Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննություն մեղադրյալ հորիզոնի հետ

Դեկտեմբեր 01,1995 22:15

Քննիչ- Մեղադրյալ Հորիզոն, դուք գիտե՞ք ինչի համար եք մեղադրվում։

Մեղադրյալ- Կռահեցի։ Երեւի ծննդյանս օրը հուլիսի 10-ից դեկտեմբերի 1-ը տեղափոխելու համար։

Քննիչ- Իսկ Դուք գիտե՞ք, որ դա նույնպես կեղծարարություն է։

Մեղադրյալ- Համենայնդեպս, զեղծարարություն չէ։

Քննիչ- Ի՞նչ, ուրեմն Դուք ուզում էիք բռնել նաեւ զեղծարարությա՞ն ճանապարհը։

Մեղադրյալ- Ախր, ես…

Քննիչ- Լռե՛ք, երբ որ խոսում են։

Մեղադրյալ- Հենց էնպես խոսողին լսում են հենց էնպես։

Քննիչ- Դուք պարտավոր եք ենթարկվել օրենքին։

Մեղադրյալ- Այդ ո՞ր օրենքն է մեզ հոր նման պաշտպանել։

Քննիչ- Հանգիստ նստեք, ի՞նչ եք անընդհատ կողքի շրջվում։

Մեղադրյալ- Ի՞նչ է, կարծում եք ամեն կողքի վրա շրջվելը հեղաշրջո՞ւմ է։

Քննիչ- Գոնե Ձեր տարիքից ամաչեք։

Մեղադրյալ- Մինչեւ չամաչելը պիտի ամաչեի։

Քննիչ- Լռե՛ք։

Մեղադրյալ- Ինչ է, ուզում եք Ձե՞ր ձայնը լսել։

Քննիչ- Դուք մեղադրվում եք նաեւ փողոցներում եւ հասարակական վայրերում Շիրազին նմանակելու համար։

Մեղադրյալ- Շնորհքի հարց է։ Կարող եք՝ Դուք էլ նմանակեք։

Քննիչ- Ո՞ւմ, Շիրազի՞ն։

Մեղադրյալ- Բա էլ ուրիշ գրող կա՞։

Քննիչ- Իսկ Դուք գիտե՞ք, որ ոչ թե նմանակում, այլ կողոպտում ու գողանում եք մեծանուն բանաստեղծին։

Մեղադրյալ- Ում շատ է տրված՝ նրանից շատ են գողանում։

Քննիչ- Դարձյալ սրամտում եք, հա՞:

Մեղադրյալ- Իսկ Դուք սրամիտների շրջապատում ոտաբոբիկ մի քայլեք։

Քննիչ- Համենայնդեպս, Շիրազ չեք լինի։

Մեղադրյալ- Ի՞նչ արած, Հռոմը փրկող սագերին էլ մորթեցին, կերան։

Քննիչ- Դրա համա՞ր եք աշխարհը փրկող Մեծ Առաջնորդի պատվանդանին մի շնչով տիրացել (վկա՝ լուսանկարը):

Մեղադրյալ- Բա էլ ո՞ր օրվա համար եմ պահել երկրորդ շնչառությունս։

Քննիչ- Երեւի ուզում էիք նորանոր Հորիզոննե՞ր հայտնաբերել Բարձունքից։

Մեղադրյալ- Նման պատվանդաններից Հորիզոնում ոչինչ չի երեւա։

Քննիչ- Երեւում է՝ հարուստ երեւակայություն ունեք։

Մեղադրյալ- Հարուստ երևակայությունը փոքր հարստություն չէ։

Քննիչ- Իսկ ի՞նչ է Ձեր կարծիքով։

Մեղադրյալ- Համենայնդեպս, փող չէ, որ տարբեր գրպաններում դնեք՝ մարմինը տաքանա։

Քննիչ- Է՛, դրանք թեթեւ մտքեր են։

Մեղադրյալ- Այդպես է միշտ, ամենաթեթեւ մտքերը նստում են լեզվի ծայրին։

Քննիչ- Ձեզ հետ խոսելը կրակ է, կրակ։

Մեղադրյալ- Գոնե մի քիչ տաքացա՞ք։

Քննիչ- Ոչ միայն տաքացա, այլեւ կրակն ընկա։ Հիմա ես Ձեզ ո՞ր հոդվածով մեղադրեմ։

Մեղադրյալ- Նախ իմ 68-ամյակի առթիվ մի հոդված գրեք, հետո նոր…

Քննիչ- Հետո ի՞նչ։

Մեղադրյալ- Հետո կլինեմ 69:

Քննիչ- Դե, լավ, լավ։ Շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առիթով։ (Մեկնում է ձեռքը):

Մեղադրյալ- Շնորհակալություն։ Այնպես չսեղմեք, որ չկարողանամ այլեւս գրիչ բռնել։

Քննիչ- Դուք էլ բանավոր ստեղծագործեք։

Մեղադրյալ- Չգրված օրենքները գրվածից վարժ են կարդացվում…

Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031