Պետք չէ նախանձել «Աբովյանի շրջանի Գառնի, Զովք, Կաթնաղբյուր, Ջրաբեր եւ մի շարք այլ գյուղերի» բնակիչներին։ Ձմռանը իրենց բնակարանները գազով ջեռուցելու եւ խոհանոցում գազօջախի վրա կերակուր պատրաստելու իրավունքը նրանք դյուրությամբ չեն նվաճել։ Բայց, ինչպես ասում են, դա խնդրի հաջորդ կողմն է, առաջինը, միեւնույն է, մարդկային սովորական նախանձն է։ Հանրապետության ո՞ր բնակիչը երանի չի տա բարեկեցության հուշը ներկա դարձրած աբովյանցիներին, երբ ինքը հոսանքի ժամերին գամվում է մի թույլ «պլիտայի» կամ դժվարությամբ ձեռք բերած փայտի, թեփի, քարածխի վառարանի մոտ, իսկ մնացած ժամանակը՝ ըմբռնումով քաղցում ու մրսում։ Այնուամենայնիվ, նույնիսկ նախանձը չպետք է խանգարի հասկանալ, որ նման բարիքից օգտվելու համար պետք է խորդուբորդ ճանապարհ անցնել։ Էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնի ղեկավար Ժասմինա Ղեւոնդյանը իմ խնդրանքով թվարկում է այդ ճանապարհի արգելքները, ավելի ճիշտ՝ կանգառները։ Նախեւառաջ հարկավոր է կանխավճար մուծել։ Ապա՝ տեղական իշխանությունները պետք է ստանձնեն գազամատակարարման ողջ պատասխանատվությունը, դրանում ներառելով համակարգի անխափան աշխատանքի եւ անվտանգության ապահովումը: Հընթացս բանակցություններ վարեն «Հայգազարդ» կոնցեռնի հետ՝ արդյունքում ձեռք բերելով գործնական պայմանավորվածություն։ Ի վերջո, անհրաժեշտ է, որ հանրապետություն մտնող գազի ծավալները 5 մլն խորանարդ մետրից պակաս չլինեն։ Սակայն, այս ամենը վերաբերում է ամռանը, մինչդեռ «Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում տպագրված լուրի հեղինակը գազի ներկայությունը վերագրում է ձմռանը։ «Աբովյանցիներն այս պահին գազ ստանո՞ւմ են» հարցիս Տ. Դեւոնդյանը պատասխանեց՝ «Կարծում եմ՝ ոչ»։ «Հայգազարդ» կոնցեռնի ընդունարաններում ու որոշ առանձնասենյակներում հեռախոսային արշավ կազմակերպելուց եւ փառավորապես պարտվելուց հետո հրաժարվում եմ «այո-ոչի» հավաստիությունն ստուգելու նպատակիցս եւ ստիպված այն «դասում» մասնավոր խնդիրների շարքը։
«Որքանո՞վ է իրական ամբողջ հանրապետության գազամատակարարման հեռանկարը» հարցին եւս պատասխանում է լրատվականի ղեկավարը։ Տեսականորեն կարող է գործել այսպիսի տարբերակ. բոլորը գազ ստանալու ցանկություն ունեն, ուստի սիրով ու միակամ մուծում են կանխավճարը։ Տեղական իշխանությունների ջանքերը համընկնում են «Հայգազարդի» պահանջներին, եւ կառավարությունը փակում է Թուրքմենիայի պարտքը։ Նա ավելացնում է գազի չափաքանակը, որի հրաշալի արգասիքը դառնում է հայ օջախներում վերաբոցկլտացող կապույտ հրաշքը։ «Հայաստանը Թուրքմենիային պարտք է 50 մլն դոլար, որը գոյացել է էլեկտրաէներգիայի վարձը չմուծելուց։ Եթե մարդիկ օգտագործածի համար չեն վճարում, չստացած գազի համար կանխավճա՞ր կտան»։ Այսինքն, բարեկեցության միակ չափանիշը շարունակում է մնալ վճարունակությունը։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ