Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննություն են տալիս ղեկավարները

Նոյեմբեր 28,1995 13:41

Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության ուսումնական զինավարժություններ անցկացնելու ժամանակը պատահաբար զուգադիպել է ատոմակայանի վերաշահագործմանը, եւ հասարակական տարբեր շրջանակներում տագնապալի շշուկներ են տարածվում, թե այդ երկուսը սերտորեն շաղկապված են։ Նման կարգի խոսակցություններին վերջ տալու, ինչպես նաեւ միջոցառման մասին ժողովրդին ավելի հանգամանալի իրազեկում տալու նպատակով երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում անցկացվեց մամուլի ասուլիս։ Վարչության պետ Ստեփան Բադալյանը լրագրողներին նախ ծանոթացրեց իր ղեկավարած գերատեսչության գործունեության հիմնական ոլորտներին՝ երկրի պաշտպանությունն ու բնակչության անվտանգությունն ապահովող կառավարման մարմինների գործողությունների համակարգում, ղեկավարում եւ հսկում։

Հայաստանը եւս ապահովագրված չէ պատերազմներից, բնական աղետներից եւ, մանավանդ, տեխնոլոգիական վթարներից։ Վերջինները կարող են պայմանավորված լինել ատոմակայանի վերաբացմամբ, որը, գաղտնիք չէ, ներկա աշխարհում մի բացառիկ երեւույթ է։ Ասուլիսում, այս խնդրին առանձին շեշտ հաղորդվեց, իսկ պատասխանողը ԱԷԿ-ի արտակարգ իրավիճակների նորաստեղծ ծառայության պետ Մարտուն Գեւորգյանն էր։ Այդ մասին անհրաժեշտ լրացումներ արեց վարչության պետի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանը։ Սակայն լրագրողական հետաքրքրությունը անընդհատ դառնում էր զինավարժությունների գործնական ծրագրին՝ ի՞նչ կարգով է այն իրագործվելու։ Ստեփան Բադալյանը մանրամասնորեն շարադրեց երկօրյայի ընթացակարգը՝ օդային տագնապի ազդարարում, նախարարների եւ այլ պատասխանատուների հրավիրում վարչապետի մոտ անցկացվելիք նիստին, հանձնարարականների բաշխում եւ այլն։ Արդյո՞ք լրագրողները կարող են «եւ այլնի» ականատեսը լինել: Վարչության պետի առաջին տեղակալ Ռոբերտ Առաքելյանի կարծիքով՝ ոչ միշտ։ Իսկ ընդհանուր առմամբ, այդ հարցը կարծես թե չէր էլ քննարկվել։ Հավանաբար նկատի էր առնվել պետական ու ռազմական գաղտնիքի պահպանման կարեւորությունը։ Բայցեւայնպես, որոշ լրագրողներ (հատկապես դրսի թղթակիցները) պատրաստակամություն հայտնեցին սեփական նախաձեռնությամբ ներկայանալ։ Նրանց հստակ պատասխան չտրվեց, ավելի ճիշտ, ասվեց, որ հարցը կլուծվի տեղերում։

Ինչպես հասկանալի դարձավ ասուլիսը վարողների խոսքից, բոլոր անակնկալների «գաղտնարանը» վարչապետն է լինելու։ Նրան է վերապահված օպերատիվ լրատվության մենաշնորհը։ Այսպես. ոչ մի նախարար կամ ձեռնարկության ղեկավար չպետք է նախօրոք իմանա, թե այդ պահին իրենից ինչ է պահանջվելու։ Նա պարտավոր է առավելագույնս պատրաստ լինել պատասխանելու բոլոր հարցերին եւ դիմելու բոլոր անհրաժեշտ քայլերին։ Ըստ պրն Առաքելյանի՝ «զինավարժությունները ուսումնական բարձրագույն աստիճանի փուլն են, որոնց պետք է մասնակցեն միայն նրանք, ովքեր անցել են նախորդ փուլերը»։ Ասվեց, որ հանրապետության բոլոր ղեկավար աշխատողները այդ «քննությունը» պատվով են հանձնել: Իսկ թե ինչ գնահատական կստանան նրանք ընթացիկ ստուգումից, կհայտնվի լրացուցիչ տեղեկատվությամբ։ Զինավարժությունների 2-րդ փուլը, որը կընդգրկի բնակչությանը, նախատեսվում է անցկացնել 1996-ի առաջին եռամսյակում։

Հ. ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930