Լճացման ամենաեռուն ժամանակների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ կայսրության գահին միմյանց հաջորդում էին զառամախտի ակնհայտ բացիլակիրները՝ քայքայված, սպառված, ուժահատ ու փնթփնթան ծերուկները, որոնց հեռուստապաստառներին հարմար տեղավորելու համար հսկայական ջանքեր էին պահանջվում։ Մի շրջանում քարոզիչների ու վավերագրողների վիթխարի զորախմբին ավելացան նաեւ բժշկագիտության նորարարները։ Նրանց «գյուտերի» շնորհիվ մամուլը լցվեց ծերունական իմաստությունը գովերգող հոդվածներով։ Դրանց գերխնդիրը ընթերցողներին համոզելն էր, թե անհատը կարող է ղեկավարել լոկ կյանքի ուշ փուլում, երբ փորձն ու գիտելիքը առավելագույնս են զուգորդվում։ Իբր, այդ տարիքում ուղեղի բջիջներն ավելի արդյունավետ են գործում։ Որպես հպանցիկ մանրամասն՝ նախադասությունների միջեւ ծվարում էր մի աննշմար կիսատող՝ «…եթե մարդը չի տառապում այլեւայլ հիվանդություններով»։ Մի խոսքով, քարոզչությունը ծառայում էր միակուսակցական իշխանություններին՝ նրանց համար ապահովագրական հիմունքներով, իսկ ժողովրդի համար՝ հերթական անեկդոտի նյութ դառնալով։
Սրան հակառակ՝ ես պետք է վկայաբերեմ մի լրատվություն, որը տարածվել է ո՛չ հայկական միջավայրում։ Այսինքն, ընթերցողը նրան ծանոթանալով, կհավաստիանա, որ այստեղ իշխանությունների պատվերը չի կատարվում, այլ, վատագույն դեպքում, տուրք է տրվում սեփական դատողություններով առաջնորդվելու անհամեստ մղումին։ Ուրեմն, Մոսկվայում լույս տեսնող մի ամսագիր ծանուցում է, որ Հիմալայներում ապրող ցեղերից մեկն աչքի է ընկնում բացառիկ առողջությամբ։ Նրա ներկայացուցիչների միջին տարիքը 120 է։ Այս ցուցանիշների ակունքը ոչ թե առողջապահական հազվագյուտ գիտելիքներն են, այլ սակավապետությունը։ Լեռնային երկրի բնակիչների հիմնական ուտելիքը հացն է, կճեպով բրինձն ու կլեպով կարտոֆիլը, թարմ ու չոր մրգերը, գլխավորապես խնձորն ու ծիրանը։ Ճարպեր, կաթ ու միս գրեթե չեն գործածում, եղած կերակուրն էլ ճաշակում են երկարատեւ ընդմիջումներով։ Ձմոանը նրանց կնախանձեն ոչ միայն արջերը. ծանր աշխատանքից չհրաժարվելով, նրանք սովորականից քիչ են սնվում։ Հավանաբար, այդ մարդկանց ոչ ոք չի հարցրել՝ իրենց աղքատ համարո՞ւմ են, թե ոչ։ Սակայն կարծում եմ՝ նրանք այդ բառը չեն էլ հասկանա, քանի որ ունեն բնության մեծագույն ընծան՝ լիակատար առողջությունը, որը երջանկություն է ավելի, քան կարող են լինել հարստությունն ու իշխանությունը, եթե անգամ միատեղ տրվեն։
Գուցե իրավունք չունեմ մեր քաղաքակիրթ ազգին հիմալայական պարզամիտ քչակերների հետ համեմատելու, այդուհանդերձ, պետք է նկատեմ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 1996թ. աղքատության վերացման տարի է հռչակել՝ առանց մեր զգայուն ինքնասիրությունը հաշվի առնելու։ Մեր ներկայությունն այնտեղ պարտադիր է համարվել նույն պատճառներով, ինչեւէ՝ մյուս աղքատներինը։ Ու չնայած մենք չզարգացածների հետ նույն ծրագրում ենք հայտնվել, պե՞տք է արդյոք մեր հպարտությունը զանց առնելու գնով նրանցից ինչ-որ բան ընդօրինակենք, թեկուզեւ՝ սննդակարգը։ Անշուշտ, կարիք չկա այդքան նվաստանալ։ Ուստի առաջարկում եմ հոգեբանական նախավարժանքի եղանակը, որի կիրառումը կարելի է սկսել թեկուզ այսօրվա ընթրիքից։ Նկատել ենք, չէ՞, որ առատահեղ խնջույքի ժամանակ մեր աչքը ոչ թե եզակի խորտիկներ է փնտրում, այլ մանկության հարազատ, պարզ կերակրատեսակներ, ասենք, սպաս, խորիզով գաթա կամ ավելուկ։ Համատարած լիության այդ զգացումը կարելի է վերապրել ամեն անգամ՝ ընտանեկան համեստագույն սեղանների մոտ նստած։ Սկսում ես մտածել, որ քիչ հեռվում ճոխ սեղան է, որը շատ արագ կարող է ախորժակդ հագեցնել, քեզ դրդելով պարզ ուտելիքների փնտրտուքի։ Հենց դրանք էլ սեղանիդ հայտնաբերվելով, կսկսես ախորժակով ճաշակել։ Մի քանի վերացական փորձերից հետո այդ մտասեւեռումը կդառնա առօրյա, որից հետո ապրելն անհամեմատ կհեշտանա, հիմալայցիներին կգերազանցենք թե՛ քչակերությամբ, թե՛ երկարակեցությամբ։ Մեր ինքնասիրությունը կխնայենք՝ միաժամանակ տեր դառնալով առողջության հրաշքին։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն գիտակցությունը, որ կարելի է ապրել առանց օտարածին ծրագրերի՝ սեփական հողին աճող մրգերով ու բույսերով։
Այսպես շարունակելով աստիճանաբար հաշվեհարդար կտեսնենք աղքատության մյուս տեսակների հետ եւս։ Արդեն հիմա՝ 1995թ. վերջին, պարզել ենք, որ մեր փողոցներում մեքենաներն ավելի շատ են, քան, օրինակ` մայիսին։ Ի դեպ, ավել են երեք անգամ եւ դա վերաբերում է ոչ միայն մեր սիրելի բյուրոկրատիայի ծառայողական մեքենակազմին, այլեւ շարքային քաղաքացիների անձնական եւ հասարակական օգտագործման փոխադրամիջոցներին։ Բարձրացվող հարկերն ու վերացվող նպաստները այլեւս սարսափելի չեն թվում։ Քիչ է մնում Զարգացման ծրագրին շնորհակալություն հայտնենք ու ճանապարհենք դեպի Հիմալայներ։ Թող քչակեր-աշխատասերներին հարստանալ սովորեցնեն, մենք դրանից կուշտ ենք։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ