Այսօր ցանկացած քաղաքական կամ մերձքաղաքական վերլուծություններում հղումներ են կատարվում դեպի ժողովուրդը, որին կամ հաճոյախոսում են, կամ հանդիմանում՝ վերջինս փոքր-ինչ ավելի սակավ, սակայն հաճոյախոսության հիմքում էլ թաքնված բողոքն է. ժողովուրդը համառորեն չի արդարացնում քաղաքական դեմքերի հույսերը՝ թե՛ հատկապես ընդդիմության, թե՛ մասամբ իշխանության։ Ինտելեկտուալ շրջանակներում վերլուծում են հայոց ընտրախավի (էլիտա) գոյության հարցը՝ բոլոր հույսերը կապելով նրա առասպելական վերհառնումհ հետ։ Զուգահեռաբար դատում են «քաղաքացիական հասարակության» մասին, բայց դա այնպես, կողքից։ Արդյունքում արձանագրվում է նրա իսպառ բացակայությունը, իսկ այդ հասարակության իրական ձեւավորմամբ ոչ ոք լրջորեն չի էլ զբաղվում։ Օրենսդրական դաշտի կազմավորումը եւ կառավարության տնտեսական քաղաքականությունը կրիայի քայլերով ընթանում է, սակայն բուն հասարակությունը կարծես օտարված է այդ բոլոր գործընթացներից։ Եթե որեւէ մեկն այսօր փորձեր հարցախույզ անցկացնել հասարակության ամենագործուն խավերի մեջ՝ որոշելու նրանց քաղաքական համակրանք-հակակրանքները, ապա դժվարին կացության առջեւ կկանգներ, որովհետեւ արդեն կաղապար դարձած դժգոհություններից բացի՝ հազիվ թե էական պատասխան լսեր։ Դրա պատճառը, իհարկե, հայոց հասարակության անձեռնհասությունը չէ։ Պարզապես կուսակցությունների համար ժամանակն է կռահելու, որ քաղաքական աշխատաոճը վաղուց արդեն փոփոխությունների կարոտ է։
Ծանոթ ըմբռնմամբ՝ «ազգային հարցերին»՝ արցախյան հիմնախնդիր, ցեղասպանություն, պահանջատիրություն, աշխարհաքաղաքական դատապարտվածություն, պատեհ է, որ փոխարինելու գան մարդկանց անմիջական կյանքին առնչվող՝ տնտեսական եւ ընկերային հարցերը։ Ազգային ծանր նկարագիրը դեմքին քաղաքական գործիչները այլեւս չեն ոգեւորում անգամ տեսլապաշտության եւ առասպելաբանության ոգով դաստիարակված հայ հասարակության որոշ խավերին։
Մենք բոլորս քաջատեղյակ ենք եւ «ըմբռնումով» ենք գնահատում այն հզոր գաղափարը, որ անկախության ճանապարհին բազում դժվարություններ են ծառանում, եւ հանուն պայծառ ապագայի այսօր պետք է կեղեքվել, բազում պարտքեր եւ պարտավորություններ ստանձնել՝ առանց գիտակցելու, թե երբ է գալու սեփական իրավունքների ժամանակը։ Անգամ ընդդիմությունը, որն ի պաշտոնե պարտադրված է տեսական լուրջ վերլուծություններ կատարելու մեր իրական կյանքի մասին եւ ոչ թե հռետորական-առասպելական քաղաքականությունը փնովելու՝ ապազգային եւ ազգային որակումներով, խուսանավում է գործնական-քաղաքական կյանքից։ Մարտավարությունը փոխելու ժամանակն է, որպեսզի ժողովուրդը արձագանքի, հանրահավաքային, մամլո ասուլիսային շփումներից հարկ է անցնել գրասենյակային գործուն հարաբերությունների։ Մեր կուսակցությունների՝ հատկապես ավանդական, մեծագույն թերությունը տեսլական գաղափարներով մարդկանց անընդհատ խանդավառելու մտայնությունն է։ Այնինչ, խորհրդարանային պայքարի եւ իշխանության հետ տարվող տեսական սրամարտերից բացի՝ պետք է բազմացնել ժողովրդի հետ շփվելու նախաձեռնությունները։
Այժմ ովքե՞ր են այցելում կուսակցության գրասենյակները, մեծ մասամբ՝ խենթեր, որոնք իրենց տիեզերական խոհանոցին սիրում են հաղորդակից դարձնել կուսակցական գործիչներին՝ տարօրինակ հարազատակցությամբ։ Այնինչ միջին, գործողության ներունակ խավը, ներառյալ եւ մտավորականությունը, վաղուց է արդեն պարփակվել իր մեջ՝ հուսահատվելով բոլորից։ Անգամ իշխող կուսակցության մատույցներում, բացառյալ պաշտոնամոլությամբ կամ մեծագարությամբ տառապող անձանց, դժվար է հանդիպել որեւէ սովորական՝ առանց գաղափարական բարդույթների, իր աշխատանքով բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք երազող քաղաքացու։
Կարդացեք նաև
Մարդիկ թերթերը վերջին էջերից են կարդում՝ հավատացած, որ մյուս՝ գաղափարական հատվածներում իրենց կյանքի մասին որեւէ նորություն դժվար թե լսեն, հուսախաբ արեք նրանց։ Պահանջարկ կա՝ համապատասխան քաղաքական առաջարկի բացակայությամբ։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ