Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ օգուտներ սպասենք «լիսենկոներից»

Դեկտեմբեր 02,1995 11:37

Ռուսաստանում նախընտրական արշավի եռուզեռը շարունակվում է։ Քաղաքական գործիչներից ժողովրդին ուղղված այնքան շատ խոստումներ են հնչում, որ, կարծես, դեկտեմբերի 17-ից հետո այս կամ այն կազմակերպության հաղթանակի հետեւանքով կյանքը կտրուկ կբարելավվի։ Բնականաբար, մարդիկ զգուշորեն են վերաբերվում նման խոստումներին, նրանք հիշում են դեռ 91-ի եւ 93-ի նախընտրական խոստումները, եւ այդ իմաստով ներկա քաղաքական ուժերի գովազդային բնույթի քարոզչությունը այդքան էլ մեծ ազդեցություն չի թողնում։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է հետեւել խոստումներ տվող գործիչներին, նրանց պաթոսին։ Առաջինը, որ անմիջապես աչքի է զարնում՝ այն է, որ գրեթե բոլորն իրենց ծրագրերում

հիմնական շեշտը դնում են ազգային զգացմունքների եւ հավաքական նպատակների վրա, հետին պլան թողնելով դեմոկրատիայի ու լիբերալիզմի տեսլականները. «Մեր տունը Ռուսաստանն է», «Ռուսական համայնքների կոնգրես», «Առա՛ջ Ռուսաստան», «Իմ հայրենիք» (Գրոմով), «Դերժավա»

(Ռուցկոյ) եւ այլ միավորումներն այդպես են վարվում։ Այստեղ, կարծես, ոչ մի վատ բան չկա, հաշվի առնելով, որ հասարակ մարդը անտարբեր է թե՛ դեմոկրատական, թե՛ համամարդկային, թե՛ ազգային արժեքների նկատմամբ, թե՛ հայրենիքի հզորացման, բարգավաճման հանդեպ եւ այլն։ Սակայն պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ այդ գաղափարների ծայրահեղացումը բերել է մարդկանց մեծ ողբերգություններ եւ չարիք։ Եվ հենց այդ պատմությունից հայտնի է, որ այլ ազգերի հանդեպ թշնամանք սերմանելը ոչ այլ ինչ է, քան կատարյալ սրիկայություն։ Եվ այդ գնահատականը կիսել է գրեթե ցանկացած՝ տարրական արժանապատվություն ունեցող մարդ։

Նման հարցերում «պլյուրալիզմ» խաղալը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական գաղափարների խեղաթյուրում։ Եվ հենց այդ գնահատականը պետք է տալ, լսելով այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ժիրինովսկին (լուսանկարում) եւ ազգային-հանրապետական կուսակցության ղեկավար Նիկոլայ Լիսենկոն։

Վերջինիս հայ ընթերցողը, ինչպես հայտնի է, ճանաչում էր որպես «հայ ժողովրդի բարեկամ»՝ շնորհիվ մեր որոշ քաղաքագետների։ Եվ այդ գնահատականին Լիսենկոն արժանացել էր իր ընդգծված «հակաադրբեջանական» կեցվածքով։ Ինչպես հայտնի է, ցանկացած հակաթուրքական, հակաադրբեջանական ֆրազ, խոսք, պաթոս, շոյում է մեր ականջը։ Այդ գործիչների հանդեպ մենք սկսում ենք ցուցաբերել մեծ թուլություն, եւ չենք էլ նկատում, որ «հակաթրքությունը» չի նշանակում նաեւ «պրոհայկականություն»։ Ընդհակառակը, ինչ-որ մեկի հանդեպ ցանկացած «հակաությունից» առաջանում է գրեթե բոլորի հանդեպ նման «հակաություն»։ Այս տարրական թեզը մենք պետք է չմոռանանք։

Իսկ վերջերս դա մեզ հիշեցրեց «հայ ժողովրդի մեծ բարեկամ» Լիսենկոն։ Ելույթ ունենալով ռուսական հեռուստատեսությամբ իր նախընտրական ճառով, նա նշեց, որ «Ռուսաստանում հանցագործությունների հիմնական պատճառը… կովկասցիներն են ու միջինասիացիները»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հասկանալի էր այստեղից նրա երկրորդ թեզը, ըստ որի «Ռուսաստանում հանցագործության խնդիրը վերացնելու համար պետք է դուրս հանել բոլոր կովկասցիներին, որոնք անօրինական ձեւով գտնվում են երկրում»։ Իսկ որպես նման քայլի օրինակ, նա բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պոտսդամում ընդունված որոշումը, ըստ որի՝ Չեխոսլովակիայի ու Լեհաստանի գերմանացիները արտաքսվեցին այդ երկրներից։ Այսպիսով, ըստ Լիսենկոյի, պետական մակարդակով միլիոնավոր մարդկանց արտաքսումը Ռուսաստանից չի հակասում ազգային-դեմոկրատական սկզբունքներին: Իսկ իր նման առաջարկի հիմնավորման համար նա բերեց «թվեր», թե քանի տեսակի եւ ինչ բնույթի հանցագործություններ են կատարում «ադրբեջանցիները, վրացիները, հայերը, չեչենները» եւ այլոք։

Սակայն ամենազարմանալին այն է, որ նրա, այսպես ասած, «առաջարկները» բնական են համարվում նույնիսկ մեզ մոտ։ «Իրենց ազգային շահերի տեսակետից նա ճիշտ է»,- ահա այն տարածված գնահատականը, որը հնչում է մեզ մոտ։ Զարմանալի տգիտություն։ Նախ, սկսենք «իրենց շահերից»։ Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները հիմնականում զբաղվում են Ռուսաստանում մանր ու միջին ձեռներեցությամբ, որով մեծ օգուտ են բերում նաեւ այդ երկրին։ Ռուսաստանում շուկայական հարաբերությունների զարգացումը, ցավոք, չափազանց մեծ չափով կրիմինալ բնույթ է կրում։ Սակայն այստեղ կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որտեղ «կովկասցիների» դերը չափազանց «համեստ է»։ Իսկ որոշիչ գործոնն այստեղ ռուսական բյուրոկրատիան է։ Ըստ էության, Ռուսաստանում այսօր ստեղծված է բյուրոկրատական կապիտալիստական համակարգ, որտեղ բյուրոկրատիան տզրուկի նման օգտվելով «շուկայից», փորձում է պաշտպանվել սեփական ժողովրդից՝ օգտագործելով «հրեաների» ու «կովկասցիների» խաղաքարտը։ «Մտավորական» ռուսներին վախեցնում է «հրեաներով», իսկ հասարակ մարդկանց, որոնք իրենց առօրյա կյանքում շփվում են ոչ թե «մասոնների», այլ կովկասցիների հետ, վերջիններով։ Իսկ սեփական ժողովրդին խաբելու համար … նույնիսկ օգտագործվում են Ժիրինովսկու ու Լիսենկոյի տիպի «գործիչներին», սրիկայաբար շահագործելով մարդկանց բնական ազգային զգացմունքները։

Հասկանալի է, որ իր սեփական երկիրը թալանող ռուսական բյուրոկրատիան «հրեաների» կամ «կովկասցիների» խաղաթղթերը օգտագործելով, «ռուսական ազգային շահեր» չի հետապնդում։ Այս տարրական ճշմարտության դասերը սովորել են ողջ աշխարհում։ Այսօր նման քննություն է տալիս նաեւ ռուս ժողովուրդը։ Սակայն զարմանալի է, որ մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք մինչեւ հիմա էլ չհասկացան, որ Ժիրինովսկու կամ Լիսենկոյի նման մարդիկ չեն կարող լինել Ռուսաստանի իրական շահերը պաշտպանողներ, եւ առավել եւս՝ «հայ ժողովրդի բարեկամներ»…

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031