Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովը իրեն բաքվեցի է կոչում

Նոյեմբեր 28,1995 17:06

Իսկ կարող էր երեւանցի կոչել

Շախմատի համաշխարհային օլիմպիադան յոթ սարի ետեւում չէ։ Այս անգամ, ինչպես հայտնի է, այն կայանալու է ՀՀ մայրաքաղաքում։ Եկող տարի Երեւանում կհավաքվեն մոլորակի ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոնի գլխավորությամբ։ Դա կլինի, եթե չեմ սխալվում, Գարի Կասպարովի երկրորդ այցը Հայաստան։ Ցավալի իրողություն է՝ աշխարհի չեմպիոնը առանձնակի ուշադրության չի արժանացնում մեր հանրապետությանը։ Եվ դրա համար, դժբախտաբար, պատճառներ կան։

Շատ տարիներ առաջ, երբ Գարին դեռ փոքր տղա էր, բայց արդեն սպորտի վարպետության թեկնածու, ապագա չեմպիոնի մայրը՝ Կլարա Շահենովնան, տղային Երեւան բերեց։ Կասպարովների ուղեւորությունն ամենեւին էլ զվարճալի շրջագայության բնույթ չէր կրում։ Գարիկի մայրը (հայրն արդեն կենդանի չէր) շատ էր ուզում մշտական բնակության համար Երեւան տեղափոխվել, հույս ունենալով, որ նախնիների հայրենիքում պատանի որդու տաղանդը ճանապարհ կհարթի դեպի մեծ շախմատ։ Գործունյա կին լինելով, Կլարա Շահենովնան ցանկանում էր ստանալ Հայաստանի սպորտային ղեկավարների շահագրգիռ վերաբերմունքի եւ տղային օգնելու երաշխիքներ։ Սակայն նրան հիասթափություն էր սպասվում։ Հանրապետության սպորտկոմիտեի ղեկավարներից մեկը, իր առանձնասենյակում ընդունելով Կասպարովներին, բացարձակ անտարբերություն ցուցաբերեց, հայտարարելով, որ «Գարիկի նմանները Հայաստանում շատ-շատ են»։ Սառը ընդունելությունը, իհարկե, վիրավորեց Կասպարովներին։ Եվ նրանք ձեռնունայն վերադարձան Բաքու։ Շատ շուտով

Գարիկը ընդունվեց Միխայիլ Բոտվիննիկի շախմատի դպրոց եւ համարյա դրա հետ միաժամանակ կատարեց սպորտի վարպետի նորմաները։ Հենց այդ ժամանակ էլ նրա վրա լուրջ ուշադրություն դարձրին Ադրբեջանի ղեկավարները եւ նույնիսկ, անձամբ Հ.Ալիեւը: Շախմատային Օլիմպոսի ճանապարհին Գարիկի հաջողություններին զուգընթաց լավանում էին Կասպարովների ընտանիքի սոցիալ-կենցաղային պայմանները: Նրանք նոր չորսսենյականոց բնակարան ստացան ծովին նայող հեղինակավոր շենքում, նրանց ծառայողական ավտոմեքենա կցվեց, թույլտվություն ստացան օգտվել ղեկավար եւ պատասխանատու աշխատողների հատուկ խանութից, ինչպես նաեւ «Զագուլբա»            կառավարական պանսիոնատում ամբողջ տարվա համար անձնական համար առանձնացվեց:

Իսկ երբ Գարին առաջին անգամ սկսեց պատրաստվել շախմատային թագի համար Անատոլի Կարպովի հետ հանդիպմանը, նրա պատրաստվելու, իսկ հետո նաեւ՝ պայքարի ընթացքը անընդհատ գտնվում էր Հ.Ալիեւի ուշադրության կենտրոնում։ Կասպարովի հաջողությունները փառք էին բերում ոչ միայն իրեն, այլեւ, բնական է, այն երկրին, որտեղ ապրում էր։ Ադրբեջանի հեռատես, գործունյա ղեկավարները լավ էին այդ հասկանում եւ անում էին ամեն ինչ այդ փառքը ավելացնելու համար: Տիրելով շախմատային թագին, Գարին միաժամանակ դարձավ եւ Բաքվի «թագավոր»։

Նրա հայտնվելը քաղաքի հասարակական վայրերում միշտ էլ հիացումի ջերմ ողջույնների եւ բաքվեցիների հավանության ժպիտների մեծ ալիք էր բարձրացնում։ Կարո՞ղ էր արդյոք նա երկար տարիներ իրեն մատուցած այդքան հարգանքից եւ պատվից հետո իրեն բաքվեցի չհամարել։ Այդքան շատ ստանալով այդ քաղաքից, ուղղակի անբարոյական կլիներ նույնությամբ չփոխհատուցել։ Եվ Գարին անում էր Բաքվի համար ինչ կարող էր։ Եվ ոչ միայն շախմատի խաղատախտակի մոտ։ Առավել եւս, որ քաղաքի բնիկ բնակչության խիստ խառը կազմը մեծ նշանակություն չէր տալիս ազգային պատկանելությանը։

Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930