Երեկ տեւական ընդմիջումից հետո ԱԺՄ-ն ասուլիս էր կազմակերպել, որի առիթը 1996 թվականի պետբյուջեի քննարկումների կապակցությամբ վարչապետի հետ կայացած հանդիպումն էր։ ԱԺՄ-ի սենյակում փայտի վառարանը հաճելի ջերմություն էր արձակում՝ մեղմելով տնտեսական եւ քաղաքական կտրուկ ժխտումների պաղ մթնոլորտը։ Ասուլիսը բացեց լրատվական կենտրոնի ղեկավարը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանական խմբակցության եռյակին՝ Դավիթ Վարդանյան, Արշակ Սադոյան, Սեյրան Ավագյան, որին միացել էին ԱԺՄ-ի տնտեսական թեւից՝ Միքայել Մելքումյանը եւ Սեմյոն Բաղդասարյանը։
Մինչ բուն նյութին անցնելը՝ Դավիթ Վարդանյանը փաստեց «Արմենպրեսի» տարածած տեղեկատվության անհամապատասխանությունն իրականության հետ. իրենք համերաշխություն չեն հայտնել կառավարությանը եւ չեն էլ պատրաստվում հայտնելու, համաձայնության միակ եզրը արտաքին տնտեսական քաղաքականության մեջ վարկերի ձեռքբերման անհրաժեշտությունն է, որից հետո իրենց ճանապարհներն անդարձ բաժանվում են։ ԱԺՄ-ն կտրուկ մերժում է կառավարության սոցիալ-տնտեսական, դրամավարկային քաղաքականությունը՝ որպես Հայաստանի շահերին արմատապես հակասող։ Այդ հանդիպումից իրենք որեւէ ակնկալիքներ չունեին։ Սեյրան Ավագյանի փոխաբերական արտահայտությամբ՝ պատուհանից դուրս քանդված երկիրն է, թալանված քաղաքացիներն ու հայրենալքությունը, իսկ կառավարության ներսում՝ ամեն ինչից՝ անգամ աշխատավարձից գոհ մարդիկ։ Այս փոխբացառող իրողությունները, Դավիթ Վարդանյանի կարծիքով, տրամաբանական են. իշխանության այս կառուցվածքից այլ բան ակնկալելն անհեթեթ է։
ԱԺՄ-ի սկզբունքային դիրքորոշումները հանգում են հետեւյալին. Ա) Հայաստանում քաղաքական իշխանությունն է թելադրում տնտեսությունը, իրավական պետության կառուցման ուղղությամբ ոչինչ չի կատարվում։ Պետական իշխանությունը վերածվել է մրցակցող խմբավորումների (թայֆա): Այս պարագայում խոսք անգամ չի կարող լինել ազատ շուկայի մասին, շուկան ենթադրում է անձի եւ գույքի անձեռնմխելիություն, իսկ Հայաստանում ոչ
ոք ապահովագրված չէ իշխանական ոտնձգություններից, օրինակը՝ Բաղրամյանի խոզաբուծական համալիրը, որը կամայականորեն հանձնվեց Պաշտպանության նախարարությանը։ Այստեղ ոչ ոք ներդրումներ չի կատարում՝ ո՛չ արտասահմանյան ընկերությունները, ո՛չ սփյուռքահայերը, որովհետեւ ձեռներեցների իրավական պաշտպանվածության երաշխիքներ չկան։ Թայֆայականությունը, բնականաբար, հանգեցնում է ստվերայնության, Հայաստանում տնտեսության բնական օրենքները չեն գործում. «Մեզ մոտ ո՛չ սոցիալիզմ են կառուցում, ո՛չ կապիտալիզմ»։ Մենք դարձել ենք իշխանության ուժով տնտեսական կյանքը կառավարող մի պետություն՝ բոլշեւիզմի եւ ավտորիտարիզմի լավագույն ավանդույթներով։
Կարդացեք նաև
Բ) Բնակչության կենսամակարդակը օրեցօր անկում է ապրում, եթե նախկինում նվազագույն աշխատավարձով հնարավոր էր գնել 70 կգ հաց, ապա այսօր՝ 5 կգ, եւ աղքատացած հարեւաններն էլ անկարող են պարտքեր տալու միմյանց։ Վարչապետն իրավիճակը բացատրում է ցնցաբուժմամբ (շոկային թերապիա), որի էությունը հանրամատչելի բացատրվում է. ով փող ունի, թող ապրի, ով՝ ոչ …: Դ. Վարդանյանի համոզմամբ՝ Հրանտ Բագրատյանը մերժում է աշխատավարձի գաղափարը՝ որպես մարդու ՛ նվազագույն կենսաապահովման զամբյուղը բավարարող միջոց (վարչապետին համառորեն տանջում է մարքսիստական տնտեսագիտության ուրվականը): ԱԺՄ-ի հաշվարկներով քիչ թե շատ տանելի ապրելու համար անհրաժեշտ է 200 դոլար, իսկ բյուջետային հիմնարկներում աշխատողները ստանում են դրա 3-4 տոկոսը։ Բայց, եթե չկա գնողունակություն, չի կարող լինել պահանջարկ, այս ամենին գումարվում է հոգեբանական ճնշվածության գործոնը։ Արդյունքում հայ հասարակությունը վերածվում է իր գոյությունը քարշ տվող զանգվածի, չկա զարգացում։
Վարչապետը մասամբ ընդունել է ԱԺՄ-ի մտահոգությունները, սակայն բյուջեի սղությունը փակում է առարկությունների ողջ դաշտը։ Իսկ ԱԺՄ-ն համոզված է, որ հարկային ճկուն քաղաքականությամբ կարելի է գտնել անհրաժեշտ գումարներ։ Միքայել Մելքումյանը թվերով ներկայացրեց հարկային քաղաքականության խոցելիությունը։ Եթե անգամ օրինական հարկերի կեսը հավաքվի, ապա բյուջեն հնարավոր կլինի հասցնել 1 մլրդ դոլարի։ Այնինչ այդ գումարները տնօրինում են ստվերային կառույցները։ Բաց է մնում խնայդրամարկղի 900 մլն ավանդների վերադարձման հարցը։ ԱԺՄ-ն դեռեւս ԳԽ-ին էր ներկայացրել բնակչությանը ավանդները վերադարձնելու օրենքի նախագիծ, որը մերժվել էր։
Գ) Կրթության եւ առողջապահության ոլորտներում անդառնալի բացասական տեղաշարժեր են կատարվում, այսօր կրթվել եւ բուժվել կարող են լոկ ունեւորները, որոնք բնակչության չնչին տոկոսն են կազմում։ Ազգի ապագան որոշող այս երկու ասպարեզները կարոտ են պետական հոգածության։ Մեր կրթությունը հսկա քայլերով նահանջում է, նույնը վերաբերում է եւ առողջապահությանը, կաշառակերությունը եւ անբարո հարաբերությունները դարձել են որոշիչ։
Դ. Վարդանյանը նշեց. «Կառավարությունը ուզում է մեզ հետ թվերով խոսել, բայց մենք կասկածում ենք այդ թվերին… Հայաստանում միակ իրական թվերը՝ նվազագույն աշխատավարձն է եւ գները։ Վիճպետկոմի թվերը կապ չունեն իրականության հետ»։ Անգամ նախարարության ստորին օղակներում ճիշտ տվյալներ չկան. միայն քաղաքական պատվերներ։ Պատասխանելով թղթակիցների հարցերին՝ նա անձնավորեց իր հիշատակած 5 տնտեսական թայֆաները, որոնք որոշում են Հայաստանի քաղաքականությունը. 1) կառավարություն-Բագրատյան, 2) ՆԳ նախարար, 3) Պաշտպանության նախարար, 4) Թելման Տեր-Պետրոսյան եւ 5) ՀՀՇ. վերջինս սերտ համագործակցության մեջ է առաջինի հետ։ Այս ուժերը միմյանց հանդեպ ընդդիմություն չեն, թեեւ ակցիզային հարկի օրենքն ակնհայտ դարձրեց նրանց միջեւ ծագող հակասությունները։ ԱԺ-ի ընդունած ակցիզային օրենքի հիմքում ոչ թե պետական եկամուտների ավելացումն է, այլ գերշահույթ ստացողներին «խփելը»։ Իրականում պետության աճող ծախսերը բավարարվում են սոսկ ի հաշիվ բնակչության։
ԱԺՄ-ն իշխանության հասնելու դեպքում պատրաստ է ներկայացնելու լուրջ տնտեսական ծրագրեր եւ օրենքների փաթեթներ, մեր այն հարցին, թե ինչու այսօր դրանց մասին առավել առարկայական խոսակցություն չի բացվում, Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ իրենք «խորհուրդների» օգտակարությանը հավատալու միամտությունից զերծ են։ Մ. Մելքումյանը դա պատճառաբանեց իրենց դառը փորձով. «Առաջարկ անելիս պետք է վստահ լինել, որ դրանք կիրականացվեն եւ ոչ թե կխեղաթյուրվեն» կամ կյուրացվեն։ Համենայնդեպս, նվազագույն սպառողական զամբյուղի եւ խնայդրամարկղի ավանդների վերադարձման մասին օրենքների նախագծեր, աշխատավարձի բարձրացման առաջարկներ իրենք բազմիցս ներկայացրել են։ Սեյրան Ավագյանը արձանագրեց, որ Հայաստանում հաղթել է «լավ ենք անումների» քաղաքականությունը, որը իշխանության միակ պատասխանն է ընդդիմության հարցադրումներին։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ