Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի վարորդին սպանողը մահապատժի է ենթարկվելու

Դեկտեմբեր 02,1995 10:24

Երեկ ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց Իրանի քաղաքացի Իրահ Ֆուր Միրզա-Բեկի սպանության գործի քննությունը՝ դատապարտելով մարդասպանին առավելագույն պատժի։ Դատարանը մեղավոր ճանաչեց Սողոմոն Քոչարյանին՝ 1966թ. ծնված, նախկինում Բաքվի, այժմ Գորիսի բնակիչ։

Ինչպես իր մեղադրական ճառում նշեց դատախազը, ամբաստանյալի անձը իսկապես հակասական գնահատականներ է առաջացնում. մի կողմից նա քաջ ազատամարտիկ է, Ղարաբաղի գրեթե բոլոր խոշոր ճակատամարտերի մասնակից, որը բազմաթիվ անգամ վիրավորվելով, դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ։ Մյուս կողմից՝ Քոչարյանն անցյալում արդեն երկու անգամ դատապարտվել էր եւ սառնասրտորեն ծրագրել էր նոր հանցագործությունը՝ ելնելով զուտ շահախնդրական դրդապատճառներից։

Օգոստոսի 11-ին Գորիս-Կապան խճուղում Սողոմոն Քոչարյանը, թաքնվելով իր իսկ կողմից նախապես պատրաստած տաքապահոցներում, կրակեց խճուղով անցնող իրանական «Սկանիա» մակնիշի մեքենայի առաջին անիվին։ Երբ վարորդը չլսեց կրակոցների ձայնը, քանի որ փամփուշտներն անձայն էին, կանգնեց անիվը փոխելու նպատակով, Սողոմոնը նորից գործի դրեց ինքնաձիգը։ Մահը վրա հասավ ոչ թե հրազենային, այլ գանգուղեղի վնասվածքից, որի պատճառը կամ հարվածն էր, կամ վայր ընկնելը:

Սպանված վարորդին Քոչարյանը դուրս բերեց խճուղուց եւ գցեց մոտակա ձորակի մեջ։ Այնուհետեւ հանցագործն անհետացավ՝ նախապես վերցնելով մեքենայից 100 դոլար, 10 հազար իրանական ռեալ, 15 հազար ադրբեջանական մանաթ եւ իր զոհի փաստաթղթերը։

Ամբաստանյալի խոսքերով, նա կատարեց այդ սպանությունը, քանի որ զրկված էր ապրելու միջոցներից, քանի որ, վերադառնալով Ղարաբաղից, չուներ ոչ աշխատանք, ոչ տուն եւ ստիպած էր խնամել հղի կնոջը եւ նրա երեխային՝ առաջին ամուսնությունից։ Բացի այդ, նա պարտք էր 300 դոլար, եւ պարտատերերը սպառնում էին նրա ընտանիքին հաշվեհարդարով։ Ճիշտ է, նա նշում էր նաեւ այլ դրդապատճառ, որը դատախազը անհիմն անվանեց, իբր ենթադրում էր, որ իրանցիների անվան տակ թաքնված են ադրբեջանցիները։ Սակայն բոլոր փաստերը խոսում էին հօգուտ այն բանի, որ հանցագործությանը չի կարելի տալ որեւէ ազգային երանգ։ Սպանված 32 տարեկան իրանցի վարորդի տեղը, որի երկու անչափահաս աղջիկները մնացին որբ, կարող էր հայտնվել ցանկացած մեր հայրենակից, եթե նա այդ չարաբաստիկ պահին անցներ նույն խճուղով։

Ճիշտ է, սպանվածի ազգությունը, հավանաբար, դեր խաղաց նման խիստ պատժամիջոց կիրառելու առումով։ Հնարավոր է, որ այլ դեպքում հաշվի կառնվեին ամբաստանյալի մարտական ծառայությունները։ Սակայն իրանական կողմը, այդ թվում նաեւ դատավարությանը մասնակցող իրանական փաստաբանները, մահապատիժ էին պահանջում, հատկապես շեշտելով այն փաստը, որ այդ դեպքը կարող է մեծապես վնասել հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններին։

Եվ այսպես, դատավճիռը ընդունված է։ Կարելի է միայն ավելացնել, որ նույն գործով Սողոմոնի մարտական ընկեր Սարգիս Թադեւոսյանը, որն ընկերոջն է տվել հանցագործության գործիք ծառայած զենքը (չիմանալով ինչի համար է այն կիրառվելու), դատապարտվեց 4 տարով՝ ապօրինի զենք կրելու համար։ Նշենք նաեւ, որ, ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում արդեն մի քանի տարի է, մահապատիժներ չեն իրականացվում։ Պատճառները զուտ տեխնիկական են։ Այսպիսով, Սողոմոն Քոչարյանը համալրեց այն դատապարտվածների շարքը, որոնք գտնվում են կյանքի եւ մահվան տանջալի սահմանագծի վրա:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031