Երեկ կայացավ ԱԺ մշտական հանձնաժողովների եզրափակող նիստը, որի օրակարգում երեք հարցեր էին. ա) ՀՀ 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում՝ զեկուցող՝ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյան, բ) 1996թ. պետբյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից արված առաջարկությունների ամփոփում՝ զեկուցողներ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ եւ գ) ՀՀ 1994թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկում՝ զեկուցող՝ դարձյալ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյան։
Անսպասելի պարզվեց, որ նոյեմբերի 28-ը Աղեղնավորի համաստեղության օրն է՝ բարի եւ հաջող այն մարդկանց համար, որոնք արդարացի որոշումներ են կայացնում եւ հաշվի առնում բոլոր կողմերի շահերը։ Բյուջեի քննարկման տեսանկյունից Արա Սահակյանը՝ այս տեղեկատվության հեղինակը, հատկապես կարեւորեց սովորականից առատաձեռն եւ ողորմած լինելը։ Քանի որ պատգամավորներն ի բնե առատաձեռն են եւ գթառատ դեպի պետությունը, իմա՝ իրենց ընտրողները, ապա այս կոչը իրականում ուղղված էր կառավարությանը, որը համառորեն կրճատում Է ֆինանսավորման ոլորտները։
Նիստը բացեց ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը, որը հակիրճ ներկայացրեց խորհրդարանական առարկությունները, ընդհանուր առմամբ՝ առատաձեռն խորհրդարանականները կատարել են 95 առաջարկություն։
Բողոքների հիմքում ընկած է բյուջեի նախագծի խիստ ընդհանրականությունը կամ տնտեսագիտական տերմինով ասած՝ ագրեգացիայի բարձր աստիճանը։ Բյուջեի հոդվածները կարոտ են բացման եւ ճիշտ դասակարգման։ Հատկապես բացվելու ենթակա են. 1) կապիտալ վերանորոգման ծախսերը՝ ոլորտ առ ոլորտ, 2) կապիտալ շինարարության ծախսերը՝ ոչ միայն ոլորտ առ ոլորտ, այլեւ օբյեկտ առ օբյեկտ։ Ընդսմին բացելիս պետք է առաջնորդվել «Հանրապետություն» միավորման նախընտրական խոստումներով.
Կարդացեք նաև
պատգամավորների եւ կառավարության հիշողությունը թարմացման կարիք ունի, իսկ բնակչությանը՝ ոչ։ 3) Անհրաժեշտ է ավելացնել նոր հոդված, որտեղ կսահմանվի արժեզրկման առավելագույն սահմանը 1996-ի կտրվածքով, եթե Կենտրոնական բանկին տրվում է ինքնուրույնություն, ապա համապատասխանաբար պետք է աճի պատասխանատվության բաժինը։ 4) Որոշվելու է վարկային գիծ՝ 1996 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1997 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում։ Մինչ 1994-ը վարկերը տրվել են անկանոնաբար՝ թե՛ Գերագույն խորհրդի, թե՛ կառավարության կողմից՝ ամենատարբեր ժամկետներով եւ տոկոսադրույքներով։ Այսօր արդեն ծագել է 15 վարկի մարման անհրաժեշտություն, սակայն դրա համար ոչ միջոցներ կան, ոչ էլ իրավական կարգավորման լծակներ։ 5) Գյուղատնտեսության, քաղաքաշինության, էներգետիկայի եւ արդյունաբերության խոշորագույն ոլորտների համար բյուջեում բերվում է մեկ թիվ. դա խուսանավման մեծ հնարավորություն է տալիս նախարարություններին։ Անհրաժեշտ է կոնկրետ մատնանշել, թե որ ասպարեզներն են ֆինանսավորվելու՝ համապատասխան գումարներով։ Այդ դեպքում հնարավոր կդառնա նաեւ ռեսուրսների վերաբաշխումը՝ ըստ անհրաժեշտության։ 6) Լուրջ առարկությունների է ենթակա տարածքային կառավարման ֆինանսավորումը։ Հայաստանի վարչատարածքային օրենքն արդեն ընդունված է, ուստի 10+1 մարզերը ակնկալում են իրենց բյուջեների կազմավորումը։ Առանձնակի կարեւոր է Երեւանի բյուջեի խնդիրը։ Քաղաքագլուխ Վահագն Խաչատրյանը վկայեց, որ մայրաքաղաքի բյուջեի քննարկումներին պատգամավորները անհրաժեշտ խանդավառություն չեն ցուցաբերում։ Բացի աշխատանքային ոգեւորության պակասից, մտահոգիչ է իրավական փակուղին։ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետով, առանց համապատասխան օրենսդրության չի թույլատրվում կազմել մարզերի բյուջեներ։ Դեկտեմբերի 4-ին 1996 թվականի բյուջեն, անկասկած, կընդունվի, հետեւաբար տեխնիկական ելք է անհրաժեշտ Երեւանի բյուջեի ձեւավորման համար։ Վահագն Խաչատրյանը հայտնվել է բանակցությունների ակտիվ դաշտում վարչապետի եւ ֆինանսների նախարարի հետ։ 7) Տարածքային կառավարման օրենքը դեռեւս ընդունված չէ, Ազգային ժողովը վավերացրել է միայն վարչատարածքային բաժանումը, այսինքն՝ ունենք մարզեր, շրջանային եւ տեղական խորհուրդներ, բայց նրանց ֆինանսավորման եւ վարկավորման եղանակները հստակ չեն։ Ա. Եղիազարյանի փոխաբերական արտահայտությամբ՝ փետրվարյան հեղափոխության տրամաբանությունն է իշխում։ Նախկինում լրավճարների (սուբսիդիա) բաշխմամբ զբաղվում էին շրջխորհուրդները։ Այսօրվա մոդելով մարզերի մի մասը լրավճարներ ստանալու է, մյուս մասը՝ ոչ. ելակետը բարեկեցության՝ տեղական եկամուտների աստիճանն է։ Բայց մարզի մեջ կարող են գտնվել մինչեւ 5 շրջան, եւ չկա մեխանիզմ, որի շնորհիվ տեղական խորհուրդները կստանային լրավճարների իրենց բաժինը։
Հաջորդ ելույթ ունեցող Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, բարձր գնահատելով 1996 թվականի պետբյուջեն, ներկայացրեց մի քանի մոտեցում։ Նա պաշտպանեց ԱԺ-ի կողմից առաջարկված վարկային գծի գաղափարը, նշելով, որ այդ դեպքում չեղյալ կհայտարարվեն նախկին պայմանագրերը, եւ ԱԺ-ն կվերահսկի վարկային քաղաքականությունը,
անուղղակիորեն նաեւ բյուջեի դեֆիցիտը։ Երկրորդ սկզբունքային մոտեցումը վերաբերում էր ԿԲ-կառավարություն հարաբերություններին. ԿԲ-ն չպետք է հարկատու լինի, նրա տարեկան եկամուտները չպետք է մտնեն բյուջե, այլ ձեւակերպվեն որպես վարկեր՝ 1997 թվականին մարվող։ ԿԲ-ն կարող է իր դեֆիցիտային բյուջեն ունենալ։
Մշտական հանձնաժողովների նախագահների ելույթներից առանձնացավ Սամվել Գեւորգյանի խոսքը։ Նա փաստեց, որ հանձնաժողովի միակ, սակայն էական առաջարկը վերաբերում է ներքին գործերի նախարարության ֆինանսավորմանը։ ՆԳՆ ցանկանում է մեկուկես մլրդ դրամ։ Հանձնաժողովը, հաշվի առնելով ոստիկանության բարձրագույն դպրոցի, կալանավայրերի եւ գործուղումների ծախսերը, առաջարկում է 407 միլիոնով ավելացնել ՆԳՆ-ին ընձեռվող գումարները։ Արա Սահակյանը զարմանքով արձանագրեց, որ կառավարության նիստում բյուջեի նախագիծը ընդունվել է միաձայն, մի՞թե ՆԳՆ կառավարության կազմում չէ, ինչո՞ւ վերջինիս առարկությունները հնչում են ԱԺ հանձնաժողովում, որը բնավ էլ որոշողը չէ, եւ ոչ թե կառավարության նիստում։ Սամվել Գեւորգյանը հավաստեց, որ ինքը, ընդամենը, ստանձնել է ՆԳՆ առաջարկների խոսափողը լինելու պատրաստակամությունը՝ զուտ օրենսդրական շրջանակներում։ Է.Եգորյանի գործուղման պատճառով պետաիրավական հանձնաժողովը առայժմ կարծիք չհայտնեց։ Իսկ Ռաֆայել Պապայանի բացակայության պատճառը մնաց անհայտ, այսինքն՝ հայոց մշակույթի, գիտության եւ կրթության հիմնախնդիրները դեռեւս առկախ են։
Ամփոփիչ ելույթում Լ. Բարխուդարյանը հիմնականում համաձայնեց պատգամավորական առաջարկություններին, միայն ՆԳՆ ֆինանսավորման կապակցությամբ նշեց, որ կալանավայրերի սեփական եկամուտների հաշվառում դեռեւս կատարված չէ, ընդունված չէ նաեւ բարձրագույն սպայական դպրոցի կանոնակարգը, հետեւաբար գումարային հավելման հարցը չի կարող միանշանակ լուծվել հօգուտ որեւէ կողմի։
Ընդմիջումից հետո հանձնաժողովների՝ արդեն նոսրացած շարքերը ձեռնամուխ եղան 1994 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը, որի վավերացումը կայանալու է երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, բյուջեի ընդունումից առաջ։ 1994-ին պետբյուջեի ծախսերը կազմել են 49 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 29, այսինքն՝ ծախսերի աճի տեմպը գերազանցել է եկամուտների աճը՝ պայմանավորելով բյուջեի մեծ դեֆիցիտը, բայց դա անցյալում։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ