«Ազգ» թերթի նոյեմբերի 28-ի համարում ոչ անհայտ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «ՀԱԷԿ-ում կա 1600 տակառ ռադիոակտիվ թափոն։ Ըստ իմ վերջին տեղեկությունների, Ֆրանսիայից եկած ներկայացուցիչները հայտնել են, որ դրանք պայթունավտանգ են, քանակն այնքան է, որ առաջացել է կրիտիկական զանգված, որից կարող է պայթյուն առաջանալ»։
Պարզելու համար, թե որքան է այս հայտարարությունը մոտ իրականությանը, Արմենպրեսի թղթակիցը դիմեց ՀԱԷԿ-ի փոխտնօրեն Սլավիկ Դանիելյանին, որը մասնավորապես ասաց.
– Պարոն Ստամբոլցյանի հայտարարությունները, մեղմ ասած, մակերեսային են, ոչ գրագետ, իր իսկ խոսքերով ասած՝ «հսկա աղմուկ» բարձրացնող, տագնապահարույց են։
Ըստ Ս. Դանիելյանի, աշխարհի բոլոր ատոմակայաններում էլ թափոններ կան։ Մինչեւ վերջնական վերամշակումը դրանք պահպանվում են հատուկ պահեստարաններում։ Անտեղյակության կամ միտումնավորության պատճառով դրանք պայթունավտանգ համարելը ծիծաղելի է: