Մասնագետների մասին
Հաղորդումները հեռարձակելու գումարներին եթե ավելացնենք լույսի, վառելանյութի, ջրի, տնտեսական եւ տեխնիկական ծախսերը, պարզ կտեսնենք, որ ստեղծագործողին գրեթե ոչինչ չի մնում։ Ի՞նչ անի ստեղծագործողը. ապստամբի՞ (փորձեր եղան, արդյունք՝ չիք) թե՞ թողնի եւ գնա: Գնացողներ էլ եղան. մեր լավագույն ռեժիսորներն այսօր աշխատում են ԱԱՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, ՌԴ-ի հեռուստաընկերություններում՝ պատիվ բերելով նրանց եթերին։ Իսկ մենք շարունակ ստեղծում ենք տնտեսական բազա: Մեր լավագույն օպերատորներն այսօր հարսանիքներ եւ կնունքներ են նկարահանում (150 դոլար), իսկ մենք առաջվա պես ստեղծում ենք տեխնիկական բազա: Մեր լավագույն լրագրողներն այսօր վարձվել են արտասահմանյան գործակալությունների կողմից (1 րոպեն՝ 25 դոլար), իսկ մենք իբր հեռուստատեսային նոր մոդելներ ենք ստեղծում։ Չկարծեք, թե կառավարությունից նոր գումարներ եմ խնդրում։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ, պարզապես գտնում եմ, որ նույնիսկ այն քիչը, որ մնում է վերը նշված ծախսերից հետո՝ լիովին բավարար է։ Մենք պիտի չվախենանք մասնագետներին վարձատրելուց, նրանց հասանելիք մեծ հոնորարները մեզ պիտի չզարմացնի եւ չսարսափեցնի: Չէ՞ որ մենք մասնագետ ենք վարձում։ Մենք այսօր պիտի ամեն ինչ անենք, որ մասնագետներին հետ բերենք Մոսկվաներից եւ Ամերիկաներից, ետ պահենք հարսանիք եւ կնունք նկարելուց։
Կոմերցիայի մասին
Այս բառը բավականին երկար ժամանակ սարսափեցնում էր հեռուստատեսության գրեթե բոլոր ղեկավարներին։ Եվ այսօր էլ դեռ լրիվ չի ընկալվում այս բաժնի (կամ ծառայության) պարտավորությունները: Ու այն մնում է սիրողական մակարդակի։ Ոչ մի երկրի հեռուստատեսություն չի դիմանա պետական լրավճարի հաշվին։ Պետական գումարները չեն ՛բավարարի նույնիսկ մի շոու ծրագրի պահանջներին, էլ չխոսենք մնացածի մասին։ Բացի «Լրաբեր» եւ, ասենք, «Ժամանակաչափ» ծրագրերից, մնացած բոլորը, ըստ իս, պիտի ֆինանսավորվեն կոմերցիոն ալիքից եւ կոմերցիոն եղանակով։ Այդ ծրագրի աշխատակիցները պիտի աշխատավարձ չստանան, պիտի ստանան միայն հոնորար, աշխատեն միայն պայմանագրային կարգով։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս, կասեք դուք: Ուղիները շատ են։ Բավական է նայել Մոսկվայի ծրագրերը, եւ շատ բան պարզ կդառնա։
Հեռուստաժամերը պիտի վաճառվեն։ Վաճառվեն կոմերցիոն գներով: Կասեք՝ ու՞մ։ Կպատասխանեմ նախարարություններին, որոնք դրա կարիքը ունեն, «Ա1» տիպի հեռուստաստուդիաներին («Ա1»-ը միակն է, քանզի դրա նմանների կարիքը չի եղել), տարբեր կուսակցությունների, եթե նրանք ասելիք ունեն: Բորսային, ինչո՞ւ չէ՝ առանձին ձեռներեց մարդկանց։ «Մուշտարիներ» շատ կլինեն: Նույնիսկ այսօր քիչ չեն կազմակերպությունների կամ անհատների կողմից պատվիրվող եւ նկարահանվող ֆիլմերը, հաղորդումները, տեսահոլովակները, նույնիսկ՝ համերգները, բայց այսօր դա կատարվում է գաղտնի, գողեգող։ Արտասահմանի գործակալություններին վաճառվող արտադրանքի գումարները եթե մուտք արվեն մեր հեռուստատեսության գանձարկղը, եթե հաշվի առնվեն տեսակաբելների եկամուտները եւ ազատվի հեռուստատեսությունում եւ ռադիոյում գրանցում ստացած սուտ մասնագետների բանակը՝ կունենանք բարձր մակարդակի հեռուստատեսություն։
Հեռուստատեսությունում հստակ տարբերակված (պետական եւ կոմերցիոն ալիքներ) ստեղծելը այսօր անհրաժեշտություն է: Պետությունը պետք է ազատագրել ավելորդ հոգսերից, պետական միջոցները պետք է ծախսվեն խիստ նպատակային։ Դա այսօր միակ նախապայմանն է մեր հեռուստաընկերությունը եւ ռադիոն վերակենդանացնելուն։
Պետական գումարների մասին
Այո, հեռուստատեսությունը մեծ ներդրումներ է պահանջում, դա իրոք, որ թանկ հաճույք է, բայց ո՞վ է ասել, թե պետությունը պիտի կրի ողջ ծանրությունը։
Երեւի շատերը չգիտեն, բայց պետության կողմից հեռուստատեսությանը տրամադրվող գումարների առյուծի բաժինը՝ մոտ 70 տոկոսը հոսում է դեպի Կապի նախարարություն՝ որպես հեռարձակման վարձ: Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, պետությունը մուծում է ինչ-որ մեքսիկական բազմասերիանոցի համար, պետությունը մուծում է Պուգաչովայի համերգը գովազդելու, անգլերեն լեզու սովորեցնելու կամ բժշկական դասընթացներ անցկացնելու համար։
Ինչո՞ւ:
Ես չեմ ուզում ասել, որ այդ ամենը հանդիսատեսին պետք չէ: Գուցե պետք է, բայց չեմ հասկանում, թե ինչու դա պիտի կատարվի պետության հաշվին։ Դեռ քիչ է պետության հաշվին հեռարձակվելը, ախր պետության հաշվին էլ պատրաստվում են։
ՆԳՆ ունի «02» հաղորդաշարը: Պաշտպանության նախարարությունը՝ «Զինուժը», եկեղեցին՝ «Խորան լուսոն»: Նույն տրամաբանությամբ՝ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը չունենա ասենք իր «Այբոլիտ», իսկ Առեւտրի նախարարությունը՝ իր «Սեղանիկ» հաղորդաշարը։ Մասնագետ չունեն, վճարեն՝ կունենան, իսկ տեխնիկա հեռուստատեսությունը կտրամադրի։ Հաղորդումը պատրաստելուց հետո թող վճարեն եւ հեռարձակվեն։ Իսկ պետական ազատված միջոցները կտրամադրվեն պետական, քարոզչական հաղորդումները պատրաստելուն եւ դրանք հեռարձակելուն:
Նիկոլայ ԴԱՎԹՅԱՆ