Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա մի փոքր խոնավացած, լուրջ աչքերը…»

Նոյեմբեր 29,1995 17:22

«Առավոտի» այս տարվա թիվ 175-ում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը ձեր ուշադրությանն էր ներկայացրել Մհեր Մկրտչյանի երախտիքի խոսքը՝ ուղղված անվանի կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանին: Եվ ահա տպագրում ենք Հենրիկ Մալյանի խոստովանանք-գնահատականը Մհեր Մկրտչյանի մասին։ Այն միաժամանակ հարգանքի խոնարհում է անվանի արվեստագետների հիշատակին..

Մհեր Մկրտչյանի արվեստը ես շատ բարձր եմ գնահատում։

Ես գիտեմ նրա երեւակայության ու շնորհի անսպառ հնարավորությունները, ես ներկա եմ եղել նրա կերպարների ստեղծման ելեւէջներին, ես տեսել եմ նրան մտածելիս, տեսել եմ շփոթված, տեսել եմ լարված, տեսել եմ բարկացած եւ տեսել եմ հրճվանքով լի ու երջանիկ… Բոլոր վիճակներում էլ նա հետաքրքիր է, նա ստեղծագործող է, նա խելոք է։

Շատերին թվում է, թե Մհեր Մկրտչյանի արվեստը հեշտությամբ ծնվող, պատահականորեն հմայող արվեստներից, է, որ իր աջ ու ձախ գրպաններում ունի բազմաթիվ դերասանական գույների եւ հնարքների պահեստ եւ ցանկացած պահին այդ հնարքների խաղից ու համադրումից «սարքում է» կերպար, սարքում է գույն, եւ հաջողությունն ապահովված է…

Այսօր գիտեմ, որ նրա բոլոր տեսակի դերասանական գյուտերը եւ մանրամասները ծնվում են նրա հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա՝ մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը կուտակել է եւ այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում…

Այդ հաստատ այդպես է, եւ համոզվելու համար թող կասկածողը զրուցի Մհերի հետ, թող լսի նրա մանկության պատմությունը, լսի նրա պատմություններն իր հոր մասին, մոր մասին, կյանքով ու զգացմունքով լի գյումրեցիների մասին, լսի ու չմոռանա նայել Մհերի աչքերին, մի փոքր խոնավացած լուրջ աչքերին…

Ես ներկա եմ եղել տարբեր արվեստագետների եւ ոչ արվեստագետների զրույց-վեճերին Մհեր Մկրտչյանի մասին։ Ասել են, թե վերջիվերջո, նրա արվեստը մեծ արվեստ չէ, որ նա ուղղակի կրկնում է իրեն, ինքն իրեն ստացվող կերպարներ է ստեղծել միայն…

Փորձիր համեմատել Մհերի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմատիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով, եւ, ազնիվ խոսք, անհնար է գտնել որեւէ նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն արտաքին է…

Երջանկություն է, որ Մհերը կինո եկավ, կարող էր չգալ։ Կարող էր չգալ, եթե մի փոքր էլ երկար իշխեր սիրունատես հյուրերի թափանցումը հայկական էկրան, եթե մի քիչ էլ երկար իշխեր «Հայֆիլմի» ռեժիսորների մոտ ընդհանրապես ֆիլմ անելու տենդենցը, Եթե 50-ական թվականների հայկական կինոյի հոգեբանությունը երկարաձգվեր… Իսկ հիմա…

Ես ներկա եմ եղել մեր «Մենք ենք, մեր սարերը» ռուսերեն կրկնօրինակելու աշխատանքներին…

Կիսամութ դահլիճում ես հետեւում էի ձայնագրող ռուս անվանի դերասաններին, ռեժիսորին, որը հարյուրավոր խորհրդային ու արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումն է ղեկավարել, եւ ահա մեր Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը եւ Մհեր Մկրտչյանն են էկրանի վրա։ Հիացած ժպտում են ռեժիսորը, դերասանները եւ ծպտուն չեն հանում, իսկ ժապավենի օղակը նորից ու նորից, պտտվում է էկրանի վրա…

Եվ ռուսերեն կիսաձայն հնչում է. «Գրողը տանի, այս ինչեր են կարողանում անել, ինչ ինքնատիպ է, ինչ հետաքրքիր…»:

Եվ ապա ամենաանսպասելին՝ «Նայեք, սովորեք, ահա ձեզ վարպետության դաս»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930