Լրահոս
Օրվա լրահոսը

Անանձնական նամականի

Նոյեմբեր 30,1995 22:06

Ծանր ջուր

Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ պարոն Վահագն Խաչատրյանին

Պարսից  աշխարհում արդեն ծովացող «հայկական երկաթահեղեղից» ոչ նվազ, իսկ կենսական   նշանակությամբ ամենքին  հուզողը  մեր  մայր ոստանում ջրի  հիմնահարցն է, որի լուծման Ձեր քաղաքապետարանի գործադիր տարբերակը  պարզապես դեմ է  մաքուր խղճին ու առողջ բանականությանը։ «Դափնու» է արժանի այն քայլը, որով իմաստափոխվեց «ջրի գին» հնավանդ    արտահայտությունը։ Ծայրագույն  էժանության  այդ հոմանիշը  երեանցիների  բացարձակ   մեծամասնությունը հիմա իրավացիորեն ընկալում է  որպես  վճարելու հնարավորություններից  վեր,  անչափ թանկության նշանակ։

Արդի երեւանյան ջրի հատկանշական կողմը, սակայն, սոսկ առասպելական թանկությունը չէ։ Ջրածնի եւ թթվածնի պարզագույն միացություն լինելով հանդերձ, այն ծանր է, առաջին-երկրորդ հարկերից վեր չի բարձրանում։ Պատճառը, կարծում եմ, Դուք շատ լավ գիտեք։ Իսկ եթե ոչ, ապա առասպելական դանայուհիների նման անհատակ կաթսաները լցնելու դատապարտված երեւանցիների անունից ինքս ասեմ։ Իր տեսակարար կշռով այդ ջուրը, իհարկե, այնպիսին չէ, որպիսին առաջինը հայտնաբերել են ամերիկացի գիտնականները, իսկ ութ տարի անց՝ 1940–ին նորվեգացի արդյունաբերողները հույժ գաղտնի ու թանկ գներով վաճառել են ֆրանսիացի ռադիացիոն քիմիայի փորձարանին որպես միջուկային զենքի ստեղծման անշրջանցելի տարր։ Հայրենական H2O-ն ազատ հոսքով ավելին չի բարձրանում, քանզի այն ժամանակներից ի վեր, երբ «աշխարհը, այո, շուռ է եկել», ստորին ու հատկապես նկուղային հարկերը հասել են ջուրը ուզածի պես եւ ուզածի չափ շռայլելու արտոնության։ Չէ որ դրանք հիմա «օֆիս»-ներ են, ռեստորան-խորտկարաններ, արտասահմանյան պես-պես ուտեստներ ու պերճանքի առարկաներ վաճառող խանութներ, խաղա– եւ այլ տներ, ավտոլվացման կետեր, սաունաներ, ինչու չէ, նաեւ քարաբաղնիսներ։

Ասել է, թե ոմանք ձուկ են որսում երեւանյան ե՛ւ պարզ, ե՛ւ պղտորված ջրերում։.

Ձեզ իրազեկ պահեմ նաեւ այն մասին, որ մայրաքաղաքի հարավային եւ հարավ-արեւմտյան եզերքը ներկայացնող բնակզանգվածներում վաղուց ի վեր գաղափար ունեն դարձյալ մինչ գիտությանը հայտնի ու գիտական նպատակներով օգտագործվող գերծանր ջրի մասին, որը մեր պարագայում նշանակում է ավազով, կավով եւ խիճով հարստացված հեղուկ, ինչը մեծն Սայաթ-Նովայի արտահայտությամբ, իրոք որ «ամեն մարդ չի կանա խմի»։

Ջրի հարցով մեզանում շատ ջուր է ծեծվել, սակայն վիճակը մնացել է անփոփոխ, եթե անտեսենք գնաբարձրացման ուղղությամբ Ձեր գործնական հետեւողականությունը, որը, կարծում եմ, ի վերջո պետք է դեմ առնի պատնեշի։ Որպես դրա թեթեւ արտահայտություն կամենում եմ հուշել ոչ անհնարին բաներ: Պարզապես անհրաժեշտ է ջրի մատակարարման ժամերը համապատասխանեցվեն էլեկտրաէներգիայի գրաֆիկի հետ։ Պետք է վերահսկել, որպեսզի հաշվարկները չկատարվեն «չոբանավարի», մեկը չասի, թե յուրաքանչյուր անձ ամսվա ընթացքում միջին հաշվով օգտագործում է 1 խ/մ ջուր, մյուսները հավանության նշաններ անեն ու հավասարության նշան դնեն ստորին ու ամենեւին ջուր չստացող վերին հարկերի միջեւ։ Գոնե այս հարցում հնարավոր է գործադրել վարչապետի պաշտոնական դավանանքն այս մասին, թե շատ ստացողը պարտավոր է շատ էլ վճարել։ Այլապես կաթիլ-կաթիլ ստացողը, կենցաղում ամեն օր, ամեն ժամ ծանր ու գերծանր ջրի հատկանիշներ մտաբերողը ինչու պիտի վճարի նույնքան, որքան նրանք, ում համար գոյություն ունի նաեւ թեթեւ ջուր, որը ինչպես լավ տղաներն են ասում, ծո՛վ է…

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930