդ, կենսական եկամուտների ակնկալիքով, եւ զարմանում դիմորդների քչությամբ, դասախոսներից ճարպիկները զբաղված են դիմորդի որսով: «Դիմորդ գցելու» արարողությունն արդեն պատմություն ունի, իսկ «գցողները»՝ փորձ։ Գայթակղություն, որ խոստանում է գիտելիք չստանալու իրական հնարավորություն, երաշխավորում է ուսանողական տոմս եւ 5 տարի ազատում զինծառայությունից:
Մշտապես բազմաթիվ դիմորդներ ունեցող դասախոսները, որոնք հեռու են ընդունելության քննություններին մասնակցելուց, այժմ մնացել են առանց դիմորդի: Գները հայոց միջին աշխատավարձի հետ համեմատության եզրեր չունեն։ Արդի հայերենը հայրենիքում երբեւէ մեծագույն հարգանք չի վայելել, եւ այսօր մասնավոր պարապմունքների գնացուցակում հայերենի արժեքը նվազագույնն է. մոտավորապես 500 դոլար, հայերենի առավելագույն գինը համարժեք է օտար լեզվի նվազագույն արժեքին, իսկ անգլերենի առավելագույն արժեքը տատանվում է մոտավորապես 1000 դոլարի սահմաններում։
Դիմորդների նախնիները փնտրում են 1000-դոլարանոց դասախոսների, ամոթխած հայացք նետելով 500-անոցների վրա, եւ նշմարելով մեղքի ինչ-որ անորոշ զգացում։ Նոյեմբերը ծանր փորձությունների ամիս է, այն սկիզբն է Մեծ օգոստոսի, երբ նվազում է առձեռն տարադրամը. այն պտտվում է դիմորդ-դասախոս գծի վրա, որպես հավատարիմ միջնորդ ունենալով խելահեղ ծնողներին:
Հայերը հարգել են գիտությունը՝ հին դարերից մինչեւ այս հանճարեղ ներկան։ Այլ հարց է, թե երբ՝ ինչպես։
Հիշո՞ւմ եք մեծ կենսաբանին։ Մինչ մեծ կոմբինատորը ծրագրում էր դրամ շորթելու իրական տարբերակները, մեծ կենսաբանը ստեղծել էր կաշառատուների հետեւողական ու ճշգրիտ ցուցակ։ Հիշո՞ւմ եք գները: Ունե՞ք երաշխիք, որ ձեր դիմորդ- զավակին չեք հանձնում ապագա բանտարկյալի ձեռքը եւ ձեր դժվարությամբ կուտակած դոլարը դարձնում նվիրատվություն։
Ստեղծվել է կրթական ոլորտի համակարգային բանդիտիզմ։ Ողջունեք նրա ծաղկումային փուլը ձեր կանաչ դրամներով եւ փառաբանեք անօրինականությունների դարաշրջանը, որի դեմ պայքարը թողնել միայն իրավապահ մարմիններին՝ ճիշտ չէ։ Համակարգային անօրինականությունները վերացվում են համակարգի արմատական ռեֆորմով, որը նվազագույնի կհասցնի անհատի կամայականությունները։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ