Օրերս մի մասնավոր զրույցի ժամանակ, պարզվեց, որ ՀՀՇ տպագիր օրգան՝ «Հայք» թերթի ամբողջ աշխատակազմից միայն մեկն է հանդիսանում… նշված կուսակցության անդամ։ Այն էլ հրատարակության գլխավոր խմբագիրը, որն, ի դեպ, ընդամենը երկու ամիս առաջ է անցել ՀՀՇ շարքերը։
Այս առթիվ արժե հիշեցնել, որ անցյալում ոչ ՍՄԿԿ անդամները զանգվածային լրատվության միջոցների ղեկավարելուն մոտ չէին թողնում։ Նույնիսկ խմբագրությունների բաժինների վարիչները 100-ից 99-ի դեպքում՝ կոմունիստներ էին։
ԱՀԱ եւ վերջերս լույս տեսած՝ «Երկուշաբթի» շաբաթաթերթի աշխատակազմում նույնպես գործնականում որեւէ կուսակցության անդամներ չկան։ Դրա փոխարեն այստեղ շատ երիտասարդներ կան։ Ինչպես «Առավոտի» թղթակցին ասաց նոր հրատարակության գլխավոր խմբագիր Տիգրան-Սեւան Խաչատրյանը, իրենց հետ արդեն ակտիվ համագործակցում են մոտ 20 ուսանողներ՝ հիմնականում ԵՊՀ եւ «Գլաձոր» համալսարանների ժուռնալիստիկայի ֆակուլտետներից։ Բայց սա «Երկուշաբթիի» ղեկավարությունը բավարար չի համարում եւ մտադիր է համագործակցության հրավիրել եւ այլ երիտասարդների, ոչ միօրինակ մտածող մարդկանց։ Եթե հավաքագրումը հետագայում էլ հաջող ընթանա, ապա «Երկուշաբթին», հաշվի առնելով առկա հեղինակային պոտենցիալը, 32 էջում տեղավորելը դժվար կլինի եւ շաբաթական մեկ անգամ լույս ընծայելը, կպարզվի, որ քիչ է։
Ինչ վերաբերում է այլ շրջատարածքների լրագրողների կեսագործունեության նորություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի, ապա այստեղ հատուկ ուշադրության են արժանի երկու, օրերս հայտնի դարձած, փաստեր։ Առաջինը՝ անցյալ շաբաթ օրը զինված չեչենները հարձակում են գործել Ռուսաստանի հասարակական հեռուստատեսության Գրոզնիի թղթակցական կետի ավտոմեքենայի վրա, այն տարել անհայտ ուղղությամբ։ Բարեբախտաբար, ավտոմեքենայի տերերը հարձակումից հետո մնացել են ողջ եւ անվնաս։ Որն, ավաղ, ոչ միշտ է պատահում։ Հենց այդ մասին է ասում «լրագրական» թեմայով ստացված երկրորդ տեղեկատվությունը՝ անցյալ տարի «Մոսկովսկի ՝ կոմսոմոլեց» թերթի թղթակից Դմիտրի Խոլոդովի սպանությունից հետո եւ մինչ այսօր միայն Ռուսաստանում զոհվել է 25 թղթակից։
Բարեբախտաբար, Հայաստանում ոչ մի նման բան տեղի չի ունենում։ Ճիշտ է, հազվադեպ, հայրենակից լրագրողների կողերը ճզմում են հեղինակավոր մարմինների կողմից այդպես էլ չհայտնաբերված ավազակները։ Այո, առայժմ մեր եղբորը երբեմն զրկում են մասնագիտությամբ աշխատելուց։ Բայց այս բոլորը մանրուք է թվում այն ամենի համեմատ, ինչ կատարվում է ԱՊՀ եւ հեռավոր արտասահմանյան այլ երկրներում։
Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ