Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մայթն իմն է

Նոյեմբեր 28,1995 15:58

Մայթ բառն ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մեկնում է այսպես. «փողոցների երկու կողմերի սալահատակված ճանապարհ, հետեւակ անցորդների համար»։

Քաղաքամայր Երեւանում մայթը բոլորովին այլ հասկացություն է, իսկ երեւանցի հետիոտնի համար մայթով քայլելն այնքան էլ դյուրին չէ, երբեմն էլ՝ վտանգավոր։ Երբ մի քանի տարի առաջ սկսվեց նկուղները խանութների, խաղատների, խորովածանոցների վերածելու բուռն գործընթացը, դրանց տերերն առաջին հերթին գրոհեցին մայթերի վրա՝ դարձնելով իրենց տարածքը՝ դնելով աստիճաններ, ցանկապատ։ Այնուհետեւ մայթը դարձավ խանութ, շուկա, ավտոկայանման վայր, սրճարան, գրավաճառանոց։

Մայթը ամենից առաջ դարձավ մանր ու միջին բիզնեսի իրականացման վայր, նոր տնտեսական ու, ոչ տնտեսական, հարաբերությունների արտացոլմամբ։

Երեւանում գործարան-խանութ հարաբերությունը վերացավ։ Ծխախոտի գործարանի արտադրած հայկական տեսականին խանութ չի մտնում, այլ ուղղակի՝ մայթ, բնականաբար մայթային վերադրով։ Հացի մեքենան խանութ հասնելով բեռնաթափվում է, եւ անմիջապես բեռնավորվում են հաց վերավաճառողները, սկսվում է փողոցներում երեւանյան հացի գովքը, ընտիր, թարմ ու թանկ, եւ երեվանցին մի 20-30 դրամ ավել է վճարում։

Սեւանի սիգը վաճառվում է մայթին, արտասահմանյան ապրանքների կողքին։ Ընդհանրապես շատ հետաքրքիր է վաճառվող ապրանքների տեսականին։ Միեւնույն վաճառասեղանից առաջարկվում են միրգ, պանիր, տետր, դեղորայք եւ այլն։ Եթե՝ հետիոտնը ցերեկվա ցանկացած ժամին փորձի անցնել ծածկած շուկայի մոտ գտնվող, կամ Երիտասարդական մետրոյի մայթով, հազիվ թե կարողանա, պիտի մտնի փողոց ու շրջանցի մայթ-շուկան։

Սայաթ-Նովայի   փողոցի մայթի  մի  հատվածը  կանաչ սփռոցներով  սեղաններ են, նույն գույնի աթոռներ։

Գյուղատնտեսության եւ պարենի նախարարության շենքին կից մայթին 55 համարանիշով ավտոներ են հպարտ կանգնած։ Բժշկական համալսարանի դիմացի մայթը խառը ապրանքների տոնավաճառ է։ Պարսկական խանութի դիմաց հայկական համարանիշով պարսիկ խանութպանի մեքենան է կանգնած։ «Երեւան» կինոթատրոնից մինչեւ «Հանրապետության հրապարակ» ընկած հատվածը արժեթղթերի եւ ֆինանսական գործարքների կենտրոնն է, ուր խոսակցական բառապաշարը հասցված է նվազագույնի, «դոլար, վաուչեր, ռուսական»։

Երկաթուղային կայարանի մերձակա հրապարակը օրվա որոշ ժամերին գործնականորեն դառնում է անանցանելի։ Դեպի կանգառ կամ հակառակ

ուղղությամբ շտապողները ստիպված են հաղթահարել բազմաթիվ առեւտրային պատնեշներ։

Այո, հետիոտների գործը դժվար է։ Այսպես եթե շարունակվի, պիտի քայլենք փողոցով կամ տանիքների վրայով։

Հիշում եք Իլֆի, Պետրովի հայտնի հերոսին. Պանիկովսկին վճարում էր ամսական 5 ռուբլի ու այդ փողոցի կույրն էր, նրան ոչ ոք բան չէր ասում, եւ նա ազատ կատարում էր իր աշխատանքը։ Երեւանյան մայթերն նույնպես հստակ բաժանված են. ամեն հատված ունի իր մուրացկանը, արեւածաղիկ վաճառողը, լրագրավաճառը եւ այլն։ Մրցակցությունը անհաշտ է, իսկ առանց համաձայնության ուրիշի տարածքում բիզնեսով զբաղվելը՝ վտանգավոր։

Քաղաքի իշխանությունները, իհարկե, որոշ միջոցներ ձեռնարկում են, օրինակ, ծածկած շուկայի մայթով քայլում են երկու բարեհամբույր ոստիկաններ ու արգելում նորեկ վերավաճառողներին, մյուսներին բան չեն ասում, չեն նկատում։ Իսկ երիտասարդական մետրոյի մայթը, իրոք, մի օր մայթություն արեց, բայց դժբախտաբար՝ մի օր միայն։

Չզարմանք, եթե վաղը սեփականաշնորհման գործընթացը հասնի նաեւ մայթերին ու ինչ-որ մեկը, ներդնելով իր վաուչերը, հպարտ կասի. «Այս մայթն իմն է»։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930