Հավանաբար «Փարոս» կառավարական ծրագիրը, որն իր վրա է վերցրել հանրապետություն մտնող ամբողջ մարդասիրական օգնության բաշխման մենաշնորհը, ստանձնել է իր համար չափից դուրս բարդ պարտականություն, խառնաշփոթ մտցնելով անապահով խավերի շրջանակներում։ Ինչպես հայտնի է, անապահով լինելու չափանիշները հետեւյալն են. ընտանիքի կազմը, նրա անդամների սոցիալական կարգավիճակը եւ ընդհանուր եկամուտը։ Չնայած նման մոտեցումն ընդունված է զարգացած երկրներում, Հայաստանում նրա անհուսալիությունը ակնհայտ էր հենց սկզբից։ Ի տարբերություն այդ երկրների, նշված երեք չափանիշներն ապացուցող տեղեկանքները մաքուր բլեֆ են՝ ձեւական գործազրկության պայմաններում մեր բնակչության մեծամասնությունը զբաղվում է անձնական-օգտակար աշխատանքով։ Այդ բլեֆից տուժում են նախ եւ առաջ իսկապես անապահով ընտանիքները: Ըստ «Փարոս» ծրագրի, այդպիսի կարգավիճակ են ստանում նրանք, ովքեր հաշվառման հատուկ համակարգով հավաքել են ոչ պակաս, քան 35 միավոր։ Նրանց էլ հասնում է մարդասիրական նավթը։
Այն հարցը, թե ինչպես են միայնակ թոշակառուներն այդքան քիչ միավոր հավաքել, համալրելով հարաբերականորեն ապահով խավը, կարծում եմ ընդմիշտ կմնա հռետորական հարցերի շարքում։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ նավթային ցուցակների մեջ մտել են ընտանիքներ, որտեղ բոլոր չափահաս անդամները բավականին բարեհաջող զբաղվում են բիզնեսով, պաշտոնապես համարվելով գործազուրկ։ Մինչդեռ, միասին ապրող 86 տարեկան թոշակառու տատիկն իր աղջկա հետ, որը «Նաիրիտում» ամիսներով աշխատավարձ չի ստանում, չի կարող հավակնել հումանիտար վառելիքին։ Ընդ որում, անցյալ տարի, երբ չկար սոցիալական դրախտ խոստացող «Փարոսը», նրանք այդ նավթը ստանում էին։
Ըստ երեւույթին, նախկին համակարգն ավելի արդյունավետ էր։ Համենայնդեպս, անցած տարիներին նկարագրված թյուրիմացություններն ավելի քիչ էին: Իսկ եթե հաշվի առնենք, որ «նավթով երջանկացածները» հավաքված միավորներին համապատասխան պետք է մուծեն 500-4000 դրամ, ապա պետք է ընդունել, որ նրանք իսկապես որոշ չափով պետք է պատկանեն ապահովված խավերին:
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ