Հարցազրույց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։
– Այսօր ետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ակնհայտ է սոցիալ-դեմոկրատիայի, այսինքն՝ ձախ ուժերի հաղթարշավը։ Հայաստանում ձախ կուսակցությունները չկայացան. Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը։
– Համաձայն եմ ձեր գնահատականին, բայց չեմ կարծում, թե աջ ուժերն են կայացել։ Ընդհանրապես քաղաքական ուժերի կայացումը Հայաստանում դեռ չի ավարտվել։ Եթե դուք վկայակոչեք ՀՀՇ-ն իբրեւ քաղաքական աջ կուսակցություն, ես կվիճեմ ձեզ հետ, որովհետեւ այն չի հստակեցնում իր գաղափարախոսությունը։ Սկզբում նրանք հայտարարեցին իրենց մերձակցությունը սոցիալ-դեմոկրատիային՝ փորձելով ընդունվել Սոցինտեռն։ Ապա դարձան լիբերալ՝ առանց հայտարարելու, թե լիբերալ-դեմոկրատներ են, գոնե կիմանայինք։ Իսկ Հայաստանում, բացի ՀՀՇ-ից, այլ կուսակցություն, որը ՚հավակնություն կունենար ժողովրդի մեջ ճանաչում ունենալու, չկա։ Ուրեմն՝ աջերի կայացումը եւս չկատարվեց։ Մեր թե՛ աջ, թե՛ ձախ կուսակցությունները չկայանալով, փաստորեն, անկարող եղան ազդել ժողովրդի քաղաքական գիտակցության, վարքագծի ձեւավորման վրա։ Հիմնական պատճառն այն է, որ այսպես կոչված դեմոկրատական կերպարը, որ իրեն վերագրում է ՀՀՇ-ի ղեկավարությունը, բացարձակ պատրանք է, եւ այդ պատրանքի շղարշի ներքո հիմնավորվեց ավտորիտար ռեժիմ, որն ունակ է ցինիկ քաղաքականություն իրագործելու, նրան հետաքրքիր չէ բնավ, թե իր մասին ինչ կմտածեն կամ կխոսեն։
1991 թվականին, մեր կուսակցությունը ստեղծվեց կոմկուսի հենքի վրա, բայց այն անջատման արդյունք էր. ՀԴԿ-ում միավորվեցին մարդիկ, ովքեր գտնում էին, որ զարգացումը հնարավոր է միայն նորացման ճանապարհով։ Կոմունիստական գաղափարախոսությունը հիմնովին պետք է վերակառուցվի, դառնա ժամանակակից։ Եթե որեւէ ուժ, ընդունում է տնտեսության մասնավոր սեկտորի գոյությունը, սեփականության տարբեր ձեւերը, մրցակցող շուկան, ապա այն այլեւս կոմունիստական չէ, այլ սոցիալ-դեմոկրատական։ Ցավալի է, որ կուսակցականների մի մասն այս բանը չհասկացավ եւ շարունակում է գործել կոմկուսի անվան տակ։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք եւ գործելակերպով ապացուցել, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ենք։ Ոմանց մեջ կասկած է հարուցում կուսակցության անվան մեջ «սոցիալ» մասնիկի բացակայությունը, բայց մենք զուտ դեմոկրատական կոչվեցինք՝ նկատի առնելով հնչակների գոյությունը։ Թեեւ դա ակնհայտ սխալ էր. շատ լուրջ մոտեցանք հնչակներին։ Հուսով էինք, թե այսօր կամ վաղը կարող էինք միավորվել, եթե, իհարկե, հնչակյան կուսակցությունն այստեղ արմատավորվեր։ Իրականությունը ապացուցեց, որ այդ կուսակցությունը չկայացավ։
Կարդացեք նաև
– Դուք ունեցել եք գործնական հանդիպումներ եւ շփումներ ՍԴՀԿ-ի հետ՝ հատկապես օրերս կայացած համագումարի ընթացքում:
– Նախկինում ունեցել ենք՝ թե՛ սփյուռքի նրանց ղեկավարության հետ, թե՛ հայաստանյան։ Բայց համագումարի ընթացքում արդեն՝ ոչ։ Թեեւ այդ կազմակերպությունից մեկ-երկու անդամներ, որոնք համաձայն չեն այսօրվա ղեկավարության կուրսի հետ, անձնական նախաձեռնությամբ հանդիպեցին մեզ հետ, բայց, ցավոք, անուններ տալ չեմ կարող։
– Այսինքն՝ Դուք վերջնականապես համոզվեցի՞ք, որ համագործակցությունը ավանդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ ձախողված է։
– Այո՛, բացահայտորեն, եթե այս ղեկավարությունը հայտարարում է, որ իր միակ նպատակը պետության կայացումն է, իսկ ողջ մնացյալ գաղափարախոսությունը այդ ընթացքում անտեսվելու է, ապա կուսակցության մասին խոսելն ավելորդ է։ Ես չեմ ճանաչում աշխարհում այնպիսի քաղաքական կուսակցություն, որը կարծում է, թե պետության կայացումը կարող է տարանջատվել գաղափարախոսությունից։ Դա անհեթեթ է եւ հետո հարց է ծագում՝ ո՞ր պետության կայացման մասին է խոսքը։ Եթե դուք սոցիալ-դեմոկրատ եք, բայց սոցիալական արդարության սկզբունքը անտեսում եք՝ հանուն ինչ-որ անհասկանալի կառույցի պահպանման, ապա ես չեմ կարող դա հասկանալ։ Քաղաքական կուսակցությունը նրա համար է, որ գա իշխանության եւ հաստատի իր գաղափարական կերպի պետականությունը։
– Այդ դեպքում ինչո՞ւ նման նպատակ իր առջեւ դնող կուսակցությունները չեն կարողանում ժողովրդի վստահության քվեին արժանանալ։
– Արեւմուտքում կամ ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում պետությունն ինքն է գումարներ տրամադրում, որպեսզի կուսակցությունները վարեն իրենց քարոզչությունը, իսկ այստեղ կատարվեց ամեն ինչ դրան խոչընդոտելու համար։ Եթե դու տնտեսական գործունեություն չես կարող վարել, ապա որտեղի՞ց պետք է ֆինանսներ ձեռք բերես, կամ՝ պետք է մյուս կուսակցությունների նման սփյուռքից օգնություն ստանաս, կամ՝ տեղի ստվերային կառույցներից սնվես, կամ էլ՝ դրսի, այլ պետությունների ինչ-որ ուժերից օժանդակություն ակնկալես։ Ես նման քայլերի դիմել չեմ կարող, որովհետեւ դա հակասում է իմ սկզբունքներին. Հայաստանում սոցիալ-դեմոկրատիան պետք է պաշտպանի իր ազգային–քաղաքական ինքնուրույնությունը։ Եթե հանկարծ մենք կցորդ դառնանք, ապա վաղը որեւէ բան մեր ազգի համար չենք կարողանա անել, որովհետեւ պարտավորված կլինենք վարելու վճարողների քաղաքականությունը։ Անհաջողության հիմնական պատճառը այս է։ Նախընտրական պայքարի օրինակը բերեմ, այն շրջաններում, որտեղ մենք կարողացանք ժողովրդի հետ հանդիպումներ ունենալ եւ բացատրել մեր քաղաքականությունը, զգալի ձայներ շահեցինք: Կամոյի տարածքում շահեցինք 3000 ձայն, ՚Վանաձորում համամասնական ցուցակում 3-րդ թե 4-րդ կուսակցությունն էինք, իսկ ողջ Զանգեզուրում կամ Գյումրիում դրա կեսի չափ էլ ձայներ չստացանք։ Այսինքն՝ մեր ներուժն առկա է, պակասում է լոկ շփումը ժողովրդի հետ, մարդիկ չգիտեն՝ ովքեր ենք մենք եւ ինչ ենք ուզում։
Եթե պետությունը, իրոք, շահագրգռված է քաղաքական գործուն մրցակցություն հաստատել իր ներսում, ապա պետք է զարգանալու հնարավորություններ ընձեռի բոլոր առողջ քաղաքական ուժերին։
– Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում պետության օժանդակությունը: Վերջերս ԱԻՄ-Ք-ի հարցադրման հետ կապված՝ վարչապետը նշեց, որ իրենք պատրաստ են օգնելու կուսակցություններին, բայց ոչ աշխատավարձերի մակարդակով։
– Մենք աշխատավարձ իրենցից չենք ուզում, խոսքն այլ բանի մասին է։ Յուրաքանչյուր կուսակցություն պետք է մամուլի օրգան ունենա։ Այսօր մենք թուղթը գնում ենք, եթե, իհարկե, կարողանում ենք, շուկայական գներով, վիճակը բոլորովին այլ կլիներ, եթե այն մեզ վաճառեին պետական գներով։ Կամ տրամադրեին հնարավոր տրանսպորտային միջոցներ եւ վառելիք՝ որոշակի արտոնյալ պայմաններով։ Այնուհետեւ՝ մի՞թե հնարավոր չէր միջոցներ տրամադրել նախընտրական պայքարի ճիշտ կազմակերպման համար։ Ռուսաստանում 43 կուսակցական միավորումները ամեն օր հեռուստատեսության տարբեր ալիքներով ելույթ ունենալու հնարավորություններ ունեն, իսկ մենք ընդամենը 13 էինք…
Ի՞նչ պետք է անի ընդդիմադիր կուսակցությունը այս դեպքում. պետք է գնա՞ ծայրահեղ միջոցների։ Մեզ միտումնավոր դնում են այնպիսի վիճակում, որ համոզվենք, թե ժողովրդավարական ու քաղաքակիրթ ճանապարհով այստեղ անհնար է որեւէ փոփոխություն կատարել։ Պետական ուժային կառույցները օգտագործվում են մարդկանց ահաբեկելու եւ ուղղակի ճնշելու համար։ Հայաստանը ետ է ընկնում իր հասարակական զարգացմամբ։ Արեւելյան Եվրոպայի եւ ետխորհրդային տարածքի երկրներում սոցիալ-դեմոկրատիան իրոք հաղթարշավ է կատարում։ Եվ տեսեք՝ չկան կոմունիստները, գալիս են ոչ թե կոմունիստները, այլ նրանք, ովքեր իրագործում են սոցիալ-դեմոկրատիայի մոդելը։ Ժողովուրդները համոզվում են, որ մի համակարգից մյուսին անցնելու ընթացքը մի թռիչքով չի լինում։ Հասարակությունը հուսախաբվեց նորակոչիկ լիբերալներից. հատկանշական է Լեհաստանի օրինակը, այստեղ սկսվեց կոմունիզմի կործանման գործընթացը, եւ հիմա նույն լեհ ժողովուրդն իր ձայնը տվեց սոցիալիստին, սոցիալ-դեմոկրատին։ Ուշացումով, բայց, միեւնույնն է, սոցիալ-դեմոկրատիայի հաղթանակը հասնելու է նաեւ Հայաստան, մենք սխալ ենք անում, որ դիմադրում ենք դրան։
– Ձեզ թվո՞ւմ է, թե Հայաստանում իշխանությունները պայքարում են սոցիալ-դեմոկրատիայի դեմ:
– Ոչ, ցավոք, Հայաստանում կռիվը գաղափարախոսությունների դեմ չէ, պարզապես՝ իշխանության եկած ուժը պայքարում է այն ամենի դեմ, ինչ հակասում է իր անձնական շահերին, պատահական չեն թայֆաների մասին խոսակցությունները, ներքին ընդհարումները։ Թեեւ դեմոկրատացման գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։ Մենք այսօր նախաձեռնել ենք սոցիալ-դեմոկրատական շարժման, ոչ թե միայն կուսակցության, ձեւավորման խնդիրը։
– Դուք լուրջ ծրագիր նախապատրաստե՞լ եք, եւ տեսնո՞ւմ եք, արդյոք նախադրյալները հաջողության։
– Ծրագիրը պատրաստ է, եւ դրա առաջին քայլերից է սոցիալ-դեմոկրատիայի խնդիրներին նվիրված հասարակական-քաղաքական ընթերցումների կազմակերպումը։ ԱԺ ընտրություններում մենք փաստացի պարտվեցինք, թվում է, թե կուսակցությունը պետք է մարեր, բայց ընթանում է հակառակ գործընթացը, մենք ոչ միայն կորուստ չունեցանք, այլեւ համալրում ենք կուսակցական շարքերը, ընդ որում այնպիսի մարդկանցով, որոնք մեզ ճանաչեցին նախընտրական պայքարի շրջանում, նրանց զգալի մասը նախկինում կուսակցական չի էլ եղել։ Մեր ջանքերով Հայաստանում բացվել է գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ֆրիդրիխ Էբերտի» անվան հիմնադրամի մասնաճյուղը, որի նպատակը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության քարոզումն է եւ տարածումը։
– Կարող եք նշել սոցիալ-դեմոկրատական շարժման մեջ ձեր հնարավոր դաշնակից քաղաքական ուժերին։
– Եթե նախկինում մեր նպատակը համագործակցությունն էր, բոլոր այն քաղաքական միավորների հետ, որոնք շահագրգռված էին արդար ընտրություններով, ապա այսօր մենք հայտարարում ենք, որ գործուն համագործակցության կգնանք լոկ այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ։ Այդպիսիք են Դաշնակցությունը,
Ագրարային կուսակցությունը, ՀԿԿ-ն, ինչպես նաեւ հասարակական տարբեր տիպի կազմակերպություններ։ Մենք չենք շտապում։ Այժմ Հայաստանում որոշակի քաղաքական իրադարձություն չկա, որը կմղեր ակտիվ գործողությունների, խորհրդարանական ընտրություններն ավարտված են, նախագահականը գալիք տարի է, ուստի ժամանակ ունենք կազմավորման պրոցեսը հանգիստ ե խաղաղ անցկացնելու։
– Դուք մեկնել էիք Ռուսաստան, հանդիպել եք տեղի կուսակցական շրջանակներին, ինչպե՞ս եք գնահատում Պետդումայի ընտրությունների ազդեցությունը հայաստանյան իրականության վրա:
– Միամտություն կլիներ ասել, թե այդ ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն գործի Հայաստանում, ինչպես նաեւ՝ հակառակը։ Նորից բերեմ Լեհաստանի օրինակը. Կվասնեւսկու հաղթանակը հոգեբանական լուրջ ազդեցություն գործեց ռուս հասարակության վրա։ Եթե հաղթեր Վալենսան, նշանակում է մարդիկ մի անգամ եւս համոզվելու էին՛, թե ամեն ինչ գնալու է իր հունով, բայց նրա պարտությունը ակնհայտ դարձրեց ձախ ուժերի հաղթանակի հեռանկարները։ Ռուսաստան ես մեկնել էի Ռուսական համայնքների կոնգրեսի հրավերով, այս միավորման մեջ կան մեզ հարազատ երկու ուժեր՝ դեմոկրատական կուսակցությունը՝ Սերգեյ Գլազեւի գլխավորությամբ, եւ Սոցիալիստական-աշխատավորական կուսակցությունը՝ Լյուդմիլա Վարդազարովայի առաջնորդությամբ, որոնց նպատակը ոչ թե ռուսական ազգայնականության վերելքն է, այլ Ռուսաստանի բարձրացումը՝ դաշնակից ժողովուրդների հետ հարաբերությունների նոր համակարգի ստեղծմամբ։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ