Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները բավականին խորն են, սակայն Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշ ուղղություններով դեռ մեղմ է եւ անորոշ։ Հիշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռեւս ղեկավարում է Անդրեյ Կոզիրեւը՝ Արեւմուտքի համար ամենաընդունելի գործիչը Ռուսաստանում։ Ռուսաստանում այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կոզիրեւն առ այսօր նախարար է Արեւմուտքի պահանջով։ Նրա դիրքորոշումն այսօր հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։ Իսկ ազգային շահը Ռուսաստանում գնալով բյուրեղանում է, որպես տնտեսական ու քաղաքական տարբեր շրջանակների եւ ժողովրդի մենթալության ներդաշնակում։ Արդեն արտաքին ուժերը չեն կարող շրջանցելով ազգային շահը քաղաքականություն թելադրել Ռուսաստանին։ Ռուսական հասարակությունը Կոզիրեւին չի ներելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սերբիայի դեմ պատժամիջոցների օգտին քվեարկելը։ Ռուսական դիվանագիտության կողմից ռուսական շահերի ոտնահարման այս խայտառակ փաստը, դեռ շատ պատմաբանների կստիպի հրաժարվել ռուսական պատմության ռացիոնալ իմաստավորման հուսահատ փորձից։ Չնայած Կոզիրեւը դեռ նախարար է, բայց նրա դարաշրջանն արդեն ավարտվեց։ Դումայի ընտրություններից հետո Կոզիրեւն այլեւս կառավարությունում տեղ չի ունենա։ Եվ ընդհանրապես, նրա տիպի գործիչներն արդեն կհեռանան ռուսական քաղաքականությունից։
Ըստ երեւույթին, ընտրություններից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար կխստանա, իսկ ռուսական շահերը շոշափող կարեւորագույն հարցերում կդառնա անզիջում։ Ընդ որում, քաղաքականությունը կխստանա նաեւ «մերձավոր արտասահմանի» երկրների հետ հարաբերություններում՝ սահմանափակելով Արեւմուտքի հետ նրանց սիրախաղի հնարավորությունները։ Չի բացառվում, որ դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը ազդի նաեւ ԱՊՀ երկրների ներքաղաքական պրոցեսների վրա: Սա կենթադրի անկայունության մի ժամանակաշրջան ԱՊՀ որոշ երկրներում։ Այդ անկայունությունն այսօր ավելի շահավետ է Ռուսաստանին, քան Արեւմուտքին, քանի որ Ռուսաստանն իր տնտեսական-ֆինանսական լծակներով այսօր չի կարող ազդել ԱՊՀ երկրների վրա։ Անկայուն իրադրության դեպքում մեծանում է ոչ տնտեսական լծակներով միջամտելու հնարավորությունը։ Անդրկովկասում հակամարտությունների կարգավորման ընթացքում Ռուսաստանը կարող է օգտագործել իր քաղաքական-դիվանագիտական լծակները։ Ծայրահեղ դեպքում նույնիսկ ռազմական, օգտագործելով զինվորականության վրա իր մեծ ազդեցությունը:
Այդպիսով, մենք կդառնանք նոր կայսերական քաղաքականության ականատեսը։ Իսկ աշխարհը եւ մենք պետք է պատրաստ լինենք, հաշվի նստելով այդ քաղաքականության հետ, հետապնդելով մեր շահերը։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ