Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաշիզմի վտանգը առկա է

Նոյեմբեր 30,1995 10:06

«Առավոտ» թերթում հրապարակված հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանի հոդվածը իր մեջ չէր պարունակում ոչ մի նորություն, կապված նրա աշխարհայացքի եւ քաղաքական դիրքորոշումների հետ:  Այս գործիչը գիտակցաբար իր վրա է վերցնում ծայրահեղ նացիոնալ-սոցիալիստական, ֆաշիստական գաղափարախոսությունը, ներկայանալով որպես յուրօրինակ հայկական Ժիրինովսկի, Հիտլեր կամ Ստալին։ Նրա դիրքորոշումները կրում են ցուցադրական, էպատաժային, թատերականացված բնույթ, հետապնդելով որոշակի նպատակներ։ Ընդ որում, պետք է ենթադրել, որ պրն Հովհաննիսյանը խելագար կամ տհաս չէ, ինչպես որ փորձում են նրան ներկայացնել որոշ դիտորդներ։

Ներկա  հոդվածի խնդիրը, սակայն, նրա աշխարհայացքի, դիրքորոշումների վերլուծությունը չէ։ Մանավանդ, որ «Առավոտի» հաջորդ համարում Ա.Բագրատունին նման քննադատական հոդվածով ներկայացավ: Սակայն այդ հոդվածի վերջում մի ակնարկ կար, թե այս գործիչը կտրված է աշխարհից, մեր հասարակությունից, ոչ մի լուրջ շրջանակ չի ներկայացնում, ուստի նրա «զազրախոսությունը» չեն հոգնի լսել միայն «կարապներն ու բադերը»։

Ա. Բագրատունու այս տեսակետը   լայնորեն տարածված է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական շրջանակներում, հատկապես իշխանամետ, եւ զարմացնում է իր  պարզունակությամբ.  ամեն ինչ հաշվարկվում է «մեկ օրվա», «մեկ շաբաթվա», կամ լավագույն դեպքում՝ «մեկ   ամսվա»  ժամանակահատվածում: Նման պարզունակ «պրագմատիզմը» պայմանավորված է ոչ   միայն զուտ հայկական  յուրահատկություններով, այլ նաեւ այս «անցումային» ժամանակաշրջանով, որտեղ ամեն ինչ  փոփոխվում է շատ արագ, երկարատեւ ծրագրերի կամ հաշվարկների համար ժամանակ չի մնում։

Սակայն հենց դրա պատճառով էլ, կարծում ենք անհրաժեշտ է վերլուծել ներկա իրադրությունը այն կտրվածքով, թե ինչքանո՞վ է հնարավոր Է. Հովհաննիսյանի «ֆանտաստիկ մտքերի» իրականացումը՝ բադերի ու կարապների հետ մեկտեղ։ Այսինքն՝

– Հնարավո՞ր  է  արդյոք  Հայաստանում    ֆաշիստական    հեղաշրջում։ Եվ եթե հնարավոր է, ապա

– Ի՞նչ պետք է անեն իշխանությունները,    մեր    հասարակությունը ընդհանրապես,  որպեսզի այդ  ողբերգությունը չկայանա։

Առաջին հայացքից նման հարցադրումը տարօրինակ է թվում շատերի համար, եւ ոմանք փորձում են դրա մեջ տեսնել իշխանությունների կողմից ինչ-որ «մութ» նպատակներ։ Մյուսները անկեղծորեն համոզված են, որ հայ ժողովրդի մեջ չկան նման ավանդույթներ, եւ այդ «փնտրտուքը» միայն վնասում է ազգին։ Երրորդները համոզված են, որ այդ խնդիրը կա, սակայն դրա դեմ պայքարը պատկերացնում են զուտ ուժային մեթոդներով։

Մեր կարծիքով ֆաշիզմի վտանգը Հայաստանում առկա է, եւ բոլոր քաղաքական շրջանակներին անհրաժեշտ է լուրջ հետեւություններ անել։ «Ֆաշիզմը,-  հայտնի ամերիկյան քաղաքագետ Վ.Էբենստայնը,- նոր երեւույթ է ժողովուրդների համար, այն առաջացել է 20-րդ դարի սկզբին, որպես հասարակության դեմոկրատացման ռեակցիա»: Ֆաշիզմի հաստատման ՚համար բնավ պարտադիր չէ, որ տվյալ ազգը ունենա ավտորիտար ավանդույթներ: Երբ հասարակությունները գտնվում են «անցումային» փուլում, առաջանում են այն ուժերը, որոնք «վերականգնում են» տվյալ հասարակությունների միասնությունը»։ Եվ այդ «միասնությունը» հիմնված է լինում ոչ թե ազգային ավանդույթների, այլ «նոր լյումպենների» վրա, որոնք առաջանում են շուկայական բարեփոխումների հետեւանքով։ Հենց այդ պատճառով ձեւավորվեցին ֆաշիստական ռեժիմները դարասկզբի Եվրոպայում:

Ակնհայտ է, որ արհամարհել մարդկանց ազգային զգացմունքները չի կարելի՝ դա կբերի հակառակ արդյունքի։ Հասարակության ազգային զգացմունքները պետք է օգտագործել ի շահ պետության բարգավաճման, նրա հզորացման ու ամրապնդման։

Պարզ է, որ առանց ազգայնական արժեքների հնարավոր չէ ստեղծել ո՛չ մարտունակ բանակ, ո՛չ պետական անվտանգության համակարգ, ո՛չ էլ Ղարաբաղը պաշտպանել։ Լիբերալ, համամարդկային գաղափարները նման դեպքերում հակացուցված են։. Միաժամանակ ազգայնական արժեքները խիստ վտանգ են ներկայացնում քաղաքացիական հասարակության ստեղծման, դեմոկրատական հասարակարգի հաստատման համար։ Այսպիսով, հասարակության զարգացման անցումային փուլում կենսականորեն անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն վարել ազգայնական կազմակերպությունների նկատմամբ, փորձելով նրանց ոչ թե վանել պետության կառուցումից, այլ համագործակցել նրանց հետ։ Հասկանալի են այս գործում օբյեկտիվ դժվարությունները, սակայն ուրիշ ելք չկա, սա է մեր իրականությունը։ Մենք ունեցել ենք դառը պատմություն, ունենք քարացած ազգային ավանդույթներ, սակայն «նոր ժամանակներում» մենք պետք է փորձենք պատասխաններ գտնել ավելի շատ համագործակցելով, քան արհամարհելով։ Եվ հենց այստեղ է, որ իշխանությունները գոնե իրենց համար պետք է փորձեն պատասխանել հետեւյալ հարցադրումներին.

1. Հասկանալի է, որ Դաշնակցությունը իր ռազմական կառույցներով չի կարող ներդաշնակվել քաղաքակիրթ երկրի համակարգին։ Սակայն, եթե Դաշնակցության ներկայիս ղեկավարությունը հրաժարվի այդ կառույցներից, դրանց անդամներն արդյոք չեն անցնի Է. Հովհաննիսյանի նման մարդկանց ազդեցության տակ,  որոնց հայացքները հայտնի են բոլորիս, եւ վտանգում են դեմոկրատական հասարակարգի հաստատումը:

2.Դաշնակցությունն, ինչպես հայտնի է, Հայաստանում ոչ դաշնակցական գործիչների հանդեպ ահաբեկչական ավանդույթ չունի։ Ըստ երեւույթին, այդ ավանդույթը չի խախտի նաեւ կուսակցության ներկա ղեկավարությունը։ Սակայն, եթե այդ ռազմական կառույցները դուրս գան այդ ղեկավարության վերահսկողությունից՝ մտնելով հովհաննիսյանական ազդեցության ոլորտ, դա էլ ավելի չի՞ վտանգի դեմոկրատիան։

3. Հնարավոր չէ՞ր արդյոք պետական կառույցների մեջ ներգրավել Հրանտ Մարգարյանին, եւ մի՞թե իշխանություններին չի մտահոգում այն հանգամանքը, որ դաշնակցական ռազմական կառույցները, ընկնելով Է. Հովհաննիսյանի տիպի մարդկանց ազդեցության ներքո, դառնան վտանգավոր պետության ու հասարակության համար։ Իսկ այն, որ այդպիսի միտում կա, ցույց տվեց Հրանտ Մարգարյանի բաց նամակը, որով վերջինս, փաստորեն, խզեց իր հարաբերությունները Դաշնակցության վերնախավի հետ։

4. Ինչո՞ւ իշխանությունները արտաքսեցին հայրենիքից  բյուրոյի անդամ Աբո Պողիկյանին, եւ ինչու է արգելք դրված Հայաստան մուտք գործելու համար մեկ այլ  «ազատական»-դաշնակցականի՝ Կարո Արմենյանի հանդեպ: Մի՞թե ակնհայտ չէ, որ դրանով իշխանությունները ուժեղացնում են այդ կուսակցությունում գործող նացիոնալ-սոցիալիստական հոսանքը:

Ահա այս հարցադրումներն են, որ, կարծում ենք, պիտի մտահոգեն իշխանություններին, հասարակությանը, մեզ բոլորիս։ Լուծումների փնտրտուքը դյուրին գործ չէ, սակայն դրանց գյուտից հետո միայն հնարավոր կլինի արձանագրել, որ մենք իսկապես կառուցում ենք պետականություն եւ դեմոկրատական հասարակարգ՝ վստահ լինելով, որ այդ ճանապարհին այլեւս խանգարիչ հանգամանք չկա։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930