Խանդավառ միջոցառումները, որոնցով կոմունիստները նշեցին նրանց համար պայծառ տոնը՝ Հայաստանի սովետականացումը, պարզվում է, բացի ամեն ինչից նաեւ Հայաստանի կոմկուսի լուրջ հայտն էին՝ քաղաքական գործունեության ակտիվացմանն ուղղված։ Դրա մասին երեկ պաշտոնապես հայտարարեցին կոմկուսի ներկայացուցիչները՝ եւս մեկ անգամ հիշեցնելով ժողովրդին, այդ թվում նաեւ լրագրողներին, որ «կա այդպիսի կուսակցություն», ընդ որում՝ նրա առաջնորդների կարծիքով, այն ամենախոշորն է հայաստանյան քաղաքական կազմակերպություններից։ «Խղճուկ քաղաքագետներին», որոնք վախեցնում են ժողովրդին կոմունիստներով եւ նրանց համախոհներին, որոնք սեւացնում են մարքսիզմ-լենինիզմի պայծառ գաղափարները, խորհուրդ տրվեց մասնակցել նման միջոցառումներին, քանի որ դրանք ի ցույց են դնում աշխատավորական լայն զանգվածների միասնությունը։ (Մեր տվյալներով, երեկ նշված միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր թոշակառու):
Ընդսմին, կոմկուսի բրիֆինգի ժամանակ նշվում էր, որ դա նորացված կազմակերպություն է, որը վճռականորեն վեր է լուծել անցած ուղին եւ ընդունում է թույլ տրված սխալները։ Մի խոսքով, ոչ ոք աշխարհում ի վիճակի չէ դիմակայել սոցիալիստական վերածնունդը։ Իսկ նրանք, ովքեր «փորձում են պառակտել մեր շարքերը», շուտով կհիասթափվեն, հաշվի առնելով ռուսաստանյան կոմունիստների փայլուն հեռանկարները առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Հավանաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, Հայաստանի կոմունիստները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ արդեն այսօր պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին։ Կոմկուսի առաջնորդների խոսքերով, հնարավոր է ձախ ուժերի միավորումը, հատկապես կոմունիստների, դեմոկրատների եւ ԳիԱրՔՄի-ի հետ (հավանաբար, հաշվի առնելով այդ կազմակերպությունների հոգեւոր մոտիկությունը): Կոմունիստները շուտով կկողմնորոշվեն նաեւ նախագահի թեկնածուի հարցում։
Ինչ մնում է կոմկուսի «պառակտիչներին», որոնք նույնպես իրենց համարում են միակ «ոգեւորող եւ ուղենշող» ուժը, ապա բրիֆինգի մասնակիցները պատմեցին վերջիններիս ահաբեկչական հակումների եւ հակասահմանադրական բնավորության մասին, նշելով, որ նրանց ճանապարհները տարբեր են: Ելույթների ենթատեքստից դատելով, կարելի է եզրակացնել, որ մեր կոմունիստների ճանապարհը ուղղակիորեն տանում է նրանց ռուսաստանյան ավագ եղբայրների գիրկը, ճիշտ նույն ձեւով, ինչպես կոմկուսի անջատողականների։ Իսկ դա նշանակում է, որ կոմունիստական շարժումը Հայաստանում ընդլայնվելու է, եւ ստեղծվելու են եւս երկու-երեք նոր կազմակերպություններ՝ գրեթե նույն ուղղվածությամբ։
Գ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ