Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց դրամագիտական արժեքները

Դեկտեմբեր 01,1995 13:28

Կենտրոնական բանկը մեր դրամավարկային քաղաքականության իրականացնողն է եւ պատասխանատուն, սակայն ֆինանսատնտեսական գործառույթներին զուգահեռ՝ պատմամշակութային-գեղագիտական նրբերանգներ են ծագում։ 1994 թ. դեկտեմբերի 1-ին ԿԲ-ի Արտարժույթի, թանկարժեք մետաղների եւ քարերի գնման ու վաճառքի բաժինը զատվեց մայր շենքից՝ տեղավորվելով դատաիրավական մարմինների եւ իրանական առեւտրի հանգուցակետում՝ Գերագույն դատարանի, դատախազության եւ նախկին ոսկերչական խանութի՝ այժմ իրանական առեւտրի կենտրոնի միջեւ։ Այս բաժնի գործունեության դաշտում դրամագիտական արժեքներն են, այսինքն՝ հուշամեդալներն ու հուշադրամները, դրանց ալբոմները։ Դրամագիտությունը Հայաստանում նոր վերելք է ապրում։ Ուշագրավը տվյալ դեպքում «հուշադրամ» հասկացությունն է. այս բառի մեջ «դրամ» բաղադրիչի առկայությունը ցույց է տալիս, որ դրանք շրջանառության ենթակա միավորներ են եւ ունեն համապատասխան գումարային արժեք, այսպես՝ «ճախարակը» համապատասխան է 1000 դրամանոցին, իսկ «Ծիրանը», «Սարդարապատը» եւ մյուսները՝ 25-ին։ «Հուշ» բաղադրիչն արդեն մատնացույց է անում պատմական արժեքը։ Հայաստանն առ այսօր վեց հուշադրամ ունի՝ ճաշակավոր եւ բարձրորակ կատարմամբ. դրանց մասին արդեն գրվել է, նորությունն այն է, որ մեր հուշադրամները նվաճում են միջազգային ասպարեզը։ Դրամագիտական արժեքների դասակարգմամբ, գնահատմամբ եւ վաճառքով մասնագիտացող գերմանական «Գյունտեր Շյոն» լրացանկի (կատալոգ) 1995/96թթ. թողարկման մեջ մեր հուշադրամների վեցյակին եւ բուն դրամներին նվիրված է մի ամբողջ հատված: Ընդ որում, նրանց գնահատման գումարները բավական բարձր են. «Սարդարապատը» գնահատված է 80 դոլար կամ 120 մարկ։ Երեւանում դրանց գինը «առավել մատչելի» է եւ տատանվում է 33 (ոսկեծածկույթ) եւ 25 (զուտ արծաթյա) դոլարի միջեւ։ Հուշադրամների առաջին խմբաքանակը արդեն սպառվել է, օրերս ստացվել է երկրորդը։ Նշենք, որ հուշադրամների քանակը սահմանափակ է. առավելագույնը 5000, այսինքն՝ յուրաքանչյուր ձեռքբերող հավակնում է եզակի նմուշների տեր դառնալու պատվին։

Երբ զրուցում էինք բաժնի պետ Մարգարյան Ռազմիկի հետ գնորդների մասին, ակնհայտ դարձավ, որ նրանց սակավաթվությունից բողոքել պետք չէ, թեեւ պարզապես այցելու-դիտորդները ավելի մեծաթիվ են. միգուցե պատճառը ցանկությունների եւ հնարավորությունների անհամապատասխանությունն է, որը բխում է մեր բազմաչարչար աշխատավարձից։ Հավաքորդները, հիացմունքով դիտելով հուշադրամները, հաճախ հեռանում են ձեռնունայն։ Ամեն դեպքում բնութագրական է, որ հուշադրամները գնում են ոչ միայն սփյուռքահայերը, օտարազգիները կամ արտասահման այցելող մեր հայրենակիցները, այլ միջին քաղաքացիները՝ նրբաճաշակ եւ քաղաքակիրթ ընծայի հեղինակ դառնալու ակնկալիքով։ Խանութ-բաժնում գտնվող առաջարկությունների ու տպավորությունների գրքում գործարարների եւ մտավորականների ոգեւորող խոսքերն են։ Ուրախալի է, որ մեր հասարակության մեջ նվիրելու ենթակա առարկաների կայուն ցանկի մեջ տեղ են գտնում նաեւ հուշադրամներն ու նրանց հավաքածուները՝ Գեղամ Պարսամյանի կաղնեփայտից պատրաստված ճաշակավոր տուփերում։

Քրիստոնեության 1700-ամյակին ընդառաջ՝ հայտարարվել է մրցույթ 5-7 նոր հուշադրամների էսքիզների։ Առաջին հայտերը, առաջարկներն ու նախաձեռնումները ստացվում են, այսինքն՝ դրամագիտական արժեքների հարգը Հայաստանում բարձրանում է։

 

Ն.  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031