Հարավսլավական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը նահանջեց։ Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու հարցում Միացյալ Նահանգները գնաց մինչեւ վերջ՝ առանց զիջումների։ Հակամարտությունների ցանկում իր կարեւորությամբ երկրորդը ղարաբաղյան հակամարտությունն է։ Պատահական չէ, որ վերջերս հաճախ են դարձել այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան։ Ընդ որում, այցելում են խիստ հերթականությամբ՝ մեկ Արեւմուտքից, մեկ՝ Ռուսաստանից։ Սա բացատրվում է նաեւ նրանով, որ աշխարհի համար
արդեն պարզ են այն քաղաքական ուժերը, որոնց հետ պետք է գործ ունենան։ Ադրբեջանում էլ արդեն խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Շուտով Ռուսաստանում էլ կկայանան ընտրություններ։ Դրանից հետո կարգավորման գործընթացը կարագանա։ Չի բացառվում, որ ռուսական կողմը ձգտի մինչեւ նախագահական ընտրություններն այս հարցում հասնել շոշափելի արդյունքների։ Թե վրաց-աբխազական, թե՛ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորումը կարող է փաստարկ դառնալ Ռուսաստանի ապագա նախագահական ընտրություններում՝ ի հակակշիռ Հարավսլավիայում կրած անհաջողությունների։ Իսկ որ, հատկապես, ետընտրական Ռուսաստանը Անդրկովկասում չի գնալու ոչ մի զիջումների՝ արդեն պարզ է բոլորի համար։ Հիմնականում կայսերական կարգախոսներով իշխանության եկած ուժերը գնալու են մինչեւ վերջ, ուղղակիորեն ընդօրինակելով «ոչ կայսերամետ» ԱՄՆ-ին։
Այս իրադրության մեջ հատկապես Հայաստանը կարող է հայտնվել երկու քարի արանքում, քանի որ առ այսօր Հայաստանը վարում էր ավելի հավասարակշռված քաղաքականություն, քան Ադրբեջանը, որի նժարն ավելի թեքված էր դեպի Արեւմուտք։ Այսպիսով, Հայաստանը կարող է կորցնել խուսանավելու հնարավորությունը, կանգնելով ծանր ընտրության առջեւ։ Այս երկմտանքը կարող է մեղմել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքորոշումների տարբերությունը, իսկ որոշ փուլերում՝ նույնիսկ հակադրությունը։ ԼՂՀ-ի դիրքորոշումը կարող է լինել միանշանակորեն ռուսամետ, իսկ Հայաստանինը՝ հարաբերականորեն ավելի արեւմտամետ։ Այսօր հայկական դիվանագիտությունը պետք է աշխարհին վերջնականապես համոզի, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն տարբեր սուբյեկտներ են։ Սրանով հայկական կողմի դիրքորոշումը կդառնա ավելի ճկուն։ Սակայն Արեւմուտքը մեր տարածաշրջանում էլ արդեն դիմում է միջոցների, որոնք խուսանավման բոլոր հնարավորությունները վերացնում են։ Թուրքական բանակի կենտրոնացումը հայ-թուրքական սահմանին՝ փոխում է խաղի կանոնները։ Նման քայլը Հայաստանին մղում է միանշանակորեն դեպի Ռուսաստան։ Եթե Հարավսլավիայում ԱՄՆ-ին օգնեցին ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծումները, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում ուժի ցուցադրումը դժվար թե օգնի։ Անդրկովկասը Եվրոպա չէ: Դրանով Արեւմուտքն ընդամենը կրկին ճշգրտեց սահմանները՝ Հայաստանին նետելով ռուսական ճամբար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի փոխարտգործնախարարի այցելության արդյունքում պարզվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։ Հայկական դիվանագիտությունը ցույց տվեց, որ ընդունակ է կտրուկ շրջադարձերի։ Ընդունակ է, քանի որ հայկական հասարակությունը որոշ հարցերում անդրդվելի է։ Հաշվի առնենք, որ Հայաստանում էլ, մոտ ապագայում, նախագահական ընտրություններ են սպասվում։
Ուժային մեթոդները բերում են խնդրի պարզունակեցմանը։ Ժամանակակից տեղական հակամարտությունները պահանջում են ավելի բարդ, նուրբ եւ համալիր լուծումներ։ ԱՄՆ-ի կողմից պարտադրվող սեւ ու սպիտակ, ուժային լուծումները լավագույն դեպքում կարող են ժամանակավորապես սառեցնել հակամարտությունը։ Նման սառեցումը հնարավոր տարբերակներից ամենապայթյունավտանգն է, քանի որ Ռուսաստանին էլ պարտադրում է նույն սեւ ու սպիտակ, պարզունակ տրամաբանությունը։
Կարդացեք նաև
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ