Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական երկու մոդել

Դեկտեմբեր 01,1995 15:36

Ի տարբերություն Հայաստանի, հարեւան Թուրքիայում ֆեմինիզմը կարկառուն հաջողությունների է հասել։ Դրա ամենահամոզիչ ապացույցը վարչապետական բազկաթոռը բազմիցս նվաճած Թանսու Չիլլերի գոյությունն է: Բարձրաշխարհիկ թրքուհին իր կանացի հմայքին է ենթարկել ոչ միայն սեփական երկրի, այլեւ արեւմտյան տերությունների հասարակությունները։ Նրան ամենուր ընդունում են, լսում, ծափահարում եւ, իհարկե, վստահում։ Ինչքան անկասելի են թրքուհու հրապույրները։ Նա կարող է հայտնվել ամենահեղինակավոր պալատներում, ամենախստականոն խորհրդարաններում, ամենաշքեղ համերգասրահներում եւ միշտ՝ ցանկալի հյուր է, հաճելի զրուցակից ու խորզգա խորհրդատու: Հակառակ սրան՝ Հայաստանում չկա կանացի համարժեք մի կերպար, որ չէ թե միջազգային, գոնե՝ համազգային դեր՝ ունենար։ Ահա մրցակցության մի ասպարեզ, որտեղ ասելիք չունենք, որը մեր օգտին չէ:

Մինչդեռ միջազգային ֆեմինիզմը հասել է այն կետին, որ օրակարգի խնդիր է դարձել իշխանության ասպարեզում կին- տղամարդ հարաբերությունների փոխատեղումը: Մինչ մենք կսկսենք կանացի արժանապատվությունը տոհմիկ նվիրվածությունից զատելու փորձաշրջանը, ուրիշները հանգած կլինեն աշխարհացունց վճիռների (եզրակացությունները վաղուց են հայտնի):

Օրինակ, «Ներդաշնակություն» միջազգային ֆեմինիստական ակումբի նախագահ, ռուս թատերագիր Մարիա Արբատովան վստահ է եւ այդ մասին բացահայտորեն է արտահայտվում, որ տղամարդկանց ղեկավարած աշխարհը մարդկության համար կարող է կործանարար լինել։ Նրա կարծիքով անվերջանալի պատերազմները, պետական ճգնաժամերը, բնապահպանական վրիպումները, հանցագործությունների աճը, թմրամոլությունն ու հարբեցողությունը եւ այլ արատներ հետեւանք են տղամարդկային բնույթի անկատարության։ Աշխարհի ղեկը, ըստ նրա, պետք է հանձնել կանանց ձեռքը, քանի որ թույլ կամ գեղեցիկ համարվող սեռի ներկայացուցիչներն իրականում ճկուն ու խելացի կազմակերպիչներ են։ Միաժամանակ՝ նրանց ներհատուկ են բարությունը, շրջահայացությունը, ներողամտությունը, կորովը…

Այս կշռույթում Չիլլեր-երեւույթն ավելի է առանձնանում: Տրամաբանական շղթան գոյանում է այս օղակներից. Չիլլերը առաջադեմ կին է՝ ֆեմինիզմի կրող, նա իր երկրում բացառիկ իշխանության է հասել, հետեւաբար, այդ երկիրը վերակերտման, որ նույնն է՝ կատարելագործման փուլում է։ Ֆեմինիստները անառարկա երազողներ չեն, նրանց լավ հայտնի են նաեւ կանացի թերությունները, որոնք հաճախ ճակատագրական են եղել ո՛չ միայն սեփական ժողովուրդների համար: Այնուամենայնիվ, շարժման ժամանակակից նվիրյալներն այնքան են զմայլված Չիլլերով, որ նրա արարքներում ու կերպարում ոչինչ թերի չեն նկատում։ Այնինչ բարձրաշխարհիկ թրքուհին ճշմարտությունը նենգափոխելու եւ ստելու իր բացառիկ ունակությամբ կասկածի տակ է առնում ֆեմինիզմի բոլոր նվաճումները։ Այնքան, որ կին լինելով սկսում ես երկմտել՝ արժե՞, որ աշխարհում կանայք իշխեն: Կասկածի վերջին առիթը վարչապետուհու լոնդոնյան այցն է, նրա հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյջերի հետ, ապա՝ մամուլի ասուլիսի ելույթը։ Իր մահմեդական եղբորը սատարելու ձայները Լոնդոնից միշտ բարձր են լսվել, այս անգամ՝ մի ամբողջ նոտա էլ ավելի։ Երեւի դա է ոգեւորել տիկնոջը, որ Եվրամիության անդամ դառնալու երազանքը տեղափոխելով անգլիական հեռաստաններ (հող դեռ չկա), ասուլիսում իրեն պահել է կիսալլահի պես եւ արտասանել խոսքեր, որոնք այլ լեզվից հնչած լինեին՝ կայրեին այն: Սակայն Չիլլերի  համար սուտ ու ճիշտի սահման չկա, եւ նա Թուրքիան համարում է մահմեդական 56 երկրներից միակ ժողովրդավարականն ու ազատականը՝ «մոդել՝ բոլորի համար»։ «Ժայռի նման ամուր» այդ երկիրը չի ցնցվում քրդերի դեմ սանձազերծած բռնություններից, այլ պահպանում է… Արեւմուտքի արժեքները։ Կարծում եք

ինչ-որ խուժուդուժ ցեղերի՞ց։ Կոմունիզմի՛ց։ Ասուլիսին ներկա դիվանագետները, քաղաքական գործիչներն ու լրագրողները ուրիշ արտառոց տեղեկություններ էլ ստացան, օրինակ, որ Թուրքիան ու Եվրոպան ամբողջություն են, որի վճռական գործոնը, իբր թե, Թուրքիան է: Քանի որ այս ամենն ասվել է կանացի հմայիչ թեթեւամտությամբ եւ ջենթլմենների սիրալիր հավանության ներքո, ավարտվել է ավելի հմայիչ սպառնալիքներով՝ եթե մեզ Եվրամիության մեջ չընդունեք, դրանով կվտանգեք մեր ժողովրդավարությունը: Այդ վտանգը Լոնդոնին հեռուներից է հայտնի, ուստի նա արձագանքել է խրախուսիչ ժպիտով։ Այնպես որ, եթե մի մոտակա օր թուրքական ժայռը հայտնվի Եվրոպական միությունում, մարդկությունը իր շնորհապարտ հայացքը պետք է ուղղի ֆեմինիզմի մարմնացում Չիլլերին։ Իսկ եթե ավելի լրջանանք, կհասկանանք, որ աշխարհը կանանց ու տղամարդկանց միջեւ բաժանելու մղումը ոչ միայն ցնորք է, այլեւ՝ վտանգավոր ցնորք։ Վկան թուրք վարչապետուհին է՝ ինքնահիացումի իր անզսպելի պաշարով եւ, ամենաահավորը, այդ պաշարները Թուրքիայի համար քողածածկույթ դարձնելու մտասեւեռումով։

Ֆեմինիզմի այսպիսի հաղթանակները աշխարհին բոլորովին պետք չեն։ Նույնիսկ՝ քաղաքավարության կեղծ կանոնակարգում հմտացած աշխարհին։ Մի օր նա անկեղծ կժպտա, անկեղծ էլ կծափահարի։ Ու, բնականաբար, կզգա ոչ թե այս կամ այն սեռի ղեկավարի, այլ պարզապես՝ արժանավոր անհատի կարիք։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031