«Լրագրի» առաջատար աշխատակից եւ հայաստանյան անկախ մամուլի դրական իմիջը ապահովող լրագրողներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի 5-րդ կուրսից։ Ֆակուլտետի ղեկավարությունը, որը, կարծես թե, պետք է հպարտանար նման շրջանավարտով, մտահոգված է նրա բացակայություններով։
Նույն ղեկավարությանը չի մտահոգում այն հանգամանքը, որ վերջին 5 տարվա ընթացքում բաժինը չի պատրաստել Նիկոլի մակարդակի լրագրողներ. իսկ այսօր ասպարեզում եղած եւ գործող լրագրողների ճնշող մեծամասնությունը ժուռնալիստի դիպլոմ չունի։ Ենթադրենք, չի ունենա նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ դա նրա աշխատանքը ամենեւին էլ չի խոչընդոտի։
Իսկ ժուռնալիստիկայի բաժնին, հավանաբար, խոչընդոտում են հին մտածողության կաղապարները։
Դատելով այն նյութերից, որոնք «Առավոտի» խմբագրություն են ներկայացնում այդ բաժնի ուսանողներն ու շրջանավարտները (չնչին դրական բացառություններով), այստեղ զարգացվում են դպրոցական շարադրությունների վատագույն ավանդույթները՝ սիլվակապուտիկյանական հայրենասիրական-քնարական զեղումներով եւ նյութի ու փաստի հետ ոչ մի կապ չունեցող երկարաշունչ ու ամպագոռգոռ նախադասություններով։ Այդ «դպրոցով» հեռու չենք գնա։
Կարդացեք նաև
Իսկ Նիկոլին, որպես մխիթարանք կարող եմ հիշեցնել. երբ Հեգելը սովորում էր համալսարանում, դասախոսները գնահատում էին նրա ընդունակությունները փիլիսոփայությունից որպես «չափազանց միջակ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ