Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագրին

Դեկտեմբեր 05,1995 13:10

Մեծարգո պրն Ա. Աբրահամյան, Ձեզ դիմելու առիթը թյուրիմացության պարզումն է, առիթից օգտվելու պարագան՝ արծարծվող խնդրի շուրջ մեկ-երկու նկատառում հայտնելը։

«Լրագրական տարի» հրապարակման մեջ («Առավոտ», 30 նոյեմբերի 1995թ.) ի թիվս այլոց, հիշատակված է նաեւ իմ անունը, որպես ընթացիկ տարվա դափնեկիր (Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ):

Վերջին տարիներին իմ հրապարակումներին ի արձագանք, պասկվիլանման մի քանի հորինվածքներ են եղել ընդամենը։ Ուրիշ ոչինչ: Իսկ «Ոսկե գրիչը» ստացել եմ 1990թ. միջիշխանական խառնաշփոթի մի շրջան, երբ կատարվածը քննելու, այդ մասին խոսելու, որեւէ կերպ նշելու կամ արտահայտվելու ոչ ժամանակ է եղել, ոչ տրամադրություն, ոչ միջոց: Ժուռնալիստների միության հաշվապահությունում Պերճ Զեյթունցյանի հետ մի գրություն ստորագրեցինք առ այն, որ մի քանի հարյուր սովետական ռուբլի ենք ստացել, որպես մրցանակի դրամական արտահայտություն։ Ոչ կրծքանշան կամ տախտակ, ոչ վկայական, ոչ որեւէ հաստատող փաստաթուղթ: Այնպես որ, այսօր էլ դեռ այնքան առարկայական չէ. ստացել եմ, թե՝ոչ:

Այսքանը՝ թյուրիմացության վերաբերյալ։

Մինչդեռ Արմեն Զաքարյանը կարեւոր հարց է բարձրացնում, եւ կարծում եմ, հենց «Առավոտն» էլ կարող է խոսակցությունը շարունակել եւ ամփոփել։

Բանը, հարկավ, պատվասիրությունը, ավելի գեշ՝ սնափառությունը չէ, այլ մասնագիտական մեր գործի կարեւորումը, արժեւորումը, ավելի ռոմանտիկ գտնվելու հանգամանքով՝ մեկի մրցանակը բոլորինս է:

Ոչ մի առարկություն չունենալով հոդվածագրի առաջարկած՝ մրցանակի արժանի թեկնածուներից եւ ոչ մեկի կապակցությամբ (ավելին՝ հարմար առիթով պատրաստ եմ իմ հիմնավորումները նույնպես ավելացնել եղածին), գտնում եմ, որ թեկնածուներին նման եղանակով ներկայացնելը կամ առաջադրելը ճիշտ չէ: Հավաքական կարծիքն այս խնդրում ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ պարտադիր։ Ուստի, ներկայացումը կամ առաջադրումը ենթադրում է ստեղծագործական որեւիցե խմբի, մարմնի առկայություն։

Մրցանակներ կարող են շնորհել առանձին խմբագրություններ, հիմնադրամներ, դրամատներ եւ ընկերություններ, ստեղծագործական եւ հասարակական-քաղաքական միություններ։ Մրցանակներ կարող է սահմանել ու շնորհել նույնիսկ պետությունը։

Ու չեմ կարծում, թե դրանից ժուռնալիստական մեր համայնքը (այսօրվա ձեւակերպումներին հարիր), որը համալրվել է խոստումնալից, շնորհալի տասնյակ, նոր, հիմնականում երիտասարդ անուններով, դժգոհ մնա: Մանավանդ եթե ժանրային տարբերակում նույնպես լինի։ Մանավանդ, եթե դրանք լինեն ամենամյա գործունեության գնահատանք, կամ վաստակի գնահատման, ակնառու մուտքի խրախուսման արտահայտություն։

Գլխավորն ու հիմնականը իրազեկ, անաչառ անկողմնակալ մարմինների խմբերի առկայությունն է, որոնց հեղինակավոր հայտը միայն կդառնա քննարկման կամ արծարծման նյութ: Այդ դեպքում արդեն հիմնավոր կլինի խոսակցությունը թե չափանիշների, թե տարբերակումների, թե մոտեցումների մասին:

Կարծում եմ, թյուրիմացությունը պարզված է, մեկ-երկու համեստ նկատառումներս նույնպես ինչ-որ չափով նպաստավոր են ենթադրվող քննարկման համար։

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031