Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանի ամենամանրամասն բյուջեն

Դեկտեմբեր 05,1995 10:49

Դեկտեմբերի 4-ի ԱԺ եռօրյայի սկիզբը նշանավորվեց «ՀՀ 1996 թվականի պետբյուջեի նախագծի» մասին օրենքի քննարկմամբ։ 14.30՝ օրակարգի հաստատումից հետո, որտեղ բացի բյուջեից՝ նախատեսված էին նաեւ 1994 թվականի բյուջեի կատարողականի հաստատումը, «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության», «Անշարժ գույքի», «Հյուպատոսական ծառայության», «ՀՀ հողային հաշվեկշիռը 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատելու» եւ «Արտոնագրերի մասին ՀՀ օրենքը կիրարկելու» ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություն կատարելու» մասին օրենքների նախագծերը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ կառավարության անդամների կարծիքների ունկնդրությանը։ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Անդրեասյանը փորձեց ներկայացնել բյուջեի առավելությունները եւ, ինքնաքննադատության կարգով, խոցելի կետերը։ Հակիրճ ելույթից հետո 7 հերթագրված պատգամավորները պետք է 3 րոպեի ընթացքում ձեւակերպեին մի քանի հարց՝ ակնկալելով համարժեք պատասխաններ։ Թեեւ, անկեղծորեն ասած, հստակ պատասխանելու եւ հստակ հարցեր տալու հմտություն երկու կողմերն էլ հանդես չբերեցին։ Կոմունիստական խմբակցության անունից Լեոնիդ Հակոբյանը բավական  զգացմունքային փորձեց պարզաբանել իրական եւ անվանական աշխատավարձերի տարբերությունը, համաձայն նախագծի՝ բյուջետային հիմնարկներում աշխատողների աշխատավարձը բարձրանալու է 60 տոկոսով, սակայն վարչապետը եւ կառավարության անդամները համառորեն փորձում են նվազեցնել այդ տոկոսները։ Ա. Անդրեասյանի անորոշ պատասխանը, բնականաբար, չբավարարեց պատգամավորին։

Հաջորդ  զեկուցողներն էին ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Բ. Ասատրյանը, վերլուծելով դրամավարկային քաղաքականության եւ բյուջեի հարաբերությունները, հատկապես անդրադարձավ առեւտրային բանկերի կարգավիճակին։ 1996 թվականին առեւտրային բանկերը պետք է ազատվեն պետական ճնշումներից եւ նրանց ազատ գոյության համար, իրոք, լիարժեք պայմաններ են ստեղծվելու: Միջազգային կտրվածքով համեմատելով Հայաստանը այլ երկրների հետ՝ նա նշեց, որ համախառն ներքին արդյունքի մեր ցուցանիշները բավական գոհացուցիչ են. մեկ շնչին բաժին է ընկնում 186 դոլարի արտադրանք, այն դեպքում, երբ Վրաստանում այդ թիվը կազմում է ընդամենը 23, Ռուսաստանում՝ ավելի քան 1000, Ղազախստանում՝ մոտ 800: 1996 թվականի պետբյուջեն որակական մի նոր աստիճան է, որովհետեւ բյուջեի ճեղքվածքն այլեւս չի փակվելու Կենտրոնական բանկի հաշվին։ Նոր ստեղծվելիք վարկային գիծը հնարավորություն կընձեռի անգամ պետբյուջեից հատուցելու Կենտրոնական բանկի նախկինում տրամադրած միջոցների մի մասը։ Հարկային մուտքերը ավելանալու են 2,3 անգամ, այսպիսով՝ եկամտային հոդվածը նպատակային կիրառելու դեպքում կարելի է իրագործել բյուջեով նախատեսված բոլոր խնդիրները:

Հարակից    զեկուցող    Արմեն Եղիազարյանը   նախ   ներկայացրեց   ԱԺ  հանձնաժողովների   քննարկումների քանակական արդյունքները՝    97    առաջարկ,    որի 1/3-ը խնդրանք-պահանջներ էին կառավարությունից    տեղեկանքներ ստանալու վերաբերյալ, իսկ 2/3–ը բուն առաջարկներ։ Ապա դասակարգելով առաջարկությունները՝ նա տարբերակեց 1) բյուջետային գումարների վերաբաշխմանը եւ 2) բյուջեի կոնցեպտուալ ըմբռնմանը վերաբերող դիտողությունները: Առաջարկություններ հավաքելը դժվար էր, պատասխանելը՝ առավել եւս: Սակայն, ի պատիվ կառավարության, ԱԺ-նախարարություններ երկխոսությունը, Ա Եղիազարյանի համոզմամբ. կայացավ։ Որպես սթափեցնող օրինակ նա բերեց նախորդ 5 տարիների բյուջեները. 1996 թվականի բյուջեի նախագիծը անկախ Հայաստանի ամենամանրամասն բյուջեն է, որը համադրելի է ՄԱԿ-ի միջազգային մեթոդիկայի սկզբունքներին։ Նշենք, որ ԱՄՆ-ի բյուջեն բաղկացած է 1000 էջից, այլ քաղաքակիրթ երկրներինը՝ 100-150, իսկ Հայաստանի վերամշակված բյուջեն՝ 30: Այսպիսով, բյուջետային քննարկումների դինամիկան տարեցտարի առաջընթաց է ապրում։ Անդրադառնալով բյուջեի հոդվածների բացմանը՝ Արմեն Եղիազարյանը շեշտեց, որ դա հնարավորություն կտա ճիշտ վերաբաշխել ծախսերը: Կրթության, առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտում, կատարելով համապատասխան կրճատումներ, հնարավոր կլինի բարձրացնել մարդկանց կենսամակարդակը։ Այս հարցում նրա հետ լիակատար անհամերաշխություն հայտնեց Լեոնիդ Հակոբյանը: Որպես հայ մարդու, քաղաքացու եւ հանձնաժողովի նախագահի՝ նա հարց ուղղեց Ա. Եղիազարյանին. արդյոք, ճի՞շտ է 500 դպրոցների փակումը, որի հաշվին կրթության ոլորտի աշխատողները կստանան աշխատավարձի 700 դրամանոց հավելում։ Արմեն Եղիազարյանը անսասան էր. դեռեւս կառավարության կազմում ինքը զարգացման այս ուղին համարել է ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ. պահենք այնքան դպրոց, հիվանդանոց, գործարան, որքան պետք է:

Բյուջեի վերաբերյալ ելույթ ունենալու ակնկալիքով հերթագրվեցին 22 պատգամավոր։ Արտաշես Գեղամյանը, բացելով քննարկումների երկրորդ շրջանը, արձանագրեց բյուջեի այս նախագծին տրվող կառավարական գնահատականների չափազանցված լավատեսությունը: 1996 թվականին մեր արտաքին պարտքերի գումարը կհասնի 212 մլրդ դրամի, որը բյուջեի եկամտային մասի կրկնապատիկն է։ Ինվեստիցիոն ծախսերի նվազեցման եւ հարկերի ու տուրքերի կամայական բարձրացման դեպքում անհեթեթ է խոսել «ծաղկման» մասին: Կառավարության հարկային նոր քաղաքականությունը համարվեց նորաստեղծ շուկայի «գլխին քար գցելու» միտում։ Կառավարությունը վիժեցնում է ազատ շուկայական հարաբերությունների գաղափարը: Վարչապետի տրամաբանությամբ՝ հայաստանաբնակ «վատ աշխատող» քաղաքացիներին ֆինանսական ճգնաժամից փրկում են «լավ աշխատող» արտասահմանցիները: Ա. Գեղամյանի կարծիքով, վատ աշխատողը մեր ժողովուրդը չէ, այլ…

Հաջորդ ելույթ ունեցող Դավիթ Վարդանյանը շարունակեց հռետորական հարցադրումների շարքը: Հայաստանում, իրոք, հասարակության որոշ խավ բարեկեցության աճի միտումներ է ցուցաբերում, սակայն որն է այդ խավը: Ոտքի կանգնած Լեոնիդ Հակոբյանը ուշադիր սկսեց դիտել դահլիճը՝ հավանաբար որոնելով բարեկեցիկ դարձող այդ խավը: Ինչեւէ, ըստ ԱԺՄ խմբակցության անդամի՝ անգամ վարչապետը չի տիրապետում Հայաստանի ստվերայնության ողջ ինֆորմացիային, եւ միայն այս կառավարության փոփոխության դեպքում է հնարավոր Հայաստանի հետագա բարգավաճումը:

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031