Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր են ուրվականները

Դեկտեմբեր 01,1995 12:20

Աղքատի աշունն ավարտվեց, աղքատները հույս ունեն, որ գոնե կիսով չափ այդպիսին կլինի նաեւ ձմեռը։ Հույսը հայկական-վերացական երեւույթ է, իսկ ամերիկյան օգնությունը՝ միանգամայն գործնական միջոցառում։ Արդեն քանի ամիս է՝ այն ավետում է, որ Հայաստանի բոլոր դպրոցները ձմռան ամիսներին ապահովված կլինեն անհրաժեշտ վառելիքով ու վառարաններով, ինչը կբացառի ուսումնական պարապուրդները, իհարկե, երեխաներից չխլելով արձակուրդները վայելելու բերկրանքը։

Ձմռան առաջին օրից էլ առաջ՝ հնարավորություն կար ազդարարելու, որ վառելիքի պահեստավորումը հաջողությամբ է ընթանում, նույնիսկ ջեռուցման տարեշրջանն արդեն թեւակոխել է իր իրավունքների փուլը։ Մի նրբություն՝ փուլը առանձնահատուկ է նրանով, որ բարերարների համաձայնությամբ վառարանները տաքացվում են մինչեւ 4-րդ դասաժամը՝ նավթ խնայելով ավելի ցրտաշունչ ժամանակների համար: Սակայն փաստն անժխտելի է՝ նավթի պաշարները համապատասխանում են նախատեսվածին։

Թվում է, թե լրատվությունը սպառվում է, մանավանդ, որ այն, ինչպես նաեւ վառելիքի օրվա չափաբաժինը, հանրահայտ փաստեր են, դեռ մի փոքր էլ չարչրկված։ Բայց, պարզում է, որ նոյեմբերյան վերահաս ցուրտը մայրաքաղաքի որոշ շրջաններ «ավելի» է սառեցրել, քան երեւակայել են ջեռուցման կազմակերպիչները։ Տնօրեններն էլ փութաջանորեն անցել են ինքնագործունեության՝ աշակերտներից նավթ են պահանջել՝ նրանց իսկ առողջությունն ապահովելու համար։ Միայն թե ծնողները այդ հոգատարությունը այնքան էլ ճիշտ չեն ընկալել։ Ընտանեկան խոսակցություններից սկիզբ առնելով, բողոքները հասել են նաեւ Երեւանի քաղխորհրդի կրթության վարչություն, որը հանդես է եկել նախազգուշական հայտարարությամբ՝ աշակերտներից մեկական լիտր նավթ պահանջելն ապօրինի է։ Հայտարարության շարադրանքը տպագրել է նաեւ մեր թերթը՝ նոյեմբերի 24-ի համարում։ Այն ստացվել է «Այսօր 32» լրատվականից եւ կրկին փաստում է հանրահայտը՝ Երեւանի բոլոր դպրոցներն ապահովված են վառելիքով ու վառարաններով։ Նույնը հաստատում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվական կենտրոնի ղեկավար Արմինե Օհանյանը, արդեն հանրապետության մակարդակով։

Պատասխանելով մեղավորներին պատժելու մասին հարցին, նա ասում է, որ նախարարությանը որոշակի անուններ հայտնի չեն։ Ովքեր երեւույթից բողոքում են, գերադասում են անուններ չտալ։ Սկզբում խոստանում են, որ կզանգեն ու լրացուցիչ մանրամասներ կհայտնեն, բայց «մոռանում» են։ Հավանաբար, նրանք կամ փաստեր չեն ունեցել, կամ ուղղակի խուսափել են առճակատումից։ Սա իմ կարծիքն է։

Անորոշության այս մթնոլորտում յուրաքանչյուր երեխա որոշակի անձ է, իսկ ծնողների համար՝ եզակի գանձ։ Շատ ծնողներ, երեւի, չեն զլանա շաբաթվա մեկ օրը ստանձնել դասարանի ջեռուցման գործը (ծախսը): Սակայն նա իր այդ պատասխանատու քայլից առաջ անպայման հարց կտա՝ արդյո՞ք իմ տարած նավթը լրացուցիչ տաքության համար է։ Ինչպես նաեւ կհարցնի՝ իսկ ո՞ւր կհոսի այդ դեպքում՝ հիմնակա՛ն տաքության համար նախատեսվածը։ Կհարցնի, նախօրոք համոզված լինելով, որ պաշտոնական պատասխան չի ստանա: Եվ զարմանալի չէ, քանզի բոլոր ծնողները բողոքում են անդեմ անձանցից՝ ուրվականներից։ Եթե նրանց համարձակությունը բավարարեր ճշմարտությունն ասելու՝ կբավարարեր նաեւ պաշտոնյաների խստությունը՝ մեղավորներին պատժելու համար։ Մոտավորապես սա է պաշտոնական պատասխանը։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031